10 մլն դրամ տուգանք՝ կայքերի գրանցման ոլորտում ազատ մրցակցությունը սահմանափակելու համար

10 մլն դրամ տուգանք՝ կայքերի գրանցման ոլորտում ազատ մրցակցությունը սահմանափակելու համար
10 մլն դրամ տուգանք՝ կայքերի գրանցման ոլորտում ազատ մրցակցությունը սահմանափակելու համար

Հանձնաժողովին է դիմել «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ը՝ տեղեկացնելով համակարգչային գլոբալ ցանցի «.am» տիրույթում գրանցում իրականացնող տնտեսվարողների միջև հնարավոր հակամրցակցային համաձայնությունների մասին: Բացի այդ, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են «.am» տիրույթում նոր կայք գրանցել, այդ ծառայության համար չհիմնավորված բարձր գին են վճարում:

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ ՀՀ-ում «.am» տիրույթում գործող էլեկտրոնային կայքերի գրանցման և սպասարկման ծառայությունները իրականացնում է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն, որն այս ոլորտում ունի մենաշնորհային դիրք:

Վերոնշյալ ընկերությունը կայքերի գրանցման ծառայությունները սպառողներին մատուցել է մի շարք միջնորդների միջոցով: Տպավորություն է ստեղծվել, որ դաշտում առկա է ազատ մրցակցություն, քանի որ գործում են տասնյակ ընկերություններ:

Սակայն, ուսումնասիրությունները պարզեցին, որ միջնորդներից մեկը՝ «ԷյԲիՍիԴոմենը» տնօրինում է շուկայի ավելի քան 70%-ը: Պարզվեց նաև, որ այս ընկերությունը փոխկապակցված է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի հետ:

Փաստացի, կենտրոնը ստեղծել է այս ընկերությունը՝ երկրոդային, կամ այլ կերպ ասած՝ միջնորդների շուկան վերահսկելու նպատակով: Շուկայի մնացած 30%-ը տնօրինվել է մի շարք այլ միջնորդ ընկերությունների կողմից, որոնք սակայն հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն որոշելու իրենց գնային քաղաքականությունը, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է:

Այսպես. բոլոր միջնորդները ինտերնետային տիրույթում կայք գրանցելու համար սպառողներից գանձել են 12 հազար դրամ, որը ամբողջությամբ վճարել են «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»:

Վերջինը իրականացրել է կայքի գրանցումը, ապա բոլոր միջնորդներին «վճարել» կամ այլ կերպ ասած՝ հետ է վերադարձրել 6 հազար դրամը՝ այսպիսով վերահսկելով վերջինների գործունեությունը: Ստացվում է, որ միջնորդները պարտադրված են եղել սպառողներից գանձել հենց 12 հազար դրամ, որից իրենց բաժին է հասել միայն 6 հազարը. մինչդեռ եթե կենտրոնի կողմից նման քաղաքականություն չիրականացվեր, հնարավոր էր սպառողներին ավելի մատչելի գին առաջարկել:

Այսպիսով, Հանձնաժողովի դիտարկմամբ, «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնը» չարաշահել է իր մենաշնորհային դիրքը՝ սահմանափակելով ազատ մրցակցությունը:

Փաստացի, կայքերի գրանցման ծառայությունները 6 հազար դրամով վաճառել է միջնորդներին, բայց, իր հերթին նաև հիմնադրել է «ԷյԲիՍիԴոմեն» ընկերությունը, որի միջոցով տնօրինել է շուկայի ավելի քան 70 տոկոսը և այս կերպ հավելյալ եկամուտներ ստացել: Իրավախախտ ընկերությունը ենթարկվեց ֆինանսական պատասխանատվության՝ 10 մլն դրամի չափով: Տեղեկացնենք նաև, որ այսօր «.am» տիրույթում գործում է շուրջ 23 հազար կայք, որոնցից յուրաքանչյուրը տարեկան 12 հազար դրամ է վճարում «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով