Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Այսօր՝ հունիսի 29-ին տեսչական մարմինը մշտադիտարկում է անցկացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել մի շարք բենզալցակայաններում և շինանյութի խանութներում: Հիմնականում բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները, դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
Խոշոր առևտրի կենտրոններում տեսչական մարմնի կողմից խախտումներ չեն դիտարկվել:
Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմաբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։