Անցնող մեկ տարվա ընթացքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել որևէ ձախողման, տապալման ու անգործության համար․ «Արդար Հայաստան»

«Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կապակցությամբ․

Հարգելի՛ հայրենակիցներ

2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների կողմից ստորագրված հայատարարությունն ակնհայտ պարտվողական ու ոչ հայանպաստ փաստաթուղթ էր:
Նշված հայտարարությունը ենթակա էր վավերացման ՀՀ Ազգային Ժողովի կողմից, քանի որ այն հանդիսանում է միջազգային պայմանագիր:


Մինչ օրս գործող իշխանության կողմից չի ներկայացվել որևէ հիմնավորում, որ ստորագրված փաստաթուղթը միջազգային պայմանագիր չէ, ավելի՛ն, անգամ եթե ներկայացվեր հիմնավորում, այդ դեպքում պետք է հիմնավորվեր նաև, թե ՀՀ վարչապետը կոնկրետ ո՞ր իրավական ակտով իրեն վերապահված իրավասությամբ է առաջնորդվել այդպիսի փաստաթուղթ ստորագրելիս, ավելի՛ն, պետք է հանրությանը տրվեր հիմնավորում, թե այդ փաստաթուղթն ի՞նչ կարգավիճակ ունի, եթե միջազգային պայմանագիր չէ:

Ստորագրված հայտարարությունը ոչ միայն չի լուծում հայ-ադրբեջանական հակամարտությունը, ավելի՛ն, այսպիսի անարդար հանգուցալուծումը արմատապես հեռու է հակամարտության էությունից և հղի հետագայում նոր պատերազմի բռնկմամբ:


Արձանագրված արդյունքը հետևանք է Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման նախորդ տարիների գործունեության ձախողման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հօգուտ վերջինիս ռազմական հավասարակշռության խախտման, նշված տարիների ընթացքում անհրաժեշտ պաշտպանական ու անվտանգային համակարգի չձևավորման, զինված ուժերի անհրաժեշտ վերազինման բացակայության և ռազմաքաղաքական ոչ համարժեք հետևությունների։
Հարգելի՛ հայրենակիցներ
2020թ. նոյեմբերի նոյեմբերի 9-ից հետո մենք հայտնվել ենք ծանրագույն իրավիճակում:

Ցավոք սրտի, անցնող տարվա ընթացքում հանրությունը չստացավ այն հարցերի պատասխանը, թե, այնուամենայնիվ, հնարավո՞ր էր, արդյոք, խուսափել պատերազմից, թե՞ ոչ, արդյո՞ք գործող իշխանությունների կողմից արվել է հնարավորը՝ պատերազմը կանխելու, իսկ բռնկվելուց հետո՝ պատերազմում հաղթանակ տանելու համար:
Անցնող մեկ տարվա ընթացքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել որևէ ձախողման, տապալման ու անգործության համար:
«Արդար Հայաստան» կուսակցության համար առանցքային է Հայաստանում պատասխանատվության ինստիտուտի վերականգնումը:

Այս համատեքստում գերկարևոր ենք համարում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձևավորումն ու բնականոն գործունեության ապահովումը:
Խորապես համոզված ենք, որ քանի դեռ պատշաճ գնահատական չի տրվել աղետալի պատերազմին, քանի դեռ հանրությունը չի ստացել այն հարցերի պատասխանները, որոնք այսօր հուզում են բոլորիս, հնարավոր չի լինի մտածել ապագայի մասին:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունը հայտվել է աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում, և արցախյան հարցի հետագա զարգացումը ուղիղ համեմատական է մեր վարած բանակցային գործընթացի հետ:
Դժբախտաբար Հայաստանի քաղաքական իշխանությունը չի տալիս այն հարցերի պատասխանները, թե առհասարակ մեր երկիրն այսօր ինչպի՞սի գործընթացի մեջ է ներքաշված, և տարբեր ձևաչափերով իրականացվող բանակցությունները, վերջիվերջո, ինչի՞ն են ուղղված՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու՞ն, երկու երկրների պետական սահմանները հստակեցնելու՞ն, հաղորդակցման ուղիները ապաշրջափակելո՞ւն, Արցախի կարգավիճակը հստակեցնելու՞ն, թե գոյություն ունեցող բոլոր հարցերին իրավիճակային և կիսատ-պռատ լուծում տալուն։

Վերը նշված մտահոգությունը պայմանավորված է այն իրողությամբ, որ հանրությանը մինչ օրս տրված չեն այն հարցերի պատասխանները, թե.

  1. Արդյո՞ք ընդունվել է քաղաքական որոշում՝ Ադրբեջանի հետ իրականացնել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց, թե՞ ոչ։
  2. Եթե այո, ապա Հայաստանն ի՞նչ իրավապայմանագրային հիմքի, ո՞ր թվականների և ու՞մ կողմից կազմված քարտեզների հիման վրա է պատկերացնում նշված գործընթացի կազմակերպումը, և արդյո՞ք այն բխում է մեր շահերից։
  3. Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելուց հետո, ինչպես նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի իրականացման գործընթացի ավարտից հետո կողմերը հաստատում են դիվանագիտական հարաբերություննե՞ր, թե՞ հնարավոր է այդ գործընթացի ավարտից հետո էլ շարունակվեն թշնամական հարաբերությունները։
  4. Այս գործընթացները որևէ կապ ունե՞ն Արցախի կարգավիճակի հստակեցման հետ, թե՞ ոչ, ի՞նչ հավանական ազդեցություն կարող են ունենալ այդ գործընթացի վրա, առավել ևս այն համատեքստում, երբ նրա կարգավիճակի հստակեցման առաքելությունը վերապահված է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա։
  5. Վերը նշված գործընթացների վերջնարդյունքը ենթադրու՞մ է խաղաղության պայմանագրի կնքում Ադրբեջանի հետ, թե՞ քանի դեռ չի հստակեցվել Արցախի վերջնական կարգավիճակը, խաղաղության պայմանագրի մասին խոսելն անիմաստ է․․․
  6. Հնարավո՞ր է, որ վերը նշված գործընթացներն իրագործելուց հետո հետագայում Արցախի կարգավիճակի հստակեցման գործընթացում բարդություններ առաջ գալու պարագայում այս հնարավոր դելիմիտացիան ու դեմարկացիան պարզապես կդառնան ժամանակից շուտ իրականացված քայլեր և մենք կկանգնենք կոտրած տաշտակի առջև և նորից կվերադառնանք դարձ ի շրջանս յուր․․․
  7. «Արդար Հայաստան» կուսակցությունը ՀՀ իշխանություններից պահանջում է հստակեցնել ՀՀ դիրքորոշումները վերը նշված հարցերի կապակցությամբ, միաժամանակ հանրությանը ներկայացնել այն «Կարմիր գծերը», որից այն կողմ ցանկացած քայլ ընդունելի չի լինի հայկական կողմի համար:

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ
09.11.2021թ