Երկու օր առաջ Հայաստանի և Արցախի ընդհանուր թվով 5 նախագահ նստել են մի սեղանի շուրջ՝ «Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված»։ Այսպիսով Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա ոխերիմ իրավահաջորդ Ռոբերտ Քոչարյանը հայտնվել են նույն սեղանի շուրջ։ Ի՞նչը նրանց միավորեց։
Բոլորը, որ գիտեն Ռոբերտ Քոչարյանին, գիտեն, որ այդ մարդն ամեն ինչում ունի միայն սեփական շահ։ Բոլորը, որ գիտեն Լևոն Տեր-Պետրոսյանին, գիտեն, որ այդ մարդը քաղաքականության մեջ անձնական շահեր չունի։ Հաճելի է դա մեզ, թե՝ ոչ, բայց այդպես է։
Լևոն Տեր-Պետրոսյանի համար Արցախի հարցը հենակետային հարց է, որի լուծումից հետո «Սերգո ջանը» լավ կապրի։ Մյուս երեք նախագահներն այս իմաստով՝ ни рыба, ни мясо։ Բայց փաստն այն է, որ բոլորը հավաքվել են մի սեղանի շուրջ և ահա թե ինչու։
Բանակցությունների սեղանը դատարկ է, այնտեղ ոչ մի փաստաթուղթ չկա, սակայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայկական կողմին պլան է առաջարկում՝ հանձնել ազատագրված 5 շրջանները՝ Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը, Ղուբաթլին, Զանգելանը, և դրանից հետո Ադրբեջանի հետ խոսել Արցախի կարգավիճակի մասին։
Ո՞վ պետք է խոսի՝ Նիկոլ Փաշինյանը։ Ինչո՞ւ պիտի Նիկոլ Փաշինյանը խոսի այս մասին։
Որովհետև խոսելը պատերազմից ցանկալի է, որովհետև մենք արդեն պաշտոնապես մոտ հազար զոհ ունենք, որովհետև Թուրքիան է meydan ընկել, որովհետև մենք անվերջ պատերազմել չենք կարող, որովհետև եթե նրանք վերցնեն այդ տարածքները ուժով, բնականաբար, ավելորդ կլինի խոսել այդ 5 տարածքները վերադարձնելու մասին, ավելի շուտ կխոսեն հաջորդ երկու տարածքների և, հնարավոր է նաև՝ Լեռնային Ղարաբաղի վերադարձի մասին։
Թուրք են, մինչև ուժեղ չլինես, չես կարող բան հասկացնել։
Լավ, Նիկոլ Փաշինյանը համաձայն է խոսել այս ամենի մասին, նստել ու Ալիևի հետ քննարկել 5 շրջանների վերադարձը։ Բայց եթե հաջողվեց Ադրբեջանի ախորժակն առժամանակ այդ 5 շրջանով փակել, Նիկոլ Փաշինյանը դառնում է հող հանձնող։ Դա կատակ բան չէ, դու դառնում ես Հայաստանի առաջին ղեկավարը, որը «հող է հանձնել»։
5 նախագահ հող չի հանձնել, նրանցից մեկը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, նույնիսկ գլխավորել է այդ 7 շրջանների գրավումը, և հիմա հեղափոխության առաջնորդը, «Արցախը Հայաստան է և վերջ» մտքի գաղափարախոսը 5 շրջան է հանձնում։ Ո՞ր մի հող հանձնողը հաջորդ ընտրություններին իշխանություն կպահի՝ ոչ մեկը։
Գուցե նույնիսկ դավաճանի պիտակ կպցնեն։ Տեղից վեր կացողը, հատկապես Ռոբերտ Քոչարյանը իր բոլոր արբանյակներով, այս մարդուն կմեղադրեն հող հանձնելու մեջ, կարճ ասած՝ պատերազմը տանուլ տալու և բոլոր հնարավոր մեղքերի մեջ։ Դիցուք, հազար մարդ կորցրեցինք, հողերն էլ՝ հե՞տը։ Փաշինյանը դեպքերի այսպիսի զարգացմանը պատրաստ չէ։
Ոչ թե պատրաստ չէ, դեմ է։ Ոչ թե դեմ է, այլ՝ խելքներդ հո հացի հետ չե՞ք կերել՝ Քոչարյանը հող չհանձնողն է, ես՝ հող հանձնո՞ղը։ Քոչարյանը, տո թեկուզ Սերժ Սարգսյանը, համարյա բանակ են քանդել՝ մեր ազգային հպարտության հաշվին միլիարդավոր դոլարներ կուտակելով, իսկ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որ ոչ մի լումա բանակից չի վերցրել, դարձավ հող հանձնո՞ղ։ Ո՛չ, ընկերնե՛ր։
Ուրեմն ի՞նչ անել։ Մի պարզ բան։ Այս հինգը (իրականում՝ երկուսը՝ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ է խոսել փոխզիջումների անհրաժեշտության մասին, իսկ Ղարաբաղի երկու նախկին նախագահները Հայաստանի երկու ղարաբաղցի նախագահների արբանյակներն են) հավաքվում են ու որոշում, որ վիճակն այնքան օրհասական է (կամ՝ որպեսզի կանխեն օրհասականը), որ Փաշինյանը կարող է տալ այդ 5 շրջանները, իսկ իրենք՝ 5-ը (իրականում՝ 4-ը), պայմանավորվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի դեմ կեղտոտ քարոզարշավ չիրականացնել այն մատուցմամբ, թե վարչապետը և իր թիմը չպետք է մտնեն խորհրդարան, որովհետև համաձայնել են հող հանձնել։
Այսինքն՝ այս 5 նախագահները պայմանավորվում են խորհրդարանի առաջիկա ընտրություններում Ղարաբաղի հարցը չդարձնել թիկունքից հարված Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ ընտրություններում բոլոր 5 նախագահները կամ նրանց թիմակիցները և Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի հարցում որդեգրում են նույն դիրքորոշումը, որպեսզի այս հարցը աթոռ գրավելու պայքարում որևէ մեկին առավելություն չտա։
Սակայն հարց՝ ինչո՞ւ է այդ «5 նախագահների» հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարում, որ գոնե այս փուլում ղարաբաղյան հարցը չունի դիվանագիտական լուծում։ Կարծես թե 5-ով որոշել էին, որ ունի։
Մինչդեռ Փաշինյանն ասում է՝ չունի և ամբողջ հայ ժողովրդին կոչ է անում զինվորագրվել, ինչպես մի անգամ արդեն արել էր։ Զինվորագրվել ինչի՞ն։ 5 շրջանները պահելուն, որոնց մի հատված ադրբեջանցիների զինուժի դաշտում է։ Այսինքն՝ եթե չդիմադրեցինք, մնացածն էլ կտանեն, ու 5 շրջանները վերադարձնելու թեման մեխանիկորեն ասպարեզից դուրս կգա։
Ուրեմն՝ զինվորագրվել այդ շրջանները վերադարձնելուն կամ գոնե եղածը պահելուն։ Բայց տրամաբանական է՝ պետք է պահել, որպեսզի հենց այս շրջանները դարձնել բանակցային թեմա։ Մինդեռ Փաշինյանն ասում է, որ գոնե այս փուլում ղարաբաղյան հարցը չունի դիվանագիտական լուծում։
Այո, բայց մեկ օր հետո վարչապետն ասում է, որ ինքը դեմ չէ, որ հրադադարից հետո շփման գծում տեղակայվեն ռուս խաղաղապահներ։ Գուցե այդ շփման գիծը լինի մինչպատերազմական բնագիծը կամ գուցե մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր ավել-պակաս, բայց վարչապետը բանակցային նոր բնագիծ գծեց՝ ռուս խաղաղապահներ, որոնց Ադրբեջանն ըստ ամենայնի դեմ կլինի՝ Թուրքիայի գործոնով պայմանավորված։
Ոչ մի կասկած, որ սա չի լինելու վերջին զինվորի արյան վերջին կաթիլի կռիվ, կողմերը նստելու են բանակցությունների սեղանի շուրջ ու առաջին անգամ խոսելու են շոշափելի զիջումներից կամ փոխզիջումներից, երկու ժողովուրդներն էլ տեսան, թե ինչ սարսափելի բան է հենց այս պատերազմը, նրանք երկրորդ այսպիսի պատերազմ չեն ուզի։
Գուցե նույնիսկ 5 շրջանները հանձնելու մասին չէ խոսքը, այլ՝ ցանկացած լուծման, որը կօգնի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու։ 5 նախագահները պայմանավորվում են, որ այդպիսի լուծման դեպքում իրենք բոլորն անխտիր պաշտպանում են տարածաշրջանում խաղաղության հասնելու գործում Նիկոլ Փաշինյանի ջանքերն ու վճռականությունը և որևէ պարագայում ներքաղաքական կյանքում նրան չեն հարվածելու թիկունքից Արցախի հարցի լուծման թեմայով։
Այս տարածաշրջանին խաղաղություն է պետք, և Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա այդ խաղաղության դրոշակակիրը։ Ընդ որում՝ առանց իշխանություն կորցնելու։
Մհեր Արշակյան
MediaLab.am