Օրենքը կա, բայց չի գործում. ինչո՞ւ կառավարությանը չի հաջողվում լուծել օդանավակայանում անհատ տաքսի ծառայությունների հարցը

Չնայած «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում անհատ տաքսի ծառայությունների նկատմամբ օրենսդրական վերջին խստացումներին ու սահմանված պահանջներին, որոնք ուժի մեջ են մտել 2022-ի օգոստոսից, դրանք անարգել աշխատում են ու սեփական պայմաններով ծառայություններ առաջարկում Հայաստան ժամանողներին:

Օդանավակայանի ժամանման սրահում մի քանի րոպե կանգնելն ու ուսումնասիրելը բավական է՝ անհատ տաքսիստների աշխատաոճի վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմելու համար: Սրահ մուտք գործող այցելուին մոտենում են տարեց կամ երիտասարդ վարորդներ, կոտրված ռուսերենով առաջարկում «5000-ով հասցնել քաղաք»: Իսկ եթե այցելուն չի համաձայնում, գրեթե վազում են նրա հետևից և փորձում համոզել, մինչև կմտքափոխվի:

Հայաստանի տարբեր ղեկավարներ քննադատել են այս երևույթը, բազմիցս խոսել այն վերացնելու մասին, սակայն որևէ մեկին չի հաջողվել: Այս իշխանությունը նույնպես քննադատեց, մշակեց ու ընդունեց օրենք, որը սակայն մնացել է գզրոցներում ու չի իրագործվում:

Մասնավորապես, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում կատարված փոփոխություններով առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ:

Սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև՝ վարչական պատասխանատվության միջոցներ՝ ոլորտի իրավախախտումների համար:

Բացի այդ, օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչեւ 7 տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աերոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշան ունեցող ավտոմոբիլներ:

Սակայն սա ընդամենը բարի ցանկություն է, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում նման տարբերանշաններով տաքսի ծառայություն հնարավոր չէ գտնել:

Պարզվում է՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը օդանավակայանի տարածքում սահմանված պահանջներով տաքսի ծառայություն մատուցելու լիցենզիա ստանալու համար չեն դիմել:

«Այս պահի դրությամբ լիցենզիա ստանալու որևէ հայտ չունենք»,- ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Նա նաև նշել է, որ հետաքրքրված ընկերություններ եղել են, պայմանների մասին ներկայացվել է, բայց կոնկրետ հայտ չկա:

«Դա մի խայտառակ օրենսդրական նախաձեռնություն էր, որը ես ժամանակին մերկացրել եմ: Նրանք պատճառաբանում էին, թե մրցակցության դաշտ կստեղծվի, ով կուզի՝ կարող է մտնել, ծառայություն մատուցել, սուտ է, որովհետև օդանավակայանի տարածքը սեփական տարածք է, և այնտեղ տաքսիների աշխատելու համար օդանավակայանի տնօրինության հետ պետք է ունենալ պայմանավորվածություն, վճարել խոշոր գումար»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:

Նրա խոսքով՝ կառավարության այդ առաջարկը չի կարող գրավիչ լինել ընկերություններին կամ նույնիսկ անհատ ձեռնարկատերերին, քանի որ օդանավակայանը հսկայական գումարներ է պահանջում այնտեղ ծառայություն մատուցելու համար:

«Եթե օդանավակայանը գները բարձրացրած չլինի ու նախկին ամսական 1.8 մլն դրամը լինի, միևնույն է, ոչ մեկը շահագրգռված չի լինի այդ ծառայությունն իրականացնել, ոչ մեկին ձեռնտու չի լինի, ինչքա՞ն գումար պետք է վաստակեք, որ 1.8 մլն էլ վճարեք օդանավակայանի տնօրենին»,- նշում է Սահակյանը:

Այս պահին, փաստորեն, անհատ տաքսիստները, նրա ներկայացմամբ, կամայական են ծառայություն մատուցում՝ գնում են օդանավի վայրէջքի ժամին, կանգնում ու ուղևոր գրավում:

«Լա՛վ հասկացեք, մեր երկիրը լավն է, բայց օրենք չի աշխատում կամ ընտրովի է աշխատում, պետությունն էլ չկա, որ լծակներ կիրառի, որի հետևանքով նման իրավիճակ է: Մի քանի օր առաջ օդանավակայանում թևիցս քարշ էին տալիս, մի սարսափելի վիճակ է, այսօր օրենքը կա ու չի գործում»,- ընդգծում է Վահագն Սահակյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am