Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվեց 5 ոստիկանի ազատել ծառայությունից

Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։


Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:


Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության յոթ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ մեկ ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից, հինգի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», իսկ մեկ ոստիկանի՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։