Անսովոր, դժվարին, բայց պատվաբեր աշխատանք. Հայաստանում զարգանում է փոխնակ մայրության ինստիտուտը

Անսովոր, դժվարին, բայց պատվաբեր աշխատանք. Հայաստանում զարգանում է փոխնակ մայրության ինստիտուտը
Անսովոր, դժվարին, բայց պատվաբեր աշխատանք. Հայաստանում զարգանում է փոխնակ մայրության ինստիտուտը

Երբ հինգ տարի առաջ ծննդաբերական բարդություններից մահացավ Մարինե Հակոբյանի (անունը-ազգանունը փոխված են) առաջնեկը, իսկ ներքին արյունահոսությունը դադարեցնելու և կնոջ կյանքը փրկելու համար բժիշկները հեռացրին նրա արգանդը, Հակոբյանների ընտանիքը չհուսահատվեց:
Տարիների որոնումները պսակվեցին հաջողությամբ, և զույգն անցյալ տարի դիմեց փոխնակ մայրեր տրամադրող «Առողջ միտք» կազմակերպություն:
Ներկայացված տարբեր թեկնածուների լուսանկարների ու տեղեկությունների ուսումնասիրությունից հետո ամուսիններն ընտրեցին իրենց ապագա երեխայի փոխնակ մորը, որը շուտով լույս աշխարհ կբերի կենսաբանորեն Հակոբյաններից սերող երկվորյակին:
Արհեստական բեղմնավորումը և փոխնակ մայրության տարբեր մեթոդները Հայաստանում օրենսդրորեն հաստատվել են 2003 թվականից, ինչը, ըստ ոլորտի ներկայացուցիչների, հնարավորություն է տալիս արմատապես փոխելու բազմաթիվ ընտանիքների կյանքը:

 

35-ամյա Լիանա Մանուկյանը (անունը-ազգանունը փոխված են) հղիության 9-րդ ամսում է: Նա ուրախ է, որ օգնելու է 23 տարի երեխա չունեցած մի զույգի:

Նա լիովին համապատասխանում է փոխնակ մայր դառնալու պահանջներին: Փոխնակ մայրը պետք է լինի 18-35 տարեկան, ինքնուրույն առնվազն մեկ երեխա ծննդաբերած կին:

Յոթ տարի առաջ մահացել է Լիանայի ամուսինը, և իր երկու դեռահաս երեխաների կրթության խնդիրները հոգալու համար նա որոշել է դիմել անսովոր, դժվարին, սակայն, իր բնորոշմամբ` պատվաբեր այս աշխատանքին:

Ու միայն շաբաթներ տևած բժշկական հետազոտություններից հետո են նրան վստահել որպես փոխնակ մայր հղիությունը կրելու գործը:

Հղիության ամիսներին Լիանան փորձել է որքան հնարավոր է խուսափել բարեկամներից` անհարկի խոսակցություններից զերծ մնալու համար: Իսկ այն տնից, ուր տեղափոխվել է երկու ամիս առաջ, աշխատում է շատ ներս ու դուրս չանել` հարևանների հետ չշփվելու համար:

Օրենսդրությամբ` փոխնակ մոր միջոցով ծնող դառնալ ցանկացողները լրացուցիչ պարտավորվում են քաղաքի մեկ այլ թաղամասում 9 ամսով բնակարան հատկացնել փոխնակ մորը, ինչպես նաև ամսական 100 հազար դրամ աշխատավարձ, վիտամիններով հարուստ սնունդ, երթևեկության համար հարմարավետ պայմաններ` տաքսի կամ վարորդ:

«Իհարկե դժվար է, սակայն ես գիտակցելով եմ ընտրություն կատարել,- ասում է Մանուկյանը: – Եվ քանի որ ինքս երեխաներ ունեմ, ընկալում եմ մարմինս որպես մի անոթ, ուր օգնում եմ մեծանալու մի բալիկի, որն ինձ հետ ոչ մի կապ չունի»:

Մանուկյանը շուտով տղա կծննդաբերի, ով իրավաբանական ձևակերպումներով և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով անմիջապես կփոխանցվի կենսաբանական ծնողներին, որոնց փոխնակ մայրը երբեք չի տեսել:

Հիմնականում փոխնակ մայր-կենսաբանական ծնողներ հանդիպում տեղի չի ունենում` հոգեբանական ճնշումներից խուսափելու համար:

Բժիշկները նշում են, որ այսօր էլ հասարակությունում միանշանակ չի ընդունվում փոխնակ մայրությունը, շատերն անգամ նախընտրում են օտար երկրում փոխնակ մայր գտնել, միայն թե «բարեկամները չիմանան»:

Փոխնակ մոր գաղափարը մերժում է նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, քանի որ, ըստ Աստվածաշնչի, ամուսնության նպատակը որդեծնությունը չէ, այլ միասնական կյանքը:

«Ամուսնական հարաբերությունների ամբողջականությունը, ուր հայտնվում է այլևս երրորդ անձը` ի դեմս փոխնակ մոր, ոտնահարվում է»,- ասում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:

Հայաստանում փոխնակ մայրության ծրագրով երեխա ունենալու համար կրկնակի, նույնիսկ եռակի պակաս գումար է պահանջվում: Եթե Ուկրաինայում ու Ռուսաստանում փոխնակ մայրերի միջոցով երեխա ունենալու համար անհրաժեշտ է 50-70 հազար դոլար, ԱՄՆ-ում` 100-110 հազար, ապա Հայաստանում պահանջվում է 20-30 հազար դոլար:

«Կարելի է սեփական ֆիզիոլոգիական հնարավորություններն օգտագործել ի նպաստ մեկ այլ ընտանիքի: Փոխնակ մայրն էլ հոգեբանական ու բարոյական իմաստով պետք է պատրաստ լինի երևույթին. նա հասկանում է, որ իր երեխան չէ` կենսաբանական առումով, այդ երեխային չի տալիս իր ձվաբջիջը, նա ընդամենը միջավայր է, որի մեջ զարգանում է բեղմնավորված սաղմը»,- ասում է փոխնակ մայրության մասնագետ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Դավիթ Մխիթարյանը:

Ըստ Մխիթարյանի` փոխնակ մայր դառնալու ցանկություն հայտնած մարդկանց կայուն թիվ չկա, քանի որ փոխնակ մայրը կարող է մի օրվանից մինչև մեկ տարի սպասել, նույնն էլ` կենսաբանական ծնողների դեպքում է:

Հանրապետությունում փոխնակ մայրության ծրագիր են իրականացնում «Շենգավիթ» և «Մարգարյան» բժշկական կենտրոններում: Գրանցված վիճակագրությամբ` երկու հիվանդանոցներում տարեկան 2-8 երեխա է ծնվում փոխնակ մայրության ծրագրի շրջանակներում:

Փոխնակ մայրության գործընթացների մեջ ներգրավված մարդիկ նշում են, որ դժվար է գտնել փոխնակ մայր, ում գիտակցությունն այնքան է զարգացել, որ հասկանում է` գումար վաստակելով` ինչ-որ ընտանիքի էլ երջանկացնում է:

«Սա շատ զգայուն և պատասխանատու ոլորտ է, ուր ամեն մանրուք պետք է հաշվի առնել»,- ասում է այս դաշտում մասնագիտացած փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանի գնահատմամբ` Հայաստանում փոխնակ մոր ինստիտուտի կայացման գործընթացը «լավ հունով» է գնում:

Նրա խոսքով` վերջին շրջանում փոխնակ մայրերին դիմելու մարդկանց ակտիվությունը ոգևորող է, չնայած ծառայությունը բավական թանկ է ու հարմար չէ մեծ մասի գրպանին:

«Եթե ստեղծվեր մի ֆոնդ, նաև սփյուռքի աջակցությամբ, որը կֆինանսավորեր արտամարմնային բեղմնավորումն ու փոխնակ մայրերին, զարկ կտրվեր ոչ միայն ծնունդների թվի աճին, այլ նաև երջանիկ ընտանիքների ավելացմանը,- համոզված է Ավագյանը: – Քանի որ շատ ընտանիքների համար թե ֆիզիոլոգիական և հատկապես ֆինանսական առումով երեխա ունենալը այդպես էլ մնում է երազանք»:

Փառանձեմ Հովհաննիսյան

Դիանա Գալստյան

© Medialab.am