Պատերազմը Էլինայից խլել է երեք եղբայրներին. «Երկու շաբաթը մեկ՝ մի զոհ ենք տվել, հարված հարվածի հետևից»

«Երկու շաբաթը մեկ՝ մի զոհ ենք տվել»,- ցավով ու կսկիծով ասում է 23-ամյա Էլինա Դոլուխանյանը, որը պատերազմում կորցրել է երեք եղբայրներին՝ հարազատ եղբորը՝ 20-ամյա Էդգար Դոլուխանյանին, հորաքրոջ տղային՝ 31-ամյա Հայասեր Հոփսեփյանին և մորաքրոջ տղային՝ 23-ամյա Յուրի Հայրապետյանին։

Էլինան ասում է՝ էն, ինչ կատարվել է իրենց ընտանիքի հետ, ուղղակի դաժան երազ է թվում։

«Հարված հարվածի հետևից, անտանելի էր։ Ամուսինս որ վիրավորվեց, հետը խոսեցի, չէի հավատում, որ գոնե ինքը փրկվել ա»,- հուզմունքից խոսքը չի կարողանում շարունակել Էլինան։

Էլինայի հարազատ եղբայրը՝ Էդգար Դոլուխանյանը, ժամկետային զինծառայող է եղել, հակատանկային բրիգադի ավագ օպերատոր, ավագ սերժանտ կոչումով։

Արցախյան պատերազմի ժամանակ մասնակցել է Կարախամբեյլիի թեժ մարտերին։ Հայրենիքը պաշտպանելիս ընկել է հոկտեմբերին 9-ին։

Էլինա Դոլուխանյանը՝ հարազատ եղբոր՝ Էդգար Դոլուխանյանի հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Էլինայի մորաքրոջ տղան՝ Յուրի Հայրապետյանը, պայմանագրային զինծառայող է եղել։ Պատերազմի ժամանակ վիրավորվել է, սակայն հրաժարվել է մարտի դաշտից դուրս գալ, երկրորդ անգամ ծանր վիրավորում է ստացել և զոհվել։

Նկարում՝ Յուրի Հայրապետյանը եղբոր՝ Էդգար Դոլուխանյանի հետ։
«Մորքուրիս տղեն որ եկավ հուղարկավորությանը, ասել էր՝ ամաչում եմ, որ ես ողջ եմ, իսկ Էդգարը՝ ոչ։ Ի՜նչ իմանար, որ երկու շաբաթից էլ ինքը պիտի զոհվեր։ Տաքություն ուներ, հիվանդ էր, բայց գնաց դիրքեր, ասեց՝ ախպորս վրեժը պիտի լուծեմ»։

Էլինայի հորաքրոջ տղան՝ մասնագիտությամբ ուսուցիչ Հայասեր Հոփսեփյանը, կամավոր է մեկնել պատերազմ։ Զոհվել է ռմբակոծության հետևանքով, երբ փորձել է ընկերոջ կյանքը փրկել։ 

Նկարում ՝ Հայասեր Հոփսեփյանը։
«Հորքուրիս տղեն պատերազմի մասին շատ սիրուն բանաստեղծություններ ունի, ոնց որ էդ տողերից զգացվի, որ ինքը հենց հայրենիքի համար ա զոհվելու։
Մի գրքույկ տպագրվել ա, հորքուրս ուզում ա զբաղվի մյուսի տպագրությամբ»

Էլինան ասում է՝ եղբայրների զոհվելուց հետո ոչ մի սփոփանք չկա, ամեն ինչ դատարկ ու անիմաստ է թվում: 

«Մեր բարեկամներից հենց էդ երեքն էին առաջնագծում, մնացածը փոքր են, հենց երեքն էլ զոհվեցին։ Այլևս լիարժեք ոչ մի բան չեմ պատկերացնում էս կյանքում»,- հուզվում է նա։

Առաջին հարվածը եղել է հարազատ եղբոր զոհվելու մասին լուրը, օրեր անց զոհվել են մյուս եղբայրները:

«Դաժը երեխես ինձ չէր օգնում, հույս չէր տալիս, չէի ուզում գրկեի, ոչ մեկին տեսնեի։ Էդգարից հետո երբ մյուս եղբայրներիս մասին իմացա, արդեն քար էի դարձել»,- կրկին հուզվում է Էլինան։ 

Ասում է, հոկտեմբերի 9-ին, երբ հարազատ եղբայրը չի զանգել, սկսել են փնտրել, փորձել որևէ կերպ տեղեկություն ստանալ: 

«Կեսօրին ա եղել դեպքը, էդ օրը, որ չզանգեց, պապաս չերեզներով, զոռով, մի կերպ էնտեղից մի աֆիցերի հետ կապվեց, թե բա՝ Դոլուխանյան էդգարի հայրն եմ, էդ մարդն անջատեց, էլ բան չխոսաց… Պապաս արդեն զգաց, որ մի բան ա էղել: Հիվանդանոցներն ընկած ման էինք գալիս։ 3 օրից գտանք մորգում, մեր գյուղում հուղարկավորեցինք՝ Մարտունի շրջանի Խնուշինակ գյուղում»։

Քույրն ասում է, որ մի վայրկյան չէին կասկածում, որ նման դեպք կկատարվի եղբոր հետ, նշում է, որ շատ հավատով էին ու մտածում էին, որ Էդգարին որևէ բան չի լինի:

«Պապաս 92-ի պատերազմի 3-րդ կարգի հաշմանդամ ա՝ ձախ ձեռքի երկու մատը և ափի կեսը չկա: Հիմա որ խոսացնում եմ, ասում ա՝ միշտ էլ մտածել եմ, որ պատերազմում վիրավորվել կլինի, երկու ոտ կտրվել կլինի, բայց որ էս կարգի հարված կհասներ, չէինք պատկերացնում։

Ես ու մայրս մտածում էինք, որ իրա մազն էլ չի ծռվի, էնքան հավատքով էինք, մերոնք շատ Աստծուն հավատացող, բարի մարդիկ են, ու սաղ էլ ասում էին՝ իրան բան չի լինի»,- նշում է Էլինան։

Էլինան հարազատ եղբորը մասին պատմելիս ասում է, որ շատ համեստ էր, անգամ տանկ էր խփել, նույնիսկ՝ մի քանի հատ, բայց թաքցրել էր, չէր հայտնել:

«Պապան ասել ա՝ ա՛յ տղա, էսքան լսում ենք՝ տանկ են խփում, մի հատ էլ դու խփի, սիրտս հովանա, ու էդ ժամանակ նոր խոստովանել ա՝ պա՛պ, խփել եմ։ Էդ մի տանկը գիտենք, բայց իրա հետ Հայաստանից կամավորականներ են եղել, իրան Դոլուխ են ասել, ասում էին՝ շատ կոնկրետ կոորդինատներ էր տալիս ու մի քանի տանկ ա խփել, բայց մենք միայն էդ մի տանկը գիտենք։

Պատմում են՝ տանկը խփելիս էնքան ա ուրախացել, որ սաղավարտ, բրոնիժիլետ՝ սաղ հանել, շպրտել ա ուրախությունից»,- ասում է Էլինան։

Քույրն ասում է, որ եղբայրն օրինակելի էր ամեն հարցում՝ ուսման մեջ, մարդկային հարաբերություններում, իր բոլոր գործողություններում։ Դպրոցում օլիմպիադաների է մասնակցել, մրցանակներ ստացել, ուզում էր իրավաբան դառնալ։

«Էդգարը դպրոցում օլիմպիադայում առաջին թե երկրորդ տեղն էր գրավել, պետք ա նախագահը պարգևատրեր: Տնօրենն էլ էր Էդգարի հետ գնացել էդ պարգևատրմանը ու կատակով ասում էր՝ լավ ա, Էդգարն էլ կա, նախագահականի տեղն էլ իմացանք: 

Ինքը իդեալական էր ամեն ինչում։ Դասից գալիս էր, պայուսակը դեռ ուսից նոր հանած՝ տնայիններն էր գրում, շատ պարտաճանաչ էր։ Սաղ համատեղում էր՝ դաս, գործ՝ պապային էր օգնում բանջարանոցում, այգիներում։

Ուսուցիչների համար առաջին աշակերտն էր։ Որպես լավագույն աշակերտ 10 օր Ծաղկաձորում ա անցկացրել, Հայաստանի տեսարժան վայրեր գնացել»։

Էլինան ասում է՝ ընտանիքում երեք երեխա են, բայց միշտ էլ իմացել են, որ Էդգարը ամեն ինչով առանձնանում էր:

«Պապաս, մամաս միշտ ասում էին՝ ինքը յուրահատուկ ա, ու մենք չէինք էլ նեղվում, որովհետև էդ իրոք տենց էր։ Շատ հարգանքով էր բոլորի հետ։ Մի տատ ունենք գյուղում, միայնակ կին ա, որ բան էր պետք լինում, թաղի երեխեքին ասում էր, նրանք ականջի հետև էին գցում: Երբ Էդգարն իմանում էր, նեղանում էր, ասում էր՝ տա՛տ, որ բան ա պետք լինում, միանգամից ինձ ասա, գիտես, որ քո խոսքը իմ համար օրենք ա: Երբ Հադրութ էինք գնում, էդ տատը Էդգարի համար միշտ իր այգուց բերք էր դնում»,- կարոտով ու ջերմությամբ հիշում է քույրը:

Էլինան ասում է, որ եղբոր հետ կապված երազանքներ ունեին, որ եղբայրը սիրած աղջիկ ունենա, ամուսնանա, երեխաներ ունենա, հայրն էլ տղային կայացած իրավաբան էր պատկերացնում: Էլինան ցավով ընդգծում է՝ բոլոր երազանքները փուչ դարձան։

«Ճիշտ ա, ես երեխա ունեմ, բայց պապան միշտ երազում էր, որ իր տանը թոռ ծնվի, Էդգարին հետ պայմանավորվել էին, որ եթե տղա ունենա, անունը պետք ա Մոնթե դնեին՝ հերոս Մոնթեի պատվին։ Բայց որ հարցնում էինք՝ ա՛յ տղա, ընկերուհի չունե՞ս, ասում էր՝ է՛հ ու կարմրում։ Ընկերներն ասում էին, որ ուներ, ասել ա ՝ զորացրվեմ, պիտի ամուսնանամ, բայց չգիտենք՝ էդ աղջիկն ով ա, մեզ չի ասել»,- պատմում է քույրը։

Էլինան ամուսնու հետ որոշել է, որ եթե տղա ունենան, անպայման եղբոր անունն է դնելու։ Ասում է՝ գոնե այդպես կփորձի սփոփանք գտնել:

«Եղբորս հուղարկավորության օրը ամուսինս ու ես խոսք ենք տվել, որ պարտադիր տղա ունենանք, իրա անունն ենք դնելու։ Հոգուս պարտքն ա՝ 9 ամսական տղայիս, որ մեծանա, ու հետագայում, որ ուրիշ երեխաներ էլ ունենամ, նրանց պատմեմ իրա մասին, մյուս եղբայրներիս մասին»,- հուզվում է քույրը։

Էլինան նշում է, որ հարազատների համար հատկապես ծանր է ու դժվար, որ տղաները զոհվել են, բայց հողերն էլ հակառակորդի վերահսկողության տակ են անցել:

«Երեխեքը իրենց կյանքը զոհեցին, բայց հողերը չկան, ախպորս պահած Հադրութը չկա, մամաս ասում ա՝ ոնց որ երեխուս էլի կորցնեմ, որ Հադրութը չկա։ Գոնե կիմանայինք՝ հանուն ինչի են զոհվել»։

Էլինան ասում է՝ կորստի ցավը երբեք հաղթահարել չի պատկերացնում։ 

Եղբայրների կորուստը մի մեծ անդունդ է առաջացրել հոգում:

«Մինչև կյանքիս վերջն էլ չեմ համակերպվի։ Ամուսնուս տատը 90-ականներին էլի եղբայր ա կորցրել, հարցնում եմ՝ համակերպվե՞լ ես, ասում ա՝ չէ՛, համարյա 30 տարի ա անցել։ Ես հույս եմ տալիս, որ մահից հետո կյանք կա, որ գոնե էդ ժամանակ իրար կտեսնենք»,- դեմքն ափերով փակում է Էինան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am