«Դեպքերն ավելացան, երբ բարերը բացվեցին». Նառա Ալեքսանյանը՝ Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի շեշտակի աճի ու նոր կանոնների մասին

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում շաբաթ առ շաբաթ կանոնների խստացում է տեղի ունենում։ Քաղաքը կորոնավիրուսով վարակվածների բարձր թվի պատճառով հայտնվել է «կարմիր գոտում»։ 

«Կորոնավիրուսի հետ կապված հիմա մեզ մոտ ավելի է խստացվել։ Երկուշաբթի օրվանից նոր սահմանափակումներ են լինելու, 10 մարդուց ավելի չպետք է մասնակցի խնջույքների, մեծ խնջույքի սրահները փակել են, որ մեծ խնջույքներ չլինեն։ Սպասում ենք, շատ խոսակցություններ կան, որ նորից կարանտին կլինի, ու նորից կնստենք տներում»,- «Մեդիալաբին» պատմում է Թուլուզ քաղաքում բնակվող Նառա Ալեքսանյանը։

Ըստ worldometers.info-ի՝ Ֆրանսիայում վերջին 24 ժամում գրանցվել է վարակվածության 15797 նոր դեպք: Համեմատության համար նշենք, որ օգոստոսի 26-ին այդ թիվը 5429 էր, այսինքն՝ դեպքերը եռակի աճել են:

Ընդհանուր վարակակիրների թիվը Ֆրանսիայում սեպտեմբերի 26-ի դրությամբ կազմել է 513034, կորոնավիրուսից մահերի թիվը 31661 է, առողջացել է 94891 մարդ: 

Ըստ Նառա Ալեքսանյանի՝ քաղաքում վարակի դեպքերը կրկին թափ առան հիմնականում երիտասարդների անզգուշության և կանոնների անտեսման պատճառով։

«Դեպքերն ավելացան, երբ բարերը բացվեցին։ Ես քաղաքի կենտրոնում եմ ապրում ու ամեն օր տեսնում եմ էդ վիճակը։ Հենց բարերը բացվեցին, երիտասարդությունն իրար շատ մոտ էր նստում, սեղանները շատ մոտ էին դրված, խմում էին մինչև գիշեր, ու ոչ մեկն էլ չէր պահում սոցիալական հեռավորությունը, դրա համար էլ շատանում էր։ Հիմնականում երիտասարդների մոտ է շատացել, որովհետև շատ ուշադրություն չեն դարձնում ու երևի մտածում են, որ վիրուսը կեղծ է, դրա համար էլ առանձնապես ուշադրություն չեն դարձնում»,- ասում է Նառա Ալեքսանյանը։

Ալեքսանյանն ասում է, որ ըստ նոր սահմանափակումների՝ պետք է ժամը 22։00-ից հետո բոլոր սննդի, զվարճանքի կենտրոնները, խանութները փակ լինեն․ «Ոչ մի բան չպիտի աշխատի, որպեսզի երիտասարդության կուտակումներ չլինեն, չխմեն ու չմոռանան էդ կանոնները»,- ասում է նա։

Ալեքսանյանը նշում է, որ ընդհանուր առմամբ մարդիկ սովորել են իրավիճակին, վախեցած չեն, դիմակ պարտադիր կրում են՝ դրսում և ներսում, ձեռքերը ևս պարտադիր ախտահանում են, մեծերն ավելի զգուշավոր են՝ ի տարբերություն երիտասարդների․ «Ճիշտ է, կարմիր գոտում ենք, բայց չեմ նկատել, որ մարդիկ վախեցած լինեն, ընդհանուր առմամբ հանգիստ է, բոոլորը հասկանում են իրավիճակը, երիտասարդությունն է հիմնականում, որ չի պահում, ուտում-խմում են ու ոչ մի կանոն չեն պահում»։

Ալեքսանյանը նշում է, որ պետական կառույցները այն աշխատանքը, որ հնարավոր է, օնլայն են իրականացնում, բողոքներ, դիմումներ, հարցումներ օնլայն են իրականացվում։

Ասում է, որ ցանկացած փակ տարածք մտնելիս մուտքն առանձին է, ելքը՝ առանձին, որպեսզի մտնողն ու ելնողը չհանդիպեն։ «Խանութ մտնելիս ևս անպայման պետք է դիմակով լինել, ձեռքերը ալկոգելով մաքրել, նոր խանութ մտնել»։

Նառա Ալեքսանյանը պատմում է, որ դպրոցներն ու նախակրթարանները գործում են սովորականի պես, մինչև 11 տարեկան երեխաները առանց դիմակի են նստում դասերին, 11-ից բարձրերը՝ դիմակով։

«Իմ տղան նախակրթարան է գնում, ուղղակի մտնելուց և դուրս գալուց պետք է ձեռքերը անպայման լվանալ։ Սպասասրահում երկու ծնողից ավելի չպետք է լինի, հերթը հիմնականում դրսում ենք պահում։ Իսկ դպրոցներ, նախակրթարաններ հատուկենտ են փակում, երբ հայտնաբերվում է, որ հիվանդ մարդ կա էդտեղ»,- նշում է նա։

Ալեքսանյանն ասում է, որ իր ընտանիքն անձամբ խուսափում է մարդաշատ վայրեր գնալուց ու մեծ խնջույքների մասնակցելուց ու հնարավորինս պահպանում է կանոնները: 

«Ինձ թվում է՝ բոլորն արդեն հասկացել են, որ դիմակը պետք է անպայման կրել ու ձեռքերը շատ ախտահանել, մենք հնարավորինս փորձում ենք հետևել կանոններին: Ինչը մեզանից հասնում է՝ անում ենք, ինձ թվում է, որ էստեղի երիտասարդությունն էլ որ դա պահեր, վիրուսի այս երկրորդ ալիքը չէր լինի»,- ընդգծում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am