«Ֆիզգորոդոկ»-ում շենքի կառուցումը կասեցվել է. քաղաքապետարանում հանդիպում է ընթանում բնակիչների հետ

Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում (հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ») 12-հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչներ ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի առջև:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, շենքի բնակիչների ներկայացուցիչները հանդիպում են քաղաքապետարանի պատասխանատու անձանց հետ: Տարածքում բնակվող քաղաքացիները պնդում են, որ շենքի կառուցումն հակաօրինական է:

«Մեր բարձրացրած աղմուկից հետո պետական կառույցները սկսել են տեղից շարժվել` կասեցվել են աշխատանքները Բնապահպանության նախարարի կողմից: Նա ծանոթացել է փաստաթղթերին և տեսել, որ կառուցապատման աշխատանքները ՇՄԱԳ փորձաքննություն չեն անցել: Պետք է փորձաքննություն իրականացվի:

Բացի դրանից քաղաքապետարանի կողմից հրավեր է եղել, և մեր մի խումբ բնակիչներ իրավաբանների հետ ներսում են և ներկայացնում են կառուցումը դադարեցնելու բոլոր փաստացի հիմքերը»,- ասաց բնակիչներից մեկը:

Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տրամադրել կառուցապատողին, այս ընթացքում թաղամասի մի խումբ բնակիչներ պայքարել են բազմաբնակարան շենքի կառուցման դեմ: