Ադրբեջանը դեռ կշարունակի մանևրել․ Ստեփան Գրիգորյանը՝ Բայրամովի հայտարարությունների մասին.Factor

Ինձ համար հիմք չէ Ադրբեջանի ԱԳ նախարարի ասածը, նրանք կա՛մ սուտ են խոսում, կա՛մ մանիլպուլյացիա են անում։

Factor.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, կատարում է հաղորդակցությունների բացման շուրջ իր պարտավորությունները։

«Ադրբեջանի պահվածքը վստահություն չի ներշնչում․ մի բան ասում են, այլ բան՝ անում։ Կարծում եմ՝ Ադրբեջանը դեռ կշարունակի մանևրել, ասել, որ իրենք պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիր։ Նրանք դա անում են, մինչև ավարտվի Հաագայի դատարանում պրոցեսը։ Նրանք հիմա նման կեցվածք են ընդունել, քանի որ հասկացան, որ Հաագայի դատարանում կարող են պարտվել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Գորդոն Գրլիչ-Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, թե Ադրբեջանը կատարում է հաղորդակցությունների բացման շուրջ իր պարտավորությունները։

«Հայկական կողմը ևս գործնական քայլեր պետք է ձեռնարկի այդ ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ հավելելով, թե հույս ունի, որ հայկական կողմից ստացվող դրական ուղերձները նաև գործնական արդյունքներ կտան։ Բայրամովը, սակայն, չի մանրամասնել, թե Բաքուն կոնկրետ ինչ քայլեր է արել հաղորդակցությունների բացման ուղղությամբ, այն դեպքում, երբ պարբերաբար խոչընդոտներ է ստեղծում։

Ստեփան Գրիգորյանը մատնանշեց, որ Բաքվում պատերազմից հետո բացված Ռազմավարի պուրակից հանվել են որոշ ցուցանմուշներ, որոնք ապացույցն էին հայերի նկատմամբ Ադրբեջանում ատելության մթնոլորտի տարածման։

«Մենք միշտ ասել ենք, որ հարցը պետք է տեղափոխել միջազգային հարթակներ։ Շատերն ասում էին՝ «ի՞նչ է լինելու այդ դեպքում»։ Տեսա՞ք՝ ինչ արդյունք եղավ, փոխվեց հռետորաբանությունը։ Ադրբեջանի արտգործնախարարը հիմա նպատակ ունի մեղմացնել իրենց նկատմամբ վերաբերմունքը Հաագայի դատարանում, որ չպարտվեն»,- ասաց նա։ Ստեփան Գրիգորյանը տարօրինակ համարեց Բայրամովի պնդումը, թե իրենք կատարում են իրենց պարտավորությունները։

«Նրանք բոլոր գերիներին վերադարձրե՞լ են։ Նրանք չե՞ն կրակում մեր խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Կրակո՛ւմ են, սպանո՛ւմ են։ Կարո՞ղ է՝ չեն մտնում Հայաստանի տարածք, առաջ չեն գալիս։ Նրանք խախտել են բոլոր պարտավորությունները»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե որքանով են համոզիչ աշխարհի համար Ադրբեջանի հայտարարությունները, քաղաքագետը նախ նկատեց, որ մենք ի սկզբանե չէինք աշխատում միջազգային հանրության հետ։

«Մենք պատերազմի ժամանակ չենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, չենք դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին, երբ ադրբեջանցիները մտան Սյունիք և Գեղարքունիք։ Եթե դիմեինք, աշխարհն իր խոսքը կասեր։

Հիմա, բարեբախտաբար, սկսել ենք աշխատել աշխարհի հետ, և դրա վկայությունն է Հաագայի դատարան դիմելը»,- ասաց նա։

Ավելի՝ factor.am-ում: