Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ․ ՇՄ նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․

Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են» վերտառությամբ գրառման` հայտնում ենք հետևյալը.

Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում ՀՀ տարածքում։

«Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։ Այնտեղ մինչ պատերազմն իրականացվել են նաև սահմանների երկայնքով, հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել։ Կից ներկայացվում է նաև «Սոսու պուրակ» պետական արգելավայրի առաջին սահմանասյան լուսանկարը, որը մինչ պատերազմը, ըստ սահմանային կոորդինատների՝ տեղադրվել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին և որը սահմանային փոփոխության չի ենթարկվել:Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց: