Սեպտեմբերի 3-ից յոթ օրվա մեջ Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք բարձրակարգ 3G համակարգ, իսկ սակագները աստիճանաբար կնվազեն․ Արցախի նախագահ

Վաղվանից յոթ օրվա մեջ Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք բարձրակարգ 3G համակարգ, իսկ 4G համակարգ Ստեփանակերտում ու մեծ բնակավայրերում արդեն ծրագրվում է առաջիկայում, հիմնականում՝ մյուս տարի։ Այդ մասին այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով, դա երկար բանակցությունների արդյունք է։ «Մինչև հրաժարականս դրանից օրեր առաջ եղել եմ Լիբանանում և հանդիպել եմ Տելեկոմի միակ սեփականատեր Պիեռ Ֆաթուշի հետ։ Մենք համատեղ մշակել ենք ճանապարհային քարտեզ, որը թույլ է տալու Արցախում ունենալ բարձրակարգ կապ և մատչելի սակագներ։

Նախընտրական փուլում հայտարարել եմ, որ ամիսների ընթացքում ունենալու ենք Հայաստանի կապի որակին համապատասխան կապ։ Իհարկե, աշխատանքները պետք է սկսած լինեին մայիս-հունիս ամիսներին, բայց կորոնավիրուսի պատճառով սարքավորումները եկել են Արցախ, բայց մասնագետները չեն եկել։

Ղարաբաղ-տելեկոմի մասնագետների հետ հեռավար բանակցելով արդեն այս գիշեր վերագործարկելու են նոր կայանները։ Շատ երկար ու ծանր է եղել», -հավելեց Արցախի նախագահը։

Ըստ Հարությունյանի, ինքը դիմել է Հայաստանում կապի և հեռահաղորդակցության ոլորտում երեք պերատորներին, սակայն մերժում է ստացել։ Արդյունքում եզրակացրել է՝ նոր օպերատորը որևէ առավելություն Արցախին չի տալու, հակառակը՝ լինելու են ավելի մեծ բարդություններ։

Անդրադառնալով կապի սակագներին, Արայիկ Հարությունյանն ասաց, որ Արցախում լինելու է Հայաստանի որակի կապ Հայաստանի գնին համապատասխան։

«Հունվարի 1-ից կտրուկ լինելու է առաջին նվազեցումը, երկրորդը՝ հունիսի 1-ից, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից ունենալու ենք Հայաստանի գներին համապատասխան կապ»,- հայտարարեց նա։