Դեռևս չպարզված անձը կրակոցներ է արձակել «Էրեբունի պլազա» հյուրանոցում։ Ըստ նախնական հաղորդագրության, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղի ունեցածը խստորեն դատապարտելի է՝ անկախ կատարվածի շարժառիթից ու պատճառներից։
Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Այս միջադեպը, բացի ուղղակի հանցագործություն լինելուց, օբյեկտիվորեն առաջացրել է քաղաքական քննարկումներ, քանի որ այդ նույն շենքում տեղակայված է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, ինչպես նաև նրա անվան հետ կապվող հեռուստաընկերությունը»,- նկատեց պատգամավորը։ Բաբաջանյանն ասաց, որ սա լրջագույն ահազանգ է։
Ահազանգ է առաջին հերթին ՀՀ իրավապահ մարմիններին, ուժային կառույցներին, դատական իշխանությանը, որոնք շարունակում են իրենց անդեմ, անատամ գործունեությունը՝ պարարտ հող ստեղծելով Հայաստանում ընդհուպ ահաբեկչությանը շատ նման հանցագործությունների կատարման համար։
Այս կրակոցները պետք է սթափության ահազանգ լինեն Հայաստանի իրավապահ մարմինների համար»,- ասաց նա։ Բաբաջանյանը նշեց, որ 2018 թվականին ՀՀ-ում տեղի է ունեցել հեղափոխություն։
«Ըստ ամենայնի՝ Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս որոշ ուժեր չեն կարողանում համակերպվել այդ աննանխադեպ իրողության հետ և անում են ամեն ինչ արյուն թափելու համար։ Սա լրջագույն մարտահրավեր է Հայաստանի պետության և հասարակության առաջ»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.