«Ինչո՞ւ ես միլիոնատեր չեմ, իսկ Ռոբերտ Քոչարյանը միլիոնատեր է»․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Radio France Internationale-ին տված հարցազրույցում անդրադարձել է Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող իրավական գործընթացներին՝ պատասխանելով դրանց հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ հարցին։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանին՝ Փաշինյանը նշել է, որ նրա առնչությամբ քրեական գործ կա նաև Ֆրանսիայում։

«Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Ֆրանսիայի կառավարությունը Սամվել Կարապետյանին քաղաքական հետապնդումների է ենթարկում»,- հարց է հնչեցրել վարչապետը։

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին՝ Փաշինյանը հիշեցրել է, որ նրա նկատմամբ վաղուց քրեական գործ է հարուցված, այդ թվում՝ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ։

Վարչապետն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Մարտի 1-ի գործով որոշմանը՝ պնդելով, որ դրանում արձանագրվել է այդ ժամանակաշրջանում գործող պետական մարմինների պատասխանատվությունը։

Փաշինյանը հարց է բարձրացրել նաև նախկին նախագահի ունեցվածքի ծագման վերաբերյալ։

«Ռոբերտ Քոչարյանը ամբողջ կյանքում եղել է պաշտոնյա, 10 տարի զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, և արդյունքում նա ունի առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլարի սեփականություն։ Ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ»,- ասել է վարչապետը։

Նա իր պաշտոնավարման հետ համեմատություն է անցկացրել՝ նշելով, որ ավելի քան ութ տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո ինքը միլիոնատեր չէ։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին՝ Փաշինյանը հայտարարել է, որ 2018 թվականի հեղափոխության պատճառներից մեկը նախկին իշխանությունների օրոք ենթադրյալ կոռուպցիայի և պետական միջոցների յուրացման վերաբերյալ հասարակության դժգոհությունն էր։

Վարչապետի պնդմամբ՝ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող մի շարք անձինք մինչ այժմ խուսափել են պատասխանատվությունից՝ ապօրինի հովանավորչության և դատաիրավական համակարգում պահպանված կապերի պատճառով։

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ևս վերահաստատել են արդարության և արդարադատության հաստատման իրենց պահանջը։

«Հայաստանի ժողովուրդը պետք է իմանա, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ինչպես են իրենց միլիոնները կուտակել»,- ընդգծել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում գործում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգը, որի շրջանակում, իր խոսքով, պետությանը և համայնքներին վերադարձվում է նախկինում ապօրինի օտարված գույքը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք նշված անձանց նկատմամբ դատական գործընթացները քաղաքական որոշման հետևանք չեն, վարչապետը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է համապատասխան քաղաքական կամք։

Նա ընդգծել է, որ Հայաստանի հակակոռուպցիոն համակարգի բարեփոխումներն իրականացվել են նաև եվրոպական գործընկերների հետ համագործակցությամբ։

Փաշինյանի խոսքով՝ այդ համագործակցության արդյունքում ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն, որի գործունեությունը պետք է հանգեցնի կոնկրետ արդյունքների։

Վարչապետը նաև քննադատել է դատական գործերի ձգձգումները՝ պնդելով, որ ֆինանսական մեծ միջոցներ և նախկին կապեր ունեցող որոշ անձինք կարողանում են ազդեցություն գործել դատական գործընթացների վրա։

Նրա գնահատմամբ՝ դատական համակարգում դեռևս պահպանվում են նախկին իշխանությունների հետ կապեր ունեցող դատավորներ, ինչը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը։

Փաշինյանը նշել է, որ այդ խնդիրները ևս պատճառներից են, որոնցով իշխանությունը հիմնավորում է Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը։