Թրամփի վարչակազմն ավելի շատ հետաքրքրված է զուտ տնտեսական շահույթով ԱՄՆ-ի համար, իհարկե քաղաքական մոտիվներ ևս կան. Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, հաշվի առնելով հնչող հայտարարությունները, ԱՄՆ նախագահի բացահայտ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում, կխնդրեմ գնաhատեք հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս փուլը:

– Սա առաջին դեպքը չէ, երբ նախագահ Թրամփը ընտրություններից առաջ աջակցում է գործող իշխանության ներկայացուցչին, բայց մինչև Թրամփը, սովորաբար ԱՄՆ-ում, եթե լինում էր աջակցություն, ապա լինում էր անուղղակի ու ոչ սոցցանցերի միջոցով: Նախագահ Թրամփին բնորոշ է ոչ ավանդական քաղաքական գործչի վարվելակերպ: 

Ինչ վերաբերում է հարաբերություններին. հարաբերությունների ինտենսիվ բարելավումը սկսվել է դեռ 2022-ի վերջին 2023 թվականին, երբ ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավվեց հայ-ադրբեջանական բանակցություններում: Մենք տեսանք, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում բավականին ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում, ունեցանք խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, Վաշինգտոնյան համաձայնագիրը, որով նախատեսվում է «Թրամփի ուղու» կառուցումը:

Այս տարվա մայիսի 26-ին էլ ունեցանք պետքարտուղարի այցը, որը Հայաստանում անցկացրեց մոտ մեկ ժամ, բայց հասցրեց ստորագրել երեք փաստաթուղթ. նախաստորագրվեց TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը, ստորագրվեց հուշագիր հազվագյուտ մետաղների մատակարարման ու արդյունահանման հետ կապված համագործակցության վերաբերյալ ու ստորագրվեց համապարփակ ռազմավարական համագործակցության հռչակագիր: 

Եթե 2025-ի հունվարին ստորագրվեց Ռազմավարական համագործակցության հռչակագիր, ապա հիմա ստորագրվեց Համապարփակ ռազմավարական համագործակցության հռչակագիր, ու այս երկու փաստաթղթի միջև կա տարբերություն: Առաջին փաստաթղթի մեջ ավելի շատ են շեշտադրումները ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, բարեփոխումներին, իսկ նոր փաստաթղթում այդ հղումները էականորեն նվազեցրել են, ու այդ առումով շատ ավելի գործնական տեսք ունի: Բացի այդ՝ ընդլայնվել են ոլորտները, շատ ավելի մանրամասն են խոսում պաշտպանական համագործակցության մասին, ավելացել է այնպիսի ոլորտ, ինչպիսին տիեզերքում համագործակցությունն է: 

Եթե նայում ենք մյուս կարևոր հուշագիրը՝ հազվագյուտ մետաղների հետ կապված, ապա, ինչպես հայտնի է, հազվագյուտ մետաղները շատ մեծ դեր ունեն ինչպես թվային տեխնոլոգիաների զարգացման գործում, որտեղ դրանք օգտագործվում են կիսահաղորդիչների, միկրոպրոցեսորների արտադրության մեջ, այնպես էլ առաջատար ռազմական տեխնոլոգիաների կայացման գործում:

ԱՄՆ-ն ցանկանում է անել ամեն ինչ, որպեսզի նվազեցնի իր կախվածությունը Չինաստանում արդյունահանվող ու մշակվող հազվագյուտ մետաղներից, ու այս առումով նրանք հետաքրքրված են Հայաստանում առկա հազվագյուտ մետաղներով ու նաև TRIPP-ով, որը կապում է Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ ու նաև քննարկումներ, որ Կենտրոնական Ասիայում զգալի քանակությամբ այդ հազվագյուտ մետաղներից կան, հետևաբար Միջին միջանցքը, այդ թվում նաև TRIPP-ը, որը կարող է դառնալ Միջին միջանցքի մաս, կարևոր դեր կարող է խաղալ, եթե ոչ Հայաստանից այդ հազվագյուտ մետաղների արտահանման գործում, ապա Կենտրոնական Ասիայից Հայաստանի տարածքով հազվագյուտ մետաղների արտահանման գործում: 

Եթե փորձեմ ամփոփել, ապա մենք տեսնում ենք, որ սկսած 2022-ի վերջից 2023-ի սկզբից հայ-ամերիկյան հարաբերությունները ինտենսիվ զարգանում են թե՛ Բայդենի և թե՛ Թրամփի վարչակազմերի օրոք ու նաև ստանում են որոշակի իրավապայմանագրային հիմք: 

– Իսկ համաձա՞յն եք այն քննարկումներին, ըստ որոնց Թրամփի հիմնական նպատակը ոչ թե Հայաստանի անվտանգությունն ապահովելն է, այլ իր սեփական նավթը TRIPP-ով դեպի Եվրոպա դուրս հանելը:

– Նախ սկսենք նրանից, որ ցանկացած պետություն առաջին հերթին, բնականաբար, հոգ է տանում իր շահերի համար: Երկրորդ՝ ես վստահ չեմ, թե ինչ նավթի մասին է խոսում նախագահ Թրամփը, որովհետև եթե խոսում ենք Կենտրոնական Ասիայի մասին, ապա այնտեղ նավթ ունեցող հիմնական պետությունը Ղազախստանն է, ու այժմ նավթը Ղազախստանից հիմնականում արտահանվում է Ռուսաստանի տարածքով դեպի միջազգային շուկաներ, ու նոր-նոր Ղազախստանը սկսել է օգտագործել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։ 

Որոշ քանակությամբ ղազախական նավթ Կասպից ծովով հասնում է դեպի Բաքու ու այնտեղից արդեն այդ գործող նավթամուղով գնում է դեպի Եվրոպա: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կասպից ծովի մակարդակն տարեցտարի իջնում է, գնալով ավելի ու ավելի բարդ է դառնում խոշոր նավերի, այդ թվում նաև լցանավերի օգտագործումը Կասպից ծովում, ինչն օբյեկտիվորեն նվազեցնում է Ղազախստանից Կասպից ծովով դեպի Ադրբեջան ու այնտեղից արդեն այդ նավթամուղով կամ տեսականորեն Հայաստանի տարածքով խոշոր ծավալների նավթի արտահանումը դեպի եվրոպական շուկաներ:

Այսօր ասել, որ առաջիկա տարիներին հնարավոր է կազմակերպել նավթի կամ գազի խոշոր ծավալների տեղափոխում Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, այդ թվում նաև TRIPP-ի միջոցով, ես դրա համար լուրջ հիմքեր չեմ տեսնում: 

Այլ բան է այդ հազվագյուտ մետաղների խնդիրը, որոնք հիմնականում կարող են տեղափոխել նաև երկաթուղով: Ակնկալել, որ նավթի կամ գազի խոշոր պաշարներ, խոսքը ղազախական նավթի ու թուրքմենական գազի մասին է, են արտահանվելու Հայաստանի տարածքով, մասնավորապես, TRIPP-ով ու գնալու են Եվրոպա, գոնե մինչև 2030 թվականը ես էական հիմքեր չեմ տեսնում: 

– Պարո՛ն Պողոսյան, մյուս խթանը, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ հարաբերությունները լավացնում է, ըստ որոշ տեսակետների, այն է, որ ԱՄՆ-ն նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից: Այդպե՞ս է:

– Քանի որ դա Բայդենի օրոք ԱՄՆ-ի հիմնական նպատակն էր, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, ԱՄՆ դիրքորոշումը շատ հստակ էր՝ ամեն կերպ բարդացնել Ռուսաստանի կյանքը, այդ թվում նաև նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային տարածաշրջանում, այդ թվում Հարավային Կովկասում, այդ թվում Հայաստանում: Այնպես որ առնվազն 2022, 2023, 2024 թվականների համար ես լիովին կհամաձայնեի, որ դա ԱՄՆ-ի հիմնական նպատակներից մեկն էր Հայաստանում կամ Հարավային Կովկասում: 

Հաշվի առնելով, որ վերջին մեկուկես տարում Թրամփի վարչակազմը կարծես թե գոնե փորձում է խոսել ռուսների հետ, իհարկե պետք է ընդունենք, որ էական արդյունքներ առայժմ չկան, բայց ամեն դեպքում կա տարբերություն Թրամփի ու Բայդենի վարչակազմերի միջև:

Հետևաբար, եթե Բայդենի վարչակազմի հիմնական խնդիրներից մեկը Հարավային Կովկասում Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելն էր, պնդել, որ դա ևս Թրամփի վարչակազմի հիմքում է, մի փոքր բարդ կլինի: Թրամփի վարչակազմը ավելի շատ հետաքրքրված է ԱՄՆ-ի համար զուտ տնտեսական շահույթով, իհարկե քաղաքական մոտիվներ ևս կան: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am