Ռուբիոն հայտարարել է Հայաստանի հետ ԱՄՆ-ի «հիանալի նոր հարաբերությունների» մասին

Նախօրեին ԱՄՆ կառավարության կաբինետի նիստի ընթացքում պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի կարգավորումից հետո Վաշինգտոնը Հայաստանի հետ «հիանալի նոր հարաբերություններ» է ձևավորել։

Ռուբիոն նշել է, որ Հայաստան կատարած կարճ այցի ընթացքում նախաստորագրվել է «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին» նախաձեռնությունը։

«Սա կարևոր հենասյուն է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնության համար, որին Դուք կարողացաք հասնել»,- ասել է Ռուբիոն՝ դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Նա նաև հայտնել է, որ կողմերը ստորագրել են ռազմավարական ներգրավվածության և կարևորագույն հանքանյութերի ոլորտին վերաբերող հուշագրեր։

Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները երկար ժամանակ գտնվել էին լճացած վիճակում, սակայն այժմ նոր փուլ են մտնում։