«Նիկոլն ունի իմ ամբողջական և լիակատար աջակցությունը». Թրամփի հայտարարությունը՝ ընտրություններից առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցություն է հայտնել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ՝ անվանելով նրան «մեծ ընկեր և առաջնորդ»՝ նշելով, որ նա իր երկիրը դարձնում է «ուժեղ, հարուստ և շատ անվտանգ»։

«Նիկոլը լիովին կիսում է խաղաղության և բարեկեցության իմ տեսլականը Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելել է Հայաստան, որտեղ առաջ է մղել երկու երկրների համար կարևոր մի շարք նախաձեռնություններ։ Նրա խոսքով՝ շուտով ԱՄՆ-ն և Հայաստանը միասին կսկսեն «Միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղու» իրականացումը, որը, ըստ նրա, «կփոխի Հարավային Կովկասը և կօգնի ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ»։

«Այս պատճառներով Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար»,- հայտարարել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ Փաշինյանի աջակցությամբ ԱՄՆ-ը, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան «կհասնեն ավելի մեծ բարձունքների, քան երբևէ»՝ ավարտելով հայտարարությունը «Դարձնենք Հայաստանը կրկին մեծ» կարգախոսով։

Թրամփի հայտարարությունը հնչում է ընտրություններից օրեր առաջ և պարունակում է Նիկոլ Փաշինյանի վերընտրմանն ուղղված բացահայտ աջակցություն, ինչը կարող է դիտարկվել որպես արտաքին միջամտություն ընտրական գործընթացում։

Ընտրություններից օրեր առաջ օտարերկրյա առաջնորդի բացահայտ աջակցությունը գործող վարչապետին կարող է անհավասար պայմաններ ստեղծել ընտրապայքարում՝ իշխանությանը տալով լրացուցիչ քաղաքական և քարոզչական առավելություն։