Մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը:

Փառատոնի բացման առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնի խոսքը կազմակերպիչներին, մասնակիցներին, ժյուրիին, արվեստագետներին և հյուրերին է փոխանցել նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

«Այս տարի նշվում է «Կին» միջազգային կինոփառատոնի հոբելյանական 20-ամյակը, որն իրավամբ իր ուրույն տեղն ունի հայաստանյան մշակութային կյանքում: Ուրախալի է այն փաստը, որ այս տարիների ընթացում փառատոնը հաստատել է ոչ միայն իր կենսունակությունը, այլև զարգացել է, ընդլայնել աշխարհագրությունը և նախանշել շարունակականության միտումներ: Փառատոնի կարևորությունը հաստատում է ոչ միայն այն փաստը, որ մեկ հարթակում կին արվեստագետները ներկայացնում են իրենց ստեղծագործական աշխատանքները, այլև նրանց հնարավորություն է ընձեռվում վեր հանել այնպիսի խնդիրներ, որոնք արդիական են, հուզում են հասարակությանը և ցույց տալիս կնոջ դերը ժամանակակից աշխարհում»:

Սվետլանա Սահակյանը նախարարի անունից մեկ անգամ ևս շնորհավորել է բոլորին փառատոնի հոբելյանի կապակցությամբ և մաղթել ստեղծագործական վերելք ու հաջողություններ:

Փառատոնի բացմանը Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում ցուցադրվել է «Կինը հայ կինոյում» ֆիլմը՝ նվիրված հայ կին կինոռեժիսորների անցած ճանապարհին։

Նշենք, որ փառատոնն իրականացվում է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: Հոբելյանական այս կարևոր իրադարձությանը նվիրված միջոցառումների շրջանակում կցուցադրվեն նաև խորհրդային և հետխորհրդային տարիների կին ռեժիսորների՝ Արշա Օվանեսովայի, Սեդա Պումպյանսկայայի, Ռուզաննա Ֆրանգուլյանի և Մարիա Սահակյանի ֆիլմերը։

Փառատոնի ծրագրերում կներկայացվի 53 ֆիլմ 20 երկրից։ Մրցութային ծրագրից բացի՝ առանձին ծրագրում կցուցադրվեն նաև փառատոնի հյուրերի ֆիլմերը:

Այս տարի առաջին անգամ փառատոնի ավարտին կշնորհվեն «Լավագույն խաղարկային ֆիլմ» և «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակները։

Ֆիլմերը ցուցադրվելու են բնօրինակ լեզվով, հայերեն թարգմանությամբ և անգլերեն ենթագրերով։

Ֆիլմերի ծրագիրը հասանելի է kinfestival.com կայքում:

Փառատոնի բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։