Զինվորի հոգեկան տրավմաներով լրջորեն պետք է զբաղվել, այն ազդում է ողջ հասարակության հոգեկան առողջության վրա. հոգեբան

Ստեփանակերտ։ Լուսանկարը՝ «Նյու Յորք Թայմզ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է զինվորների հետ աշխատող հոգեբան Մարինե Սահակյանը

– Պատերազմից երեք ամիս անցել է, և զինվորների, հատկապես վիրավոր զինվորների ռեաբիլիտացման խնդիր կա: Ի՞նչ քայլեր պետք է մշակվեն, արդյոք արվո՞ւմ է ամեն ինչ նրանց այդ վիճակից դուրս բերելու համար: 

– Պատերազմի հենց հաջորդ օրվանից ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի բոլոր հոգեբաններով օր ու գիշեր աշխատել ենք զինվորական հոսպիտալում՝ առանց հանգստյան օրերի։ 

Տիրապետում եմ այդ ամբողջ մթնոլորտին, էներգետիկային: Հիմա էլ արդեն ոչ թե զինվորական հոսպիտալում, այլ ԵՊՀ կենտրոնում, դարձյալ բացառապես կամավորության սկզբունքով, շարունակում ենք համագործակցությունը: Գրեթե բոլոր տղաներն ունեն լուրջ հոգեկան տրավմաներ: 

Հիմա արդեն ոչ միայն իմ զինվորներն են ինձ դիմում, այլ նաև այն տղաները, որոնք վերադարձել են պատերազմից, բայց վիրավոր չեն։ Դիմում են նաև վիրավոր տղաներն իրենց ընկերների համար։ 

Վերջերս վիրավոր տղաներից մեկը դիմեց իր ընկերոջ համար, խնդրեց զբաղվել նրանով։ Այն, ինչի միջով անցել են նրանք, նրանց հոգեկանը չի կարող չարձագանքել։ Այսինքն՝ խնդիրն այնքան ծայրահեղ է, հոգեկանի արձագանքներն այնքան սուր են, որ ինքն իր մաշկի վրա ինչ-որ բաներ է զգացել, ուզում է իր ընկերն էլ զգա։ Բոլորն ունեն ծանր սթրեսային խանգարումներ։ 

Մենք հիմա մեր աշխատանքն այնպես ենք կազմակերպում, որ հետագա բարդություններից խուսափենք, որովհետև բոլոր ժամանակների բոլոր երկրների պատերազմներն անցել են այս փուլերով։ 

Մենք չենք կարող խուսափել բարդություններից, բայց մեր խնդիրն է գոնե նվազագույնի հասցնել դրանք։ Անչափ շատ կուզեմ, որ դրանով զբաղվեն իրապես սրտացավ մարդիկ, ոչ թե զինվորին դարձնեն բիզնեսի առարկա, այլ իսկապես պետք է հասկանալ, որ զինվորը բարձր անհատ է, անվտանգության երաշխավոր, և ոչ թե զինվորին օգտագործեն հովանավոր գտնելու, նեղ շրջանակներում փողային հարցեր լուծելու, այլ իսկապես մտածել զինվորի հոգեկան առողջության մասին, որովհետև զինվորի հոգեկան առողջությունը փրկում է ճակատագրեր։ 

Նա ընտանիքի անդամ է, հայր, մայր, բարեկամներ ունի, հասարակության անդամ է, նաև մեր բոլորի՝ որպես հասարակության անդամի հոգեկան առողջության վրա հետք թողնող անձ է: Ի վերջո, մենք պատերազմող երկիր ենք, մեր խաղաղությունը շատ փխրուն է, և ապագա զինվորների համար որքան կարևոր է այսօրվա զինվորի՝ հայրենիքի պաշտպանի հոգեկան առողջությունը։ 

Այսինքն՝ սա շատ բազմաճյուղ խնդիր է և ողջ հասարակության հոգեկան առողջության վրա ազդեցություն ունի։ Այս անչափ բարդ խնդրի լուծումը իսկապես պետք է տրամադրվի պրոֆեսիոնալների և այնպիսի պրոֆեսիոնալների, որոնք չեն ցուցադրում իրենց, այլ իսկապես զբաղվում են կարևոր խնդրով։ 

Սա վտանգավոր պահ է, և երկրի անվտանգության հարցն է, զինվորի առողջությունից է կախված երկրի անվտանգությունը։ Այս երկուսը նույն հարթության վրա գտնվող խնդիրներ են։ Բացի այս ամենից, մեր երախտագիությունը պետք է հայտնենք նրանց։

– Ընտանիքը, հասարակությունը ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ցուցաբերեն զինվորին։ Ընտանիքում միջանձնային շփումները ինչպե՞ս պետք է լուծվեն։

– Չպետք է մոռանանք, որ թիկունքը ևս ուժեղ սթրեսորների է ենթարկվել։ Այսօր նայեք փողոցում, խանութում մարդիկ ինչպես են խնամքով, արցունքախառն դիմավորում զինվորին, հասարակությունն իր երախտագիտությունն է հայտնում նաև ենթագիտակցորեն, հասկանում է, որ այս 20 տարեկան տղան իր համար է ամեն ինչ արել, հասարակությունն անտարբեր չէ հայրենիքի պաշտպանի նկատմամբ։ Հասարակությունն իր բարոյական վերաբերմունքով պետք է աջակցի, իսկ զինվորի հոգեկան առողջությամբ հոգեբանը պետք է զբաղվի։ 

Սա բարդ ու վտանգավոր խնդիր է, և րոպե անգամ չի կարելի ուշացնել: Մենք գերկարևորում ենք այս խնդիրը, և առաջիկայում նոր կենտրոն կբացվի, որը բացառապես կզբաղվի զինվորների հոգեկան խնդիրներով։ 

– Ապացուցված է, որ պատերազմից հետո ընտանեկան բռնություններն ավելանում են։ Ի՞նչ է սպառնում Հայաստանին այս մասով։

– Գիտեք՝ տրավմայի հաղթահարումն ինքը ուղեկցող հիվանդություններ ունի, հիվանդություններից մեկն էլ կարող է լինել ագրեսիվությունը, տագնապային գրոհը և այլն: 

Եվ որպես պաշտպանական հակազդեցություն՝ նա ագրեսիվության վարքային դրսևորում է ունենում։ Դրա համար ողջ հասարակության հետագա առողջության համար կարևոր է զինվորի նկատմամբ գերհոգատար լինելը, հոգեկան առողջության խնդիրը շատ արդիական է: 

Այո՛, կան վիճակագրական տվյալներ, որ պատերազմից հետո ավելանում են ընտանեկան բռնությունները, և եթե մենք հիմա դրա դեմը չառնենք, լուրջ հետևանքներ կունենանք։

Պետության ձեռնարկած քայլերը որքանո՞վ են բավարար։

– Մինչև հիմա ես որևէ աջակցություն չեմ տեսել: Մեկ տասնյակից ավելի սպա և զինվոր այցելուներ ունեմ, ԵՊՀ-ում մենք բացառապես անվճար հիմունքներով ենք աշխատում զինվորների հետ, որևէ այլ երկրում նման բան չկա: 

Արդեն հինգերորդ ամիսն է՝ մենք ցուցաբերում ենք այդ աջակցությունը բացառապես անվճար։ Պետք է պետության ձեռնարկած միջոցները ձևական չլինեն, այլ նպատակային։ Հուսանք, որ այդպես կլինի, բայց մինչև օրս որևէ աջակցություն այդ մասով չկա: 

Մանե Հարությունյան

MediaLab.am