«Պաշարման մեջ ըլլալով, Հալեպում ամեն ինչը տակավին էժան էր, քան այսօր Հայաստանում». սիրիահայ

«Պաշարման մեջ ըլլալով,  Հալեպում ամեն ինչը տակավին էժան էր, քան այսօր Հայաստանում». սիրիահայ
«Պաշարման մեջ ըլլալով, Հալեպում ամեն ինչը տակավին էժան էր, քան այսօր Հայաստանում». սիրիահայ

Վիգեն Քաբաքյանն ընդամենը երկու ամիս առաջ է Հալեպից տեղափոխվել Հայաստան, ու չնայած, ինչպես ինքն է ասում, այստեղ ապրուստը թանկ է, որոշել է հաստատվել հայրենիքում: 

Ասում է՝ Հայաստանից ոչ մի այլ երկիր չի պատրաստվում մեկնել, միայն կվերադառնա Հալեպ, եթե պատերազմը վերջանա:

«Անշուշտ, սիրում ենք Հայաստանը, բայց բայց մենք ապրելու հեշտ պայմաններուն սովոր ենք, կվերադառնանք Սիրիա, եթե պատերազմը վերանա»,- «Մեդիալաբին» ասում է Վիգեն Քաբաքյանն ու կարոտով հիշում Հալեպը, այնտեղ թողած իր ծնողներին, դստերն ու մեծ առանձնատունը:

Մասնագիտությամբ ինժեներ Վիգեն Քաբաքյանը Հայաստան է եկել կնոջ հետ, ասում է Երևանում հաստատված սիրիահայ ընկերներն են կանչել, շինարարությունում գործ առաջարկել, ինքն էլ դժգոհ չէ վարձատրությունից:

Երևանում  մեկ սենյականոց բնակարան է վարձակալել, որը չի կարող փոխարինել Հալեպի իր վեց սենյականոց առանձնատանը, բայց դժգոհ չէ: Միայն սրտում տագնապ ու վախ կա՝ Հալեպում ամունացած դուստրն ու ծնողները, հարազատները կրակի տակ են:

Պատմում է, որ մեծ դժվարությամբ են հասել Հայաստան, քանի ճանապարհները փակ են, իսկ Հալեպում, իրավիճակը գնալով սրվում է:

«Իրավիճակը վատ էր, պայթյուններ, թաղամասերը ռմբակոծվում էին, էլեկտրականության հարցն է սուր: Միշտ կրակոցներ կան, Հալեպում քիչ մը ավելի խիտ են կրակոցները»,- ասում է նա:

Ասում է` գիտի, որ Հայաստանում 90-ական թվականներին առանց լույսի գոյատևել են, նույնը այսօր պատերազմի մեջ գտնվող Սիրիայում է, զարմանում ու հարցադրում է անում.

«Ո՞նց կարելի է առանց հոսանքի ապրել»:

Վիգեն Քաբաքյանը պատմում է հալեպահայների մասին, ասում, որ նրանցից շատերն են երազում Հայաստան գալ, բայց չգիտեն ինչպե՞ս՝ գումար չունեն, ճանապարհները փակ են:

«Շատ հայեր կուզեն գալ Հայաստան, կզգամ, որ նախանձ աչքով կնայեն Հայաստան եկողներուն, թե՝ երանի մենք ալ կարենանք երթանք, երանի մեր պայմաններն էլ թույլ տային, որ երթայինք: Մեզի համար արդոք կարելի չէ՞ գտնել ճանապարհներ, մեծաթիվ ժողովուրդ կա Հալեպում, որ ուղղակի կփափագի Հայաստան գալ, լքել Հալեպը: Մարդիկ անճարակության մեջ են: Թուրքիան կամ Հորդանանը, որ կանչեցին սիրիացիներուն, վրանի տակ ապրեցուցեցին իրենց, բայց կերակրեց, խմեցրեց, տաքացրեց: Եթե Հայաստան գան, թող վրաններու մեջ ապրին, պստիկ խրճիթներու մեջ ապրին, բայց փափագը, որ ելնեն այդ երկրեն, այդ միջոցը չկա: Այդ միջոցը չմտածվեցավ, չձեռնարկվեցավ Հայատանի կառավարության կողմեն: Սփյուռքի նախարարուհին կխոստովանե, որ Հայաստան պետության կարողություններեն մեծ բան է մեր պահանջածը»,- ասում է Վիգենը:

Նա նշում է, որ սիրիահայերն այսօր Սիրիայում պաշարվածի ու բանտարկվածի հոգեբանությամբ են ապրում:

Ու չնայած Սիրիայում պատերազմ է, բայց այս օրերին այնտեղ սննդամթերն ավելի էժան է քան Հայաստանում, նկատում է Վիգեն Քաբաքյանը:

«Կյանքի տարբերությունը Սիրիայում և Հայաստանում մեծ է, Սիրիան արտադրող երկիր է՝ միրգ, բանջարեղեն շատ էժան կարելի էր գտնել: Մի կապ մաղադանոսն այստեղ այս օրերուն արժե 1.5 կիլոգրամ կարտոֆիլի գնին հավասար, սա մեզի համար քիչ մը անտրամաբանական է: Մեր քովը բանջարեղենն ու կանաչեղենը շատ-շատ առատ էր: Ամենասուղ վիճակում, պաշարման մեջ ըլլալով,  Հալեպում ամեն ինչը տակավին էժան էր, քան այսօր Հայաստանում»,- նշում է նա ու զարմանում, թե ինչո՞ւ է այդպես, որ գյուղատնտեսություն ունեցող Հայաստանում ամեն ինչ այսքան թանկ է:

Հայաստան եկած սիրիահայերի չլուծված խնդիրները, նրա խոսքով, աշխատանք գտնելն ու բնակարան ունենալն է: Աշխատանք չունենալու դեպքում սիրիահայերը մեծ դժվարություններ են կրում այստեղ, քանի որ, ինչպես Վիգեն Քաբաքյանն է ասում, իրենք սովոր են հեշտ կյանքի:

Թեև տարբեր բարեգործական կազմակերպություններ Հայաստանում ապրող սիրիահայերին օժանդակություն են տրամադրում, սակայն Վիգեն Քաբաքյանի խոսքով, ոչ բոլորն են կարողանում օգտնվել այդ օգնությունից:

«Որ ազգականիս տուն կերթամ, կըսեն՝ լսեցինք օգնություն բաժնել են, գնացինք ստանալու, կըսեն՝ վերջացել է: Դրամական օժանդակությունը որոշ մարդոց հասել է, որոշ մարդոց չի հասել: Բաժանումը ինքնաբերաբար անարդարության պատկեր կներկայացնե: Այստեղ ապրող 10-11 հազար սիրիահայից 200-300 հոգի են ստանում օգնություն, մյուսները վիրավորվում են: Չգիտենք՝ ում հանցանք է սա: Ես չեմ ասում, թե բաժանողները կուլ կուտան գումարները, իրենց գրպանները կըլցնեն, բաժանման սիստեմայի մասին է  իմ դժգոհությունը»,- ասում է նա:

Սիրիայից Հայաստան բնակության տեղափոխված սիրիահայերի թիվը ներակայումս կազմում է ավելի քան 11 հազար: Չնայած պատերազմին, Սիրիայում շարունակվում է  բնակվել 45 հազար հայ:

Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի

Մարի Ներսեսյան

© Medialab.am