Պետությանը նախորդ տարի պատճառվել է 3 մլրդ դրամի գույքային վնաս, վերականգնվել է 699 միլիոնը

Ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը 2021-ին կազմել է մոտ 3 միլիարդ դրամ, որից վերականգնվել է 699 միլիոն դրամը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

Այվազյանը նախ հայտնեց, որ Հայաստանում 2021 թվականին ձերբակալվել է 806 կասկածյալ: 2020 թվականին այդ թիվը եղել է 903: «1625 մեղադրյալի նկատմամբ 2021 թվականին միջնորդություն է ներկայացվել դատարաններին՝ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար, իսկ 2020 թվականին այդ թիվը կազմել է 1630: Դատարանների կողմից 2021 թվականին բավարարվել է այդ միջնորդություններից 1386-ը, իսկ 2020-ին՝ 1407-ը»,-ասաց նա:

Անդրադառնալով պետությանը պատճառված գույքային վնասին՝ նա ասաց. «2021 թվականի ընթացքում ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է մոտ 3 միլիարդ դրամ, իսկ 2020 թվականին այն կազմել է մոտ 2,8 միլիարդ դրամ, որից վերականգնվել է 699 միլիոն դրամը, իսկ 2020-ին ՝մոտ 1 միլիարդ դրամը»,-ասաց Այվազյանը:

2021 թվականին կալանք է դրվել մեղադրյալների՝ մոտ 2 միլիարդ դրամ արժողությամբ գույքի վրա, իսկ 2020 թվականին այդ թիվը կազմել է մոտ կես միլիարդ: