Բաքվի դատարանը շիրակցի ևս 13 ռազմագերիների 6 տարվա ազատազրկման է դատապարտել

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է շիրակցի 13 ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով հերթական դատական նիստը, գրում է Factor.am-ը։

Այն ընթացել է դատավոր Ազադ Մեջիդովի նախագահությամբ։ Հայտարարվել է դատաքննության ավարտի մասին։ 13 հայ գերիներն են՝ Ռաֆիկ Կարապետյանը, Հրայր Թադևոսյանը, Գուրգեն Գալոյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բաղրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արման Դիլանյանը, Մանուկ Մարտոնյանը, Մելս Անբարտանյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ֆելիքս Գրիգորյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստում դատախազը ելույթ է ունեցել ու խնդրել, որ հայ գերիներին վերագրվող 214․2․1, 214․2․3  (ահաբեկչություն), 279․2 (անօրինական զինված խմբերի ստեղծում) հոդվածները հանվեն մեղադրանքից։ Պետմեղադրողը հայ գերիների համար պահանջել է պատիժ 318․2  (սահմանի անօրինական հատում) և 228․3 (զենք, զինամթերքի անօրինական ձեռքբերում, պահում, տեղափոխում) հոդվածներով։ Դատախազը պահանջել է հայ գերիներին դատապարտել 7 տարվա ազատազրկման և պատժի կրումից հետո արտաքսել Ադրբեջանից։ Այնուհետ ելույթ են ունեցել հայ գերիների փաստաբաններն ու խնդրել դատարանին արդարացնել նրանց։ Դատարանն էլ հրապարակել է դատավճիռը, ըստ որի՝ հայ գերիներից յուրաքանչյուրը դատապարտվում է 6 տարվա ազատազրկման։ Նրանք իրենց պատիժը կրելու են ընդհանուր ռեժիմի գաղութում։ Դատավճռում նաև նշվում է, որ պատժի կրումից հետո հայ գերիները պետք է Ադրբեջանից արտաքսվեն։

Հավելենք, որ նախօրեին էլ Բաքվի դատարանը հայ ռազմագերիների մեկ այլ խմբի էր դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայող գերեվարվեց Ադրբեջանի կողմից։ Բաքուն նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր է հարուցել՝ Հայաստան գերիների վերադարձը խոչընդոտելու համար։