«Ուզում են աղքատ մարդկանց խայծ տալով՝ գայթակղել, որպեսզի պետության պաշտպանության խնդիրները լուծեն». Արթուր Սաքունց

«Ուզում են աղքատ մարդկանց խայծ տալով՝ գայթակղել, որպեսզի պետության պաշտպանության խնդիրները լուծեն». Արթուր Սաքունց
«Ուզում են աղքատ մարդկանց խայծ տալով՝ գայթակղել, որպեսզի պետության պաշտպանության խնդիրները լուծեն». Արթուր Սաքունց

Բանակի վերաբերյալ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջ քաշած մոդելների հիմնավորվածությունը պետք է ներկայացվի հանրությանը, ինչը չի արվում: «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ազգ-բանակի շրջանակներում Վիգեն Սարգսյանի արած առաջարկներին: Ըստ Սաքունցի՝ իրականում նման առաջարկներ առաջ քաշելու պատճան այն է, որ զինված ուժերը գրավիչ չեն ծառայության համար, և երկրում ունենք ժողովրդագրական լուրջ խնդիրներ:

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը բանակում ծառայության վերաբերյալ երկու մոդել է դրել շրջանառության մեջ: Առաջին մոդելով նախատեսվում է ծառայության ժամկետի երկարաձգում՝ 2-ից դարձնելով 3 տարի: Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ:

Ծառայության ավարտին նրանց անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն դրամ:

Երկրորդ մոդելով նախատեսվում է բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Պետական հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այդ ծրագրում ընդգրկվելու համար: Այդպիսով, բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանալու է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին՝ մրցունակ աշխատավարձով, որն ամսական կկազմի առնվազն 260 հազար դրամ:

«Բացարձակապես չի հիմնավորվում, թե որն է այս երկու հայեցակարգերի ներկայացման պատճառը: Ընդամենն առաջարկ է արվում: Իսկ նման ձևով առաջարկի ներկայացնումը, առանց բացատրելու դրա անհրաժեշտությունը, հիմնավորվածությունը, նաև, թե ինչն է պատճառը, որ մինչև հիմա առանց այդ համակարգի հնարավոր էր զինված ուժերի կենսագործունեությունն ապահովել, իսկ հիմա միանգամից առաջացավ նման լուծումների անհրաժեշտությունը, խաբեություն է»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Ըստ նրա՝ եթե չի ներկայացվում հիմնավորում, հետևաբար նաև հասկանալի չէ, թե արդյոք այս ծրագիրը լուծումներ տալու է այն խնդիրներին, որոնց մասին բարձրաձայնում են:

«Այսինքն՝ դա խաբեության ամբողջ մեխանիկան է»,- հավելեց իրավապաշտպանը:

Սաքունցի խոսքով՝ իրականում բոլորս լավ գիտենք, որ նման առաջարկներ առաջ քաշելու պատճառն այն է, որ առաջինը, զինված ուժերը գրավիչ չեն ծառայության համար: Երկրորդ, երկրում ունենք ժողովրդագրական լուրջ խնդիրներ, քանի որ հենց Սերժ Սարգսյանի նախագահության օրոք մեծ  թվով ՀՀ քաղաքացիներ ընդմիշտ հեռացել են երկրից:

«Այսինքն՝ իրենք մի ձեռքով շատ անարդյունավետ քաղաքականություն են իրականացնում, որի հետևանքով երկիրն ինքնին գրավիչ չէ ապրելու համար, և մարդիկ իրենց գոյությունն ապահովելու պատճառով ստիպված են երկրից հեռանալ, մյուս կողմից առաջարկ են անում զինված ուժերում ծառայության համար: Այսինքն՝ ինքն արատավոր է ամբողջ էությամբ, որովհետև դու փոխանակ փոփոխություններ կատարես քաղաքականության, տնտեսության, սոցիալական, կրթության բնագավառներում, հենց նույն զինված ուժերում, դու փորձում ես այդ փոփոխությունները չկատարելով՝ ինչ-որ ծրագիր իրականացնել, որի միջոցով ուզում ես լուծել խնդիրները»,- ասաց իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցի խոսքով՝ հաշվի առնելով, որ երկրում աղքատության մակարդակը գնալով ավելանում է, դուրս է գալիս, որ այդ առաջարկն ընդունողների հիմնական զանգվածը լինելու են սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները, որոնք առանց այն էլ իրենց կենսական միջոցները հայթայթելու հնարավորություն չունեն: Եվ ստացվում է, որ մարդիկ կրկնակի ու եռակի շահագործման են ենթարկվում:

«Այսինքն՝ քիչ է, որ պատշաճ կրթություն չեն կարողանում ստանալ, իրենց կենսական միջոցները չեն կարողանում ապահովել, հիմա էլ ուզում են այդ աղքատ մարդկանց նման խայծ տալով՝ գայթակղել, որպեսզի պետության պաշտպանության խնդիրները լուծեն: Այսինքն՝ այս արատավոր ու հանցավոր քաղաքականության ամբողջ ծանրությունն ընկնում է աղքատ խավի վրա: Եվ վերստին այդ սոցիալական անապահով խավի ներկայացուցիչներն են պաշտպանելու երկիրը մի քանի կոպեկի դիմաց»,- ասաց նա:

Ըստ Սաքունցի՝ սա ավելի է խորացնում սոցիալական անհավասարությունն ու անարարդարությունը, դա բարձրացվում է արդեն պետական այնպիսի մակարդակի, որն էլ ավելի է խորացնելու ճգնաժամը՝ թե տնտեսական, թե սոցիալական, թե քաղաքական ոլորտներում:

«Սա ինքնին պետություն հասկացողության ոչնչացման ծրագիր է: Սա ամբողջովին պարազիտային մտածողության և քաղաքականության ցայտուն դրսևորում է»,- ասում է իրավապաշտպանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am