Օբիդոսից՝ Երեւան. երիտասարդ պորտուգալուհին ասում է, որ հարմարվել է «հայկական միջավայրին»

Օբիդոսից՝ Երեւան. երիտասարդ պորտուգալուհին ասում է, որ հարմարվել է «հայկական միջավայրին»
Օբիդոսից՝ Երեւան. երիտասարդ պորտուգալուհին ասում է, որ հարմարվել է «հայկական միջավայրին»

Առավոտյան նախաճաշ, ժամը 10:00-ին կենդանաբանական այգու մուտքի դիմաց, այնուհետև եռացող սուրճի թարմ բույր, ջերմ ժպիտներ, հայերեն բարի օրվա մաղթանքներ աշխատակիցներին, և արդեն կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու ժամն է:
24-ամյա պորտուգալուհի Տանյա Լարանժեիրոն այսպես է սկսում շաբաթվա 5 օրը՝ որպես կամավոր աշխատելով Երևանի կենդանաբանական այգում:

Նա Հայաստան է եկել «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրով և արդեն 8 ամիս է`ապրում է Երևանում երկու գերմանուհիների հետ, ովքեր նույնպես եկել են Հայաստան որպես կամավոր աշխատելու:

«Մեր տնից մինչև կենդանաբանական այգի մեկ ժամ է: Այստեղ ես օգնում եմ այգու աշխատողներին, կերակրում եմ կենդանիներին, մաքրում վանդակները: Փորձում եմ նաև վարժեցնել կենդանիներին»,- ասում է Տանյան, ով մասնագիտությամբ կենսաբան է:

Սևահեր, ժպտուն աչքերով և բարձր ծիծաղով ուշադրություն գրավող Պորտուգալիայի Օբիդոս քաղաքից Երեւան հասած Տանյան վայրի կենդանիների սիրահար է՝ առյուծ, լուսան, գայլ, հովազ: Ասում է, որ որպես կամավոր աշխատել է նաև Լիսաբոնի կենդանաբանական այգում:

Տանյան ասում է, որ Լիսաբոնի ու Երևանի կենդանաբանական այգիները շատ տարբեր են. Ի տարբերություն Երեւանի կենդանաբանական այգու` կենդանիների նեղլիկ ու անհարմարավետ վանդակների, Լիսաբոնում կենդանիներին պահում են առանց վանդակների` բաց տարածքում: Բացի այդ, նա նշում է, որ Լիսաբոնի այգում պինգվիններ, ծովարջ, աֆրկյան տարբեր կենդանիներ կան, որոնք չկան այստեղ:

«Երբ առաջին անգամ մտա Երևանի կենդանաբանական այգի, ինձ զարմացրեց վանդակների փոքր չափսերը: Բայց այս 8 ամիսների ընթացքում զգալի է, որ աշխատանքները դեպի լավն են գնում: Ես նունիսկ իրականցրել եմ այստեղ իմ առաջարկներից մեկը՝ կենդանիների համար տրամաբանությունը զարգացնող խաղալիքներ եմ պատրաստել,-ասում է Տանյա Լարանժեիրոն :-Այստեղ ես նաև այգու որոշ կենդանիներին եմ վարժեցնում, ճիշտ այնպես ինչպես Լիսաբոնի կենդանաբանական այգում»:

«Շատ էի ուզում մասնակցել կենդանիների հետ կապված մի ծրագրի: Հայաստանի մասին մինչ այդ ոչինչ չգիտեի, իսկ հիմա ունեմ շատ լավ հայ ընկերներ և գիտեմ Հայաստանի պատմությանը վերաբերող կարևոր դեպքեր, Ցեղասպանության ու Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին»,- ասում է Տանյա Լարանժեիրոն:

8 ամիսների ընթացքում Տանյան շրջագայել Է Հայաստանի տեսարժան վայրերում՝ Սևան, Դիլիջան, Գյումրի, Արագած, Գառնի, Գեղարդ, Վանաձոր, Ուրծաձոր:

Համտեսել է նաև հայկական ավանդական կերակրատեսակներից խաշը և հրապուրված է հայկական լավաշի համով, իսկ ամենասիրած հայկական ուտեստը բանջարեղենի խորովածն է:

Տանյան բուսակեր է և շատ է սիրում տանը ընկերների հետ պատրաստել պորտուգալական ավանդական ուտեստներ՝ ապուրներ, աղցաններ:

«Հայաստանում մարդկանց հետ շփվելիս հասկանում ես, որ մշակութային հարցերում հայերն ու պորտուգալացիները տարբեր հայացքներ ունեն: Օրինակ՝ գենդերային խնդիրները, որ կանանց մեծ մասն իրենց ժամանակն անցկացնում է տանը երեխաների հետ, իսկ տղամարդիկ աշխատում են: Հաճախ եմ լսում նաև, որ թուրքերին ու ադրբեջանցիներին այստեղ թշնամի են համարում: Միշտ հայ ընկերներիս ասում եմ, որ մարդիկ չեն թշնամի, դա քաղաքական հարց է»,- ասում է Տանյան:

Նա խոսում է անգլերեն, բայց այս ամիսների ընթացքում սովորել է նաև մի փոքր հայերեն խոսել ու գրել: Առաջին ամիսներին հայերենի չիմացությունը դժվարություններ էր ստեղծում մարդկանց հետ հաղորդակցվելիս:

«Մտածում էի` գրել-կարդալ չգիտեմ, ոչինչ չեմ հասկանում, ինչպե՞ս եմ մնալու այստեղ, ու շատ բարդ էր ինձ համար: Հետո երբ սկսեցի ճանաչել բառերը ու սովորել, մարդկանց հետ շփվելն ու ինքնարտահայտվելն ավելի հեշտ դարձան»,- ասում է երիտասարդ պորտուգալուհին և հայերեն ողջունում սենյակ ներս մտած տարեց աշխատակիցներից մեկին:

Աշխատակիցներն էլ պատասխանում և հարցնում են նրան նույն սիրալիրությամբ:

Տանյան ընկերների հետ սիրում է հաճախ գնալ Երևանի Սիրահարների այգի կամ Կասկադ, այցելում է նաև թանգարաններ, համերգներ, իսկ երեկոյան` փաբեր, որոնք, ըստ նրա, զարմանալիորեն շատ են Երևանում:

«Շատ եմ սիրում ձեռնածությամբ զբաղվել, ինչպես նաև թղթից, բամբակից ու կոճակներից դրամապանակներ, «Կոկա կոլայի» շշերից` մոխրամաններ պատրաստել»,- նշում է Տանյա Լարանժեիրոն և ցույց տալիս ձեռքում պահած դրամապանակը՝ պատրաստված հյութի ստվարաթղթե տուփից:

Տանյան այս տարվա հուլիսին կավարտի Հայաստանում իր կամավորական աշխատանքը ու կրկին կվերադառնա հայրենի Պորտուգալիա:

«Կարոտել եմ Պորտուգալիան, քանի որ այնտեղ շատ հարազատներ ունեմ: Ամեն ամսվա երրորդ շաբաթ օրը մենք Պորտուգալիայում ճաշից հետո բոլորս հավաքվում ենք սուրճ խմելու: Դա շատ ընդունված ու գեղեցիկ ավանդույթ է մեզ մոտ»,- ասում է Տանյան:

Նա շրջագայել է աշխարհի տարբեր երկրներում` եվրոպական, հարավամերիկյան, կովկասյան, եղել է նաև Մարոկկոյում, բայց նշում է, որ Հայաստանում մարդկանց հետ շփվելն ավելի հեշտ է, այստեղ նրան հարազատ է դարձել անգամ հայոց լեզուն, ու ինքը լիովին հարմարվել է հայկական միջավայրին:

«Սակայն առջևում նոր նախագծեր կան, որոնց ես պետք է Պորտուգալիայում մասնակցեմ սեպտեմբերից: Իսկ հետագայում միգուցե նորից սկսեմ ճանապարհորդել ու շրջագայել աշխարհի տարբեր երկրներում»,- ասում է Տանյա Լարանժեիրոն:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի

Տես ֆոտոպատմությունը

© Medialab.am