Ազգային ատելության հիմքի վրա կատարված այդ արարքը կոպիտ կերպով խախտում է ՌԴ Սահմանադրության 29-րդ հոդվածի 2-րդ մասը․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Ինչպես տեղյակ եք, մոսկովյան «Ֆուդ Սիթի» վաճառքի կենտրոնի ադրբեջանցի սեփականատերերն արգելել են հայկական ծիրանի վաճառքն իրենց տարածքում։

Ազգային ատելության հիմքի վրա կատարված այդ արարքը կոպիտ կերպով խախտում է ՌԴ Սահմանադրության 29-րդ հոդվածի 2-րդ մասը, միաժամանակ հանդիսանում հանցագործություն՝ նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածով։

Քաղաքացիաիրավական և աշխատանքային հարաբերությունները չպետք է ծանրաբեռնվեն ազգային պատկանելությամբ։ ՌԴ իրավապահ մարմիններին կոչ եմ անում համարժեք միջոցներ ձեռնարկել ՌԴ օրենսդրության այսպիսի կոպիտ խախտման դեմ. օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։ Շնորհակալությունս եմ հայտնում ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին՝ ծիրանի ներկրմամբ զբաղվող մեր համաքաղաքացիներին աջակցելու համար։

Մեր ոգին անկոտրում է։ Երկուշաբթի օրն այս դեպքի առնչությամբ մանրամասն նամակը համապատասխան ուղիներով կփոխանցվի ռուսական կողմին։»