Մինչև 8 աստիճան ցուրտ. ըստ մասնագետների՝ սառը եղանակի պատճառով գյուղատնտեսական տարին 10-15 օր հետ է ընկնում

Օդի ջերմաստիճանի նվազումը լուրջ խնդիրներ չի ստեղծի գյուղատնտեսության համար։ Այս մասին «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար, գյուղատնտեսության փորձագետ Գառնիկ Պետրոսյանը։

«Ես վտանգ չեմ տեսնում։ Այն կանխատեսումների համաձայն, որոնք ներկայացրել է Հիդրոմետ ծառայությունը, Արարատյան դաշտում 5-ից մինչև 8 աստիճան ցուրտ է լինելու։ Այդ 8 աստիճանը կլինի կարճատև հատվածում, տևական ցուրտ չի լինի։ Եվ դա որևէ վնաս չպետք է հասցնի պտղատու ծառատեսակներին»,- նշեց Պետրոսյանը։

Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ մարտի 11-ին և 12-ին հանրապետությունը գտնվել է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։

Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը նվազեց 8-10, 13-ի գիշերը՝ ևս 9-10 աստիճանով։ Հանրապետության տարածքում այս օրերին առատ ձյուն է տեղացել։ Իսկ մարտի 13-ի գիշերն Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասնել է -8 աստիճանի։

Գառնիկ Պետրոսյանն նշում է, որ ինչ-որ առումով նաև կարելի է դրական բնութագրել ջերմաստիճանի նվազումը ներկա փուլում, քանի որ դա որոշակիորեն կուշացնի պտղատու ծառերի ծաղկման պրոցեսը և խաղողի վազերի ակտիվ գործընթացը։

«Նաև սպասվող առատ տեղումները կարևոր են բարձրլեռնային գոտիներում խոնավության պաշարների կուտակման, ջրամբարներում ջրի պաշարների համալրման համար։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ կարող ենք խնդիրներ ունենալ»,- նշում է նա։

Ներկա փուլում սկսում է բողբոջել ծիրանենին, բայց չի ծաղկել։ Հարավում՝ Մեղրիի որոշ հատվածներում, Պետրոսյանի խոսքով, կային ծաղկման երևույթներ։ Բայց Արարատյան դաշտում նման խնդիր չկա։ 

«Եթե ծառը ծաղկած լինի, կարող է վնասվել, բայց նորից եմ ասում՝ Արարատյան դաշտում վտանգի ենթակա այգիներ չեմ տեսել։ Օրերս Արարատի մարզի գյուղերում ընդհանուր իրավիճակին ծանոթանալու նպատակով դիտարկումներ եմ կատարել։ Ես համենայնդեպս վտանգ չեմ տեսնում»,- հավելեց նա։

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը նույնպես էական վտանգ չի տեսնում գյուղատնտեսության համար։

«Ոչ մի էական վտանգ չեմ տեսնում դեռ, բայց ծիրանի հետ կապված ցրտահարության վտանգ կա։ Դեռ ծիրանենին չի ծաղկել, եթե մի երկու տեղ էլ ծաղկել է, դա չի նշանակում, որ մասսայական ծաղկել է։ 

Եթե բողբոջակալում լինի, հնարավոր է, որ այդ բողբոջը ցրտահարվի։ Այսօրվա վիճակով դեռ անվտանգ է»,- «Մեդիալաբին» ասաց Բերբերյանը։

Նրա խոսքով՝ ցրտերի պատճառով գյուղատնտեսական տարին 10-15 օր հետ է ընկնում։ 

«Եթե նախորդ տարիներին այս օրերին Արարատյան դաշտում եռուզեռ էր, այսօր դեռ կանգնած է, մարդիկ չեն աշխատում»,- հավելեց նա։

Հրաչ Բերբերյանի խոսքով՝ բանջարեղենի և ցորենի արտադրության համար այս տարին շատ բարենպաստ է։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am