Ստացվում է, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի 5 զինվորով ուղղակի պարալիզացնել Հայաստանի Հանրապետության միջպետական ճանապարհի երթևեկությունը. Նորիկյան

Լուսանկարը՝ Factor.am

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այժմ, երբ արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են, պետք է արձանագրել, որ, այնուամենայնիվ, այն ինչ տեղի ունեցավ վերջին երկու օրերին, վիրավորական ու նսեմացուցիչ էր:

Ստացվում է, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի 5 զինվորով ուղղակի պարալիզացնել Հայաստանի Հանրապետության միջպետական ճանապարհի երթևեկությունը, ինչպես նաև Հայաստան-Իրան ճանապարհային հաղորդակցությունը:

Ստացվում է, որ այդ տարածքում տեղակայված ռուսական ուղեկալը կարող է նույնպես հայտնվել, մեղմ ասած, անհարմար իրավիճակում՝ չկարողանալով կատարել իր՝ այնտեղ գտնվելու համար նախատեսված ծառայությունը:

Սակայն ավելի վիրավորական է, որ չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը ցանկացած պահի չի փակի այդ ճանապարհը, և չկա կոնկրետ որևէ հստակ դիրքորոշում, թե այդ դեպքում ի՞նչպես պետք է դիմագրավի մեր երկիրը և ի՞նչ վարքագիծ պետք է դրսևորի՝ նշված մարտահրավերը չեզոքացնելու համար:

Սրանով հանդերձ՝ հարկ է արձանագրել, որ այս քայլերով Ադրբեջանն ակնհայտորեն ցույց է տալիս, որ այդքան էլ ոգևորված չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հեռանկարով, հետևաբար՝ հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված մեր ոգևորությունը, որտեղի՞ց մեզ այդ լավատեսությունը կամ հույսը, որ տարածաշրջանում հնարավոր է բացել խաղաղության դարաշրջան…»։