Վաշինգտոնում ցուցարարները հայտնել են Ալիևի թիկնապահների կողմից հարձակման ենթարկվելու մասին. Washington Post

Իլհամ Ալիևի թիկնապահները հարձակվել են Վաշինգտոնում բողոքի ակցիայի մասնակիցների վրա։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա գտնվող Waldorf Astoria Washington DC հյուրանոցի դիմաց, որտեղ հավաքվել էին ցուցարարներ՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալներին։

Հարձակման մասին պարբերականին հայտնել են մի քանի ցուցարարներ։ 27-ամյա Uber-ի վարորդ Ռահիմ Յագուբլուն նշել է, որ փետրվարի 19-ի կեսօրին մասնակցում էր բողոքի ակցիային, երբ Ալիևի թիկնապահները սկսել են հարվածել իրեն՝ խփելով ծնոտին և ոտքով հարվածելով որովայնին։

Յագուբլուի խոսքով՝ իր հայրը՝ ադրբեջանցի քաղաքական ակտիվիստ Թոֆիգ Յագուբլուն, 2025 թվականին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ կեղծիքի և խարդախության մեղադրանքներով։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը այդ դատավարությունն անվանել է «կեղծ»։

Յագուբլուն նշել է, որ ոստիկանները գտնվել են մոտակայքում, սակայն չեն միջամտել։ Մի քանի րոպե անց թիկնապահները հեռացել են, իսկ ցուցարարները շտապօգնություն են կանչել։ Բժիշկները տեղում զննել են տուժածներին և հեռացել։ Նրա խոսքով՝ ոչ ոք հիվանդանոց չի տեղափոխվել։