Սահակյանցների մուլտիմիլիոնային մուլտիպլիկացիան․ Fip.am

Սահակյանցների մուլտիմիլիոնային մուլտիպլիկացիան․ Fip.am
Սահակյանցների մուլտիմիլիոնային մուլտիպլիկացիան․ Fip.am

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն այս տարի բողոքեց, որ պետությունը դադարեցրել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցի» կողմից ստեղծվող «Օլիմպիոնիկ» անիմացիոն ֆիլմի ֆինանսավորումը: 

«5-րդ ալիքին» տրված հարցազրույցում Դավիթ Սահակյանցը, մասնավորապես, նշել է. «Տարեկան 50 միլիոն էր հատկացվում: Այս տարի մենք նույնիսկ իջեցրինք այդ նշաձողը և դիմեցինք՝ գոնե 30 միլիոն դրամ տրամադրեք, որ կարողանանք ֆիլմը հասցնել, սակայն դրան էլ ոչ մի պատասխան չեղավ»:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց անդրադառնալ, թե ինչ հիմնավորմամբ է սկսվել, ապա դադարեցվել պետության կողմից «Օլիմպիոնիկի» (ֆիլմը հիշատակվում է նաև որպես «Օլիմպիկոս») ֆինանսավորումը, ինչպես նաև «Սահակյանց ստուդիայի» և պետության համագործակցությանը։

«Օլիմպիոնիկ»

«Օլիմպիկոս» լիամետրաժ ֆիլմի նկարահանումների մասին Դավիթ Սահակյանցը խոսել էրդեռևս 2014-ին: Լիամետրաժ անիմացիոն ֆիլմը պատմելու է Արշակունյաց Վարազդատ թագավորի մասին, որը Օլիմպիական խաղերի հաղթող էր:  

Արդեն 2015-ին Դավիթ Սահակյանցը նշել էր. «Որոշեցինք անդրադառնալ այս թեմային, քանի որ փաստը շատ կարևոր է, նաև ևս մեկ անգամ հիշեցնել հայ ազգին, Հայաստանի սահմաններից դուրս մեր թագավորի հաջողությունների մասին»: Դավիթ Սահակյանցը կարծիք էր հայտնել, որ 2018 թվականի վերջում ֆիլմն արդեն պատրաստ կլինի ու մեծ էկրան դուրս կգա: Ֆիլմն արվում է պետական ֆինանսավորմամբ։

Մշակույթի նախարարության աջակցությունն «Օլիմպիոնիկին»

Մշակույթի նախարարությունը «Օլիմպիոնիկ» անիմացիոն ֆիլմի ֆինանսավորումը  սկսել է 2014-ից՝ կառավարության որոշմամբ: 

Հատկանշական է, որ 2014-2018 թվականների ընթացքում միայն «Օլիմպիոնիկ» անիմացիոն ֆիլմի ստեղծման համար «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ն ստացել է 234,205,000 դրամ: Համեմատության համար նշենք, որ նույն շրջանում Ազգային կինոկենտրոնի կողմից անիմացիոն ֆիլմերի արտադրության սուբսիդիայի չափը կազմել է  291,385,800 դրամ: 

Ըստ «Հետքի» հրապարակման՝ ստուդիան 2015, 2016, 2017 թվականներին ամեն տարի 20 միլիոն դրամ է ստացել նաև «Լույս» հիմնադրամից։

Պետության կողմից ֆիլմերին տրամադրվող գումարների բաշխումը կատարում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, սակայն «Օլիմպիոնիկի» դեպքում այդպես չի եղել: 

Հայաստանի ազգային կինոկենտրոնից, Fip.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ «Օլիմպիոնիկ» ֆիլմի արտադրությունն ընթացել է Կինոկենտրոնի մրցույթներից դուրս:

««Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ն «Օլիմպիկոս» ֆիլմի համար ֆինանսավորումը ստացել է պետական բյուջեից՝ մուլտֆիլմերի արտադրության համար հատկացվող միջոցներից Մշակույթի նախարարության հետ կնքված Նվիրաբերության պայմանագրի համաձայն: Հետևաբար՝ ֆիլմարտադրողը կինոկենտրոնի անցկացրած մրցույթներին մասնակցելու անհրաժեշտություն չի տեսել»,- ասված է հարցման պատասխանում: 

Կինոկենտրոնից նաև հայտնում են, որ «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ն մրցույթին մասնակցելու հայտ երբևէ ներկայացրել է միայն 2019  թ. մարտի 4-ին, որն էլ հենց «Օլիմպիկոս» վերնագրով լիամետրաժ անիմացիոն նախագիծն էր։ Այն մրցույթի չի դրվել, քանի որ կանոնակարգի համաձայն՝ արտադրական փուլի նկարահանումները սկսած նախագծերը արտադրական փուլի մրցույթին մասնակցել չեն կարող: «Օլիմպիկոս» նախագիծը 2015-ից սկսած 4 տարի անընդմեջ արդեն գտնվում էր ֆիլմարտադրության արտադրական փուլում ՝ Մշակույթի նախարարության հետ կնքված պայմանագրի համաձայն: 

Սահակյանց ստուդիայի համահիմնադիր, գործադիր տնօրեն Հայկ Սահակյանցը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ նախկինում լիամետրաժ մուլտֆիլմերի համար մրցույթներ չեն եղել: Հենց այդ պատճառով է, որ իրենք երբևէ հայտ չեն ներկայացրել, ու իրենցից բացի, այլ հայտեր էլ չեն եղել:

«Ոչ բոլոր ռեժիսորները, ստուդիաներն են նախաձեռնում նման պրոյեկտ: Մենք մեր աշխատանքները, ինչպես եղել է «Անահիտի» դեպքում կամ «Օլիմպիոնիկի» դեպքում, կատարում ենք միայն մեր իսկ էնտուզիազմի շնորհիվ: Կանոնակարգի փոփոխություն է տեղի ունեցել, ու քանի որ արդեն արտադրական փուլում է ֆիլմը, չէինք կարող մասնակցել մրցույթին, էդ պարզ պատճառով մենք դուրս ենք մնացել մրցույթից: Սպասում էինք, որ նման ձև է լինելու իրականում, ուրիշ ձև չէր էլ կարող լինել, եթե կա ընդունված կանոնակարգ»,- նշեց նա: 

Կինոկենտրոնից, սակայն, պնդում են, որ լիամետրաժ մուլտֆիլմերի մրցույթներ եղել են։ Որպես օրինակ՝ նշում են Գայանե Մարտիրոսյանի «Վիշապագորգ» և Արման Մանարյանի «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմերը, որոնք ֆինանսավորում են ստացել կինոկենտրոնից։ 

Սահակյանցի խոսքով՝ Վարազդատի մասին պատմող ֆիլմը 2019 թվականի վերջին պետք է ներկայացվեր հանրության դատին. «Մենք ամբողջ 2019 թիվը դեռ պետք է աշխատեինք ֆիլմի վրա, որ հասցնեինք ավարտին: Սովորաբար, ստանդարտներով, միջազգային անիմացիոն ֆիլմերի արտադրությունը տարիներ է տևում: Մենք վերցրել էինք միջին սանդղակ, որում հնարավոր կլիներ այդ պրոյեկտը անել՝ հաշվի առնելով «Անահիտի» փորձը, որը ստեղծելու համար պահանջվեց 5 տարի, իսկ 5-րդ տարվա ընթացքում մենք փաստացի ֆինանսավորում դեռևս չենք ստացել»,- տեղեկացրեց Հայկ Սահակյանցը: 

Այլ ֆինանսավորումներ. «Անահիտ» ֆիլմը

Ուշագրավ է, որ «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ն ստեղծման օրվանից ֆինանսական աջակցություն է ստացել նաև այլ ֆիլմերի համար: 

Այդպես, ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած տվյալների՝ «Անահիտ» մուլտիպլիկացիոն կինոնկարի համար ստուդիան Մշակույթի նախարարությունից 2010-2014 թվականներին, ընդհանուր առմամբ, ստացել է  222,325,000 դրամ։

Բացի դա, ըստ «Հետքի» ուսումնասիրության, այս մուլտֆիլմը «Լույս» հիմնադրամից 2013, 2014 թվականներին յուրաքանչյուր տարի ստացել է 20 միլիոն դրամ: 

 

Ավելին՝ նույն ստուդիան պետության կողմից 2014 թվականին ֆինանսավորում է ստացել «Կլոր Աստվածներ» մուլտիպլիկացիոն կինոնկարի համար՝ 26,675,000 դրամ: Այս պահի դրությամբ ավարտուն է Վրթանես Փափազյանի հեքիաթի մոտիվներով ստեղծված կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի միայն վիզուալ հատվածը: 

Ըստ Հայկ Սահակյանցի՝ այս մուլտֆիլմի առումով Մշակույթի նախարարության հետ պայմանավորվածության բոլոր պարտավորվածություններն իրականացված են, և հաշվետվությունը ներկայացված է. «Ֆիլմը դուրս չի եկել պարզ պատճառով՝ Մշակույթի նախարարությունն այդ շրջանում չէր ֆինանսավորում ֆիլմի ձայնային մասը, երաժշտական մասը: Հետևաբար, ֆիլմն ավարտուն վիճակի է հասցվել վիզուալ մասով: Մնացել է միայն ձայնային հատվածը»: 

Այլ աջակցություններ 

«Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» կազմակերպությանը պետության կողմից հատկացումները չեն սահմանափակվել միայն ֆիլմերի ֆինանսավորմամբ: 

Կառավարության՝ 2014 թվականի հունիսի 26-ի N 637-Ա որոշման համաձայն, արվեստանոցին անհատույց տրամադրվել է տարածք:

«Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 30 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 115,292,000 դրամ շուկայական արժեքով, 620.3 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել «Երևանի պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով 25 տարի ժամկետով հանձնել «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» հասարակական կազմակերպությանը»,- ասված է որոշման մեջ:

Նույն տարում կառավարության այլ որոշմամբ՝ ստուդիային է տրամադրվել 123,600,000 դրամ կենտրոնի բացման համար, որտեղ նախատեսվում էր մանկական նկարչական դպրոց, կինոթատրոն, անիմացիայի դպրոց, բուն ստուդիան, ինչպես նաև մուլտիպլիկացիայի թանգարան ունենալ: 

Այսպիսով, 2010-2018 թվականների ընթացքում առանց մրցույթի և անհատույց «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ին է տրամադրվել 609,805,000 դրամ, ինչպես նաև՝ 115,292,000 դրամ շուկայական արժեքով տարածք Երևան քաղաքի կենտրոնում: 

Ովքե՞ր են Սահակյանցները

«Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցի» պաշտոնական կայքիհամաձայն (որը, ի դեպ, գործում է միայն անգլերեն և ռուսերեն լեզուներով)՝ ստուդիայի թիմը ստեղծվել է 1972 թվականին, երբ ոլորտում իր առաջին քայլերն էր կատարում անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը: 

Նա հեղինակել է այնպիսի հայտնի անիմացիոն ֆիլմեր, ինչպիսիք են «Աղվեսագիրքը», «Ով էնպիսի սուտ ասի…», «Խոսող ձուկը», «Գտնված երազը» և այլն: 

2008-ին նա արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 

Նրա մահից հետո՝ 2010-ին Սահակյանցի զավակները՝ Դավիթ, Հայկ և Նաիրա Սահակյանցները, պաշտոնապես գրանցել են «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցը»՝ որպես հասարակական կազմակերպություն: 

Սահակյանց ընտանիքը Kildim մուլտֆիլմների շարքի հեղինակն է

Ընտանիքից քաղաքականապես ամենաակտիվը Դավիթ Սահակյանցն է, որը երկար տարիներ աջակցել է Սերժ Սարգսյանին: Մասնավորապես, 2014 թվականին նա հայտարարել էր, որ իր սկզբունքն է պաշտպանել գործող նախագահին, որ այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր. «Ես ՀՀԿ-ին երբեք չեմ պաշտպանել, պաշտպանել եմ գործող նախագահին, որովհետև դա իմ սկզբունքն է՝ պաշտպանել գործող նախագահին: …»,- ասել էր նա «Առավոտի» հետ զրույցում:

Նաիրա Սահակյանցը ամուսնացած է դեսպան, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանի հետ։ 

 Հայկ Սահակյանցը Quantum Jump անիմացիոն 3D ֆիլմի ռեժիսորն է: 

Լուսինե Ոսկանյան

www.fip.am