4 տարում՝ $3․5 մլն. Քաջարանի կոմբինատի դրամաշնորհը՝ Վահե Հակոբյանի կնոջ կազմակերպությանը. Fip.am

Վերջերս «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր մի հետաքննություն, որով ցույց էր տվել, թե ինչպես են Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող մի շարք անձինք փոխկապակցված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ։ 

Ըստ այդ հրապարակման՝ Քաջարանի կոմբինատը ֆինանսավորել էր Սյունիքի նախկին մարզպետ, կոմբինատի երբեմնի տնօրեն Վահե Հակոբյանի կնոջը պատկանող «Հանրային դիվանագիտություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որն էլ իր ստեղծած PARA TV լրատվականով ակտիվորեն լուսաբանում էր Ամուլսարի շահագործման դեմ ցույցերը, որոշ աշխատակիցներ անգամ մշտապես գտնվում էին պայքարի «առաջնագծում»։

Հաշվի առնելով այս ամենը՝ ԶՊՄԿ ընկերությունից հարցումով խնդրել էինք պատասխանել, թե որքա՞ն գումար է յուրաքանչյուր տարի նվիրաբերել կոմբինատն այս կազմակերպությանը, երբվանի՞ց է սկսվել ֆինանսավորումը, որքա՞ն է հատկացվել յուրաքանչյուր տարի, դադարեցվե՞լ է արդյոք ֆինանսավորումը և եթե այո՝ ապա ինչո՞ւ։

Ի պատասխան մեր հացման՝ ԶՊՄԿ-ից մեզ տրամադրեցին որոշ տվյալներ, որոնք չեն պարունակում առևտրային գաղտնիք։

Ըստ այդմ՝ Քաջարանի կոմբինատը «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ին սկսել է ֆինանսավորել 2016 թվականից։ Այդ տարի ընկերությունը ՀԿ-ին տրամադրել է 410 մլն դրամ դրամաշնորհ։ 2017, 2018 և 2019 թվականներին ԶՊՄԿ-ն այս կազմակերպությանը փոխանցել է, համապատասխանաբար, ֏435 մլն, 385 մլն և 455 մլն դրամաշնորհ։ Այսինքն, ընդհանուր առմամբ, բաց աղբյուրներում առկա տեղեկատվության համաձայն, 2016-2019 թթ․ ԶՊՄԿ-ն «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ին է փոխանցել ֏1 մլրդ 685 մլն կամ այդ տարիների միջին փոխարժեքով՝ շուրջ 3․5 միլիոն դոլար դրամաշնորհ։

2019-ից հետո եղած տեղեկատվությունն ընկերությունից հրաժարվեցին տրամադրել՝ հայտնելով, որ դրանք կազմում են նախկին սեփականատերերի օրոք կնքված պայմանագրերի մաս, որոնց 6․5-րդ կետի համաձայն՝ պայմանագրի պայմանները և դրա իրականացմանն առնչվող այլ տեղեկություններն առևտրային գաղտնիք են ներկայացնում և հրապարակման ենթակա չեն։ Այլ կերպ ասած՝ ընկերությունը տրամադրեց բացառապես այն տեղեկությունը, որը հրապարակված էր Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության կայքում։

Ինչ վերաբերում է ֆինանսավորման շարունակականությանը՝ ընկերությունից հայտնեցին, որ նոր սեփականատերերը որոշել են այլևս չֆինանսավորել «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ին։

««Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի գործունեության շրջանակը դուրս է Ընկերության վերանայվող սոցիալական քաղաքականության չափանիշների և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության պահանջների շրջանակից, և այս պահին ԶՊՄԿ ՓԲԸ և «Հանրային դիվանագիտություն» կազմակերպության միջև գործող պայմանագիր առկա չէ»,- ասված էր պատասխանում։

Ի տարբերություն «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ի՝ ԶՊՄԿ-ի նոր ղեկավարությունը շարունակելու է ֆինանսավորել այլ կազմակերպությունների։ Դրանցից մեկը «ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամն է։ 

Այս հիմնադրամին կոմբինատը ղեկավարության փոփոխությունից հետո էլ է շարունակում ֆինանսավորել, քանի որ «նոր ղեկավարությունը համարել է, որ հիմնադրամի գործունեությունը և նպատակները, ուղղված լինելով Սյունիքի մարզի, ԶՊՄԿ ազդակիր համայնքների զարգացմանը, համընկնում են ընկերության սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը»: Ընկերությունից մեզ ուղարկված պատասխանում նշվում է նաև, որ ««ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամը ինստիտուցիոնալ կազմակերպություն է, կառավարվում է Սյունիքի մարզպետարանի կողմից»:

Այսպիսով փաստենք, որ ղեկավարների փոփոխությանը հաջորդած՝ ԶՊՄԿ-ի սոցիալական պատասխանատվության քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններից հետո վերանայվել են նաև վերջինիս կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների ցանկն ու ֆինանսավորման չափը։ 

Հիշեցնենք, որ 2021-ին «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «Արդյունաբերական ընկերությունը», որը ձեռք էր բերել ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60%-ը, ՀՀ կառավարությանը նվիրաբերեց ընկերության տիրապետած բաժնետոմսերի 25%-ը։ Այսինքն, կառավարությանն է պատկանում Կոմբինատի ընդհանուր կապիտալի 15%-ը։ «Արդյունաբերական ընկերության» սեփականատերը ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է։

Սևադա Ղազարյան

Fip.am