Կրթության կառավարման տեղեկատվական համակարգին այս տարի կմիանան նախադպրոցական հաստատությունները

Ուսումնական նոր տարվան ընդառաջ՝ օգոստոսի 25-26-ին, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) Աղվերանում անցկացված «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով երկօրյա աշխատաժողովում ՀՀ ԿԳՄՍՆ ստորաբաժանումների, մարզպետարանների կրթության վարչությունների ղեկավարներին ու պատասխանատուներին ներկայացրել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն ու դրա բաղկացուցիչ ենթահամակարգերը:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ աշխատաժողովի նպատակն է հանգամանորեն քննարկել հեռավար կրթության բնագավառում իրականացված և շարունակվող ծրագրերը, լսել տեղերում կրթության պատասխանատուների ներկայացրած հարցադրումները, դեմ առ դեմ քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։ Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև անհրաժեշտ տվյալների ներմուծման ժամանակացույցն ու եղանակները, ինչպես նաև նորարարությունները և գործող ծրագրերն առավել արդյունավետ կիրառելու հնարավորությունները։


Աշխատաժողովի ընթացքում, նախ, արձանագրվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգոստոսի 17-ի 65-Ն հրամանի համաձայն (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=155309)՝ 2021-2022 ուսումնական տարվանից սկսած Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում սահմանված կարգով տվյալներ կլրացնեն նաև նախադպրոցական հաստատությունները՝ մանկապարտեզներն ու նախակրթարանները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից։ Վարչական ռեգիստրում կներառվեն տվյալներ հաստատությունների գտնվելու վայրի, կառուցվածքի, ենթակառուցվածքների և շինության վիճակի, մասնաշենքերի քանակի, վարձակալության տրված տարածքների, ունեցած ուսումնական պարագաների, սաների և խմբերի թվերի, հաստիքացուցակի, աշխատակազմի կրթական ցենզի ու փորձառության վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկություններ։
Նախատեսվում է, որ յուրաքանչյուր տարվա համար տվյալները կլրացվեն մինչև այդ տարվա սեպտեմբերի 30-ը, ամեն նոր փոփոխություն ամրագրելու համար տրվում է 5 աշխատանքային օր։

Նոր ուսումնական տարվանից նախնական (արհեստագործական) մասնագիտական հաստատությունները նույնպես կիրառելու են էլեկտրոնային մատյաններն ու սահմանված կարգով պահանջվող տվյալները ներմուծելու են իրենց համար նախատեսված ենթահամակարգ։ Գործընթացն առավել դյուրին դարձնելու համար ԿՏԱԿ-ը նախատեսում է ուսուցողական հոլովակների միջոցով աջակցել տեղերում համակարգին միանալու պատասխանատու անձանց։
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման և կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրի ներդրման կարգի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա համար տվյալները նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական հաստատությունները տվյալները կլրացնեն մինչև օգոստոսի 31-ը, փոփոխությունների իրականացման համար տրվելու է 5 աշխատանքային օր։ Այս պահի դրությամբ մուտքագրված են հաստատությունների տվյալների մոտ 80 տոկոսը։
Ինչպես նախադպրոցական հաստատությունների դեպքում, այս ոլորտում նույնպես ռեգիստրը ներառելու է ամբողջական տվյալներ հաստատությունների վերաբերյալ՝ սկսած ընդհանուր բնույթի տեղեկություններից մինչև շենքային ու գույքային պայմանների, ուսման վարձի զեղչերի, ուսանողների անձնական գործերի ու դասավանդողների մասին տեղեկություններ։

Ժամանակին լրացված տվյալներ՝ ճշգրիտ ֆինանսավորում

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ ուսուցիչների գործուղման համակարգին։ Մարզերի կրթության պատասխանատուներին ներկայացվել է, թե ինչպես է համալրվում kadrer.emis.am համակարգը: Առանձնակի կարևորվել է դպրոցի պատասխանատուների կողմից տվյալները ժամանակին ու պատշաճ ներմուծելու և փոփոխությունները կատարելու հարցը։
ՀՀ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը նշել է, որ ուսումնական հաստատությունների կողմից կրթության կառավարման տեղեկատվական համակարգը և ռեգիստրը սահմանված ժամկետներում և կարգով վարելը լուծելու է այնպիսի կարևորագույն խնդիր, ինչպիսին ճշգրիտ ֆինանսավորման տրամադրումն է։ Արձանագրվել է, որ շատ հաճախ համակարգում տվյալների լրացման և փոփոխությունների կատարման ամբողջ բեռը մնում է տեղերում գործավարների վրա, այնինչ գործընթացի ամբողջ պատասխանատվությունը պետք է կրեն դպրոցների տնօրենները:

Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է նաև ԿԿՏՀ կարևորագույն ենթահամակարգերից մեկը՝ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ու արձանագրման համակարգ ունեցող սովորողների ռեգիստրը: Այդ ենթահամակարգի միջոցով թվայնացվում են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման, վերագնահատման, արձանագրությունների կազմման գործընթացները։ Համակարգը հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտման պարագայում արձանագրել երեխային մատուցվող ծառայությունների ծավալները, տեսակները։ Այս ենթահամակարգը միտված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման, մատուցվող ծառայությունների տեսակի, ծավալի, արդյունքների մասին տեղեկատվության հավաքագրման և վիճակագրության վարման գործընթացներն առավել արդյունավետ դարձնելուն։

Դպրոցից դպրոց սովորողին տեղափոխվելու գործընթացը՝ առցանց

Աշխատաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև մեկ ուսումնական հաստատությունից մյուսը սովորողի տեղափոխման գործընթացին։ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի պարզաբանմամբ՝ որևէ նորարարություն այս առումով չկա, ուղղակի գործընթացն արդեն կազմակերպվում է առցանց եղանակով:
«Ծնողը կարող է բանավոր դիմել ընդունող դպրոց, եթե լիցենզիայով նախատեսված տեղեր առկա են, ապա երեխայի դպրոցում նրան համակարգից առանց վերջնական հեռացման, այսպես ասած՝ առկախում են։ Միայն այն բանից հետո, երբ ընդունող դպրոցն ընդունում է աշակերտին, նա համարվում է տեղափոխված»,- պարզաբանում է Ա. Թորոսյանը՝ հավելելով, որ թղթային տարբերակով անձնական գործը տեղափոխելու անհրաժեշտություն այսօր այլևս չկա։

Դպրոցի տնօրենները, ըստ անհրաժեշտության, սովորողին կարող են տրամադրել կիսամյակային և տարեկան գնահատականների վերաբերյալ կնքված և ստորագրված քաղվածքներ՝ հիմնվելով էլեկտրոնային մատյաններում առկա գնահատականների վրա։ Առաջիկայում նախատեսվում է ապահովել անգամ ուսումնառության ընթացքում ստացած գնահատականների տրամադրումը սովորողին՝ ըստ անհրաժեշտության։

ԿՏԱԿ-ի տնօրեն Ա. Պողոսյանի խոսքով՝ երկրից տեղափոխվելու պարագայում միջգերատեսչական էլեկտրոնային համակարգերի համադրմամբ հնարավոր է լինելու անմիջապես արձանագրել սովորողի կողմից սահման հատելու փաստը, և դրանից կբխի հաստատության ֆինանսավորման փոփոխությունը։ Առողջապահական և սոցիալական համակարգերի համադրումը թույլ կտա արձանագրել առողջական կամ սոցիալական պատճառներով ուսումնառության դադարեցումը, և շահառու մարմինները կկարողանան իրականացնել անհրաժեշտ բոլոր գործողությունները։

18 դպրոց, 37 վերապատրաստված մենթոր և շուրջ 100 պատվիրատու դպրոց
Աշխատաժողովին մասնակիցներին ներկայացվել է նաև էլեկտրոնային դպրոցի նոր մոդելը: Անցած տարի համավարակի պատճառով մեկնարկած «E-school Armenia» նախագիծն այս փուլում ընթանում է ապակենտրոնացման ճանապարհով, և ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր կվարեն այն սովորողների համար, որոնց ուսումնական հաստատություններում առկա չէ տվյալ առարկայի մասնագետը: Նախնական տվյալներով մենթորական ցանցում ներգրավված 37 վերապատրաստված մենթորներն ապահովելու են առարկայական ուսուցիչների բացը շուրջ 100 դպրոցներում: Այս համակարգի արդյունավետության ապացույցը, ըստ ծրագրի պատասխանատուների, Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի աշակերտի օրինակն է, որ «Քիմիա» առարկան, սովորելով ամբողջությամբ հեռավար եղանակով, ընդունվել է Բժշկական համալսարանի անվճար համակարգ:
Տեղեկացնենք նաև, որ ծրագրի իրականացման նպատակով մենթորական ցանցում ընդգրկված դպրոցներում դասավանդողների համար նախապես իրականացվել են էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման դասընթացներ: Հաշվի առնելով հեռավար կրթության ասպարեզում կրթական համակարգում կուտակված փորձի և մասնագիտական ներուժի առկայությունըորոշվել է համակարգը, ըստ անհրաժեշտության, օգտագործել նաև ուսուցիչների բացակայության հարցը ժամանակավոր լրացնելու նպատակով։ «E-school Armenia». 2000 տեսադաս՝ 500-ը ժեստերի լեզվով Անդրադառնալով հեռավար ուսուցման կազմակերպման ու կայացման պատմությանը՝ Ա. Պողոսյանը նշել է, որ «E-school Armenia» նախագիծը մեկնարկել է 2020 թվականի մարտ ամսին ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ համավարակի պայմաններում կրթության շարունակականությունն ապահովելու համար: Նախագծի շրջանակում նկարահանվել է 1-12 դասարանների սովորողների համար նախատեսված 2000 տեսադաս, որոնցից 500-ը ներկայացված են նաև ժեստերի լեզվով: Կենտրոնացված հեռավար դպրոցին մասնակցել է ընդհանուր առմամբ 5000 աշակերտ:
Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև «Հայկական կրթական միջավայր»-ը և դրա մաս կազմող բոլոր հարթակներն ու ենթահամակարգերը, ուսուցիչների վերապատրաստումներն ու Իթվինինգ ծրագիրը։