Թաղում հարսի շորերով, բռնություններ ու ցածր ինքնագնահատական. Կանանց իրավունքները` Հայաստանում

Թաղում հարսի շորերով, բռնություններ ու ցածր ինքնագնահատական. Կանանց իրավունքները` Հայաստանում
Թաղում հարսի շորերով, բռնություններ ու ցածր ինքնագնահատական. Կանանց իրավունքները` Հայաստանում

Հայ կանայք ցածր ինքնագնահատական ունեն. փաստում են կանանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների աշխատակիցները:

«Շիրակի մարզի Սարատակ գյուղում խոսելով կանանց և տղամարդկանց իրավահավասարությունից, մի կին ասաց, որ գոմ մաքրելն իր պարտականությունն է, ու եթե նա ինչ-ինչ պատճառներով դա չի արել, ուրեմն իր ամուսինը կամ սկեսուրը իրավունք ունեն իրեն  ծեծելու»,- «Մեդիալաբին» ասում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը:

Նիկողոսյանի կարծիքով մայրաքաղաքի և մարզերի կանանց ընկալումներն այս հարցում իրարից շատ չեն տարբերվում և կնոջ դերին համապատասխանող գործառույթները չանելու դեպքում ծեծն ու ֆիզիկական բռնությունը համարվում են արդարացված, պարզապես Երևանում կան կանանց մի որոշակի խումբ, որոնք ունեն լավ կրթություն, իրազեկված են և ունեն լայն աշխարհայացք:

«Բայց դրանք մի քանի կետիկներ են, ընդ որում քիչ կետիկներ,- ասում է նա,- կա նաև համեմատաբար ավելի մեծ խումբ, որոնք դեմ չլինելով կնոջ դերին վերաբերվող տարածված կարծրատիպերին, այդուհանդերձ, դեմ են ծեծին ու բռնությանը»:

Այս ՀԿ-ն 2011թ. հանրապետության տարբեր մարզերում և քաղաքներում՝  550 բնակչի շրջաններում սոցիոլոգիական հարցում է անցկացրել կնոջ ընդունված դերին վերաբերվող կարծրատիպերի մասին, որի համաձայն ընտանիքում տղամարդու գործը հիմնականում աղբ թափելն է ու երբեմն առևտուր անելը, իսկ երեխաների խնամք, դաստիարակություն, խոհանոց, լվացք և այլ տնային գործերը կնոջ պարտականություններն են: Հարցվածների 74 տոկոսը պատասխանել է, որ ազատ գործելու համար նրան խանգարում է հասարակական կարծիքը:

«Նաև շատ տարածված կարծրատիպ կա, որ կինը չպետք է աշխատի, իսկ այն որ նա աշխատում է դաշտում, կով է կթում կամ հետևում է տանը՝ դա համարվում ոչ թե աշխատանք, այլ պարտականություն,- «Մեդիալաբին» ասում է ՀԿ համահիմնադիր Նոնա Արուճյանը,- իսկ կանանց մի ստվար խումբ համաձայն է, որ չաշխատող կանանց երեխաները ավելի դաստիարակված ու խելացի են, քան աշխատողներինը»:

Նիկողոսյանն ասում է, որ նմանատիպ մտքեր և կարծրատիպերի կրող են կառավարման օղակներում ընդգրկված մարդիկ, որոնք պարզապես «իրավունք չունեն այդպես մտածել»:

 «Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարում է, որ կանանց ֆուտբոլը այդքան էլ կարևոր չէ, որովհետև հայ հայրն ու ամուսինը երբեք թույլ չեն տա, որպեսզի իրենց աղջիկը քույրը կամ կինը ֆուտբոլով զբաղվեն,- ասում է Արուճյանը,- ի դեպ, դրանից հետո Վանաձորի աղջիկների մի երիտասարդ թիմ ցրվեց, որովհետև շատերի հայրերն արգելեցին, որպեսզի իրենց դուստրերը հաճախեն խմբակ»:

Նիկողոսյանը պատմում է, որ իրենց փորձառության ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ գյուղից շատ աղջիկներ քաղաք գալու և թրեյնինգի մասնակցել չեն կարողանում, քանի որ նրանց եղբայրները «որոշել են, որ իրենց քույրը երբեք չի սովորելու, և նրա գործը ամուսնանալն ու երեխա բերելն է»:

Վերջին թարմ հետազոտությունը կարծրատիպերի վերաբերյալ՝ արել է Կանանց աջակցման կենտրոն ՀԿ-ն 1500 բնակչի շրջանում՝ հանրապետության խոշոր քաղաքներում: Համեմատության դեպքում երեք տարիների ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել հասարակական ընկալումների տեսանկյունից:

Հայ կանանց շրջանում տարածված է տղամարդու մասին՝ ընտանիքի գլուխ լինելու և որոշում կայացնողի մասին ընկալումը:

 «Մեդիալաբի» լրագրողը մտաբերում է երեք տարի առաջ՝ մարտի 8-ի կապակցությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով կազմակերպված ցերեկույթը, որի ընթացքում կին լրագրողներից մեկը բաժակ բարձրացրեց և խմեց տղամարդկանց կենացը՝ որպես տիեզերական և կնոջից մի աստիճան բարձ կանգնած էակի:

Կանանց խնդիրներով փորձագետները նշում են, որ ոլորտի ամենամեծ հիմնախնդիրներից մեկը  գենդերային հիմքով բռնությունն է. այսինքն բռնություն, որին ենթարկվում է կինը՝ կին ծնված լինելու հանգամանքի բերումով:

Բռնությունը կարող է լինել ինչպես  ֆիզիկական ու սեռական, այնպես էլ հոգեբանական և ֆինանսական:

Ի դեպ, Հայաստանում սակավաթիվ են անմիջականորեն կանանց նկատմամբ և ամբողջ Հայաստանի կտրվածքով բռնություններին անդրադարձող հետազոտություններ: Դրանցից մեկը 2007թ. «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ պատվերով իրականցրել է Հայաստանի Ամերիկյան համալսարանը:

Արդյունքների համաձայն, հարցման ենթարկված կանանց 66 տոկոսը ենթարկվել է հոգեբանական, 28 տոկոսը միջին կամ դաժան ֆիզիկական բռնության, իսկ 60.5 տոկոսը կարծում է, որ ընտանեկան բռնությունը լայն տարածում ունի Հայաստանում:

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը «Մեդիալաբին» ասում է, որ այս իրավիճակը բարենպաստ է բռնարարների նոր սերունդի վերատադրման համար:

«Երկրում կա համընդհանուր հանդուրժողականություն կանանց դեմ բռնության, և ըստ տարածված ընկալման՝ կինը երեխա արտադրող գործիք է, ու նրա գործը տանից ու խոհանոցից այն կողմ չի անցնում. սա տարածված է հասարակության ամենալայն շերտերում՝ սկսած ռամիկից մինչև ամենաբարձ օղակներ»,-ասում է նա:

ՄԱԿ-ի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային կովկասում» ծրագրի 2011թ. զեկույցում նշված է, որ գենդերային բռնությունը Հայաստանում շարունակում է մնալ որպես կայուն խնդիր, և այս երևույթի դեմ պայքարելու և արմատախիլ անելու համար հետևողական ջանքեր են անհրաժեշտ:

Բավական բարդ է կամ գրեթե չկան բռնության համընդհանուր պատկերը պարզող վիճակագրական տվյալներ: Ոստիկանության կայքում տեղակայված օպերատիվ ամփոփ տեղեկագրում չկա  բռնություն տողը, փոխարենը կա բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ ամփոփ տվյալը:

Այդուհանդերձ, կա մասնակի վիճակագրություն, որոնք տարվում են ոլորտում աշխատող ՀԿ-ների կողմից: 

2013թ. «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն արձանագրել է ընտանեկան բռնության 16 դեպք, որոնցից 6-ն ավարտվել են կնոջ մահով, «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ–ն տարվա ընթացքում թեժ գծի միջոցով ստացել է 1344 ահազանգ, որոնցից 473–ը վերաբերել է ֆիզիկական, իսկ 261-ը՝ հոգեբանական բռնության դեպքերի։

Կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ մեդիայի պատասխանատու Էլվիրա Մելիքսեթյանն ասում է, որ ընտանեկան բռնության ամենակոծկված շերտը սեռական բռնությունն է, որի մասին գրեթե ոչ ոք չի խոսում:

«Երբ ամուսինը հարբած է, կամ կինը պարզապես չունի հարաբերություն ունենալու ցանակություն, սակայն ամուսինը հարկադրում է, կինը դա չի դիտարկում որպես բռնաբարություն, որովհետև դա համարվում է պարտականություն,- ասում է նա,- երբ կանայք դիմում են ֆիզիկական բռնության հարցերով, չի բացառվում, որ դա էլ լինի, ուղղակի այդ մասին չեն խոսում»:

Տնտեսական բռնության օրինակ՝ ըստ Հասմիկ Գևորգյանի, կարող է համարվել այն, երբ ամուսինը կնոջը հարկադրում է կենակցել, վերջինիս համար նրա ցանկացած իրը գնելու համար:

«Այս ամենը իրար հետ խառն են և զուգակցվում են մեկը մյուսով»,- ասում է  նա:

Այդուհանդերձ, ոլորտում աշխատող ՀԿ-ների աշխատակիցները նշում են, որ կանանց հիմնախնդիրներին վերաբերվող հարցերում որոշակի տեղաշարժ կա, քանի որ շատանում են ահազանգերի թիվը:

«Դա իհարկե չի նշանակում, որ բռնության դեպքերն են շատացել, պարզապես մարդիկ սկսել են խոսել դրա մասին»,- ասում է Մելիքսեթյանը:

Նա նշում է նաև, որ վերջին երկու տարիների ընթացքում շատ են գրանցվում նաև սեռական բռնության դեպքեր անչափահաս աղջիկների նկատմամբ, ընդ որում բռնությունը կատարվում է ոչ թե անծանոթ անձանց, այլ ծանոթների կողմից:

«Վերջերս գյուղերից մեկում մի աղջկա ծանոթը հեռախոս գնելու պատրվակով նրան տարել ու բռնաբարել էր, հետո ընտանիքը որոշեց բարձրաձայնել, որովհետև աղջկա մոտ հոգեկան բնույթի խնդիրներ առաջացան,- ասում է Մելիքսեթյանը,-խորթ հայրերի կողմից ևս լինում են նման դեպքեր»:

Բռնության ենթարկված կանանց դեպքերի բարձրաձայնումը սկսվեց 2010 թվականին Մասիսում սպանված 19-ամյա Զարուհի Պետրոսյանի ողբերգական դեպքից հետո: Սակայն նման դեպքերը բազմաթիվ էին: Նույն տարում՝ Երևանում, Գալինա Ալեքսանյանին սպանել էր ամուսինը, այնուհետև ինքնասպան եղել: Իսկ 2009թ. Սևանում 20 օրվա հարս Ժենյա Խալաֆյանին ծնողները թաղեցին հարսի շորերով:

Աննա Մուրադյան

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի  «Արքայադստերից` ստրուկ» ֆոտոպատմությունից

© Medialab.am