Վարչապետը Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է համահայկական օրակարգի շուրջ համախմբումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին:

Վարչապետը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունն ու ծրագրերը ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ Կառավարության և սփյուռքի հայկական կազմակերպությունների միջև շարունակական երկխոսությունն ու համահայկական օրակարգի շուրջ համախմբումը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Հայրենիք-սփյուռք հարաբերություններին և համազգային թեմաներին վերաբերող հարցեր: