ԱԱԾ-ն իր տիրությում չի դիտարկում Yandex Go-ի հայ օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության հարցը. Factor

Factor TV-ն օգոստոսի 8-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ից «Յանդեքս» տաքսի ծառայության հաճախորդների տվյալները շուրջօրյա ռեժիմով հասանելի կդառնան ռուսական հատուկ ծառայությանը։ Այդ օրն ուժի մեջ է մտնելու ՌԴ վարչապետի ստորագրած որոշումը, որի համաձայն՝ ինֆորմացիայի տարածման ռեեստրում ընդգրկված ընկերությունների տվյալները, այդ թվում՝ «Յանդեքս»-ինը, շուրջօրյա հասանելի են լինելու ФСБ-ին։

Եթե նախկինում տաքսի ծառայությունն ուղևորների տվյալները իրավապահներին տրամադրում էր համապատասխան հարցումների և հիմնավորումների դեպքում, ապա այժմ, ռուսական անկախ «Մեդուզա» լրատվամիջոցի պնդմամբ, «Յանդեքս»-ի հաճախորդների բոլոր տվյալները հասանելի են լինելու ռուսական՝ ФСБ-ին՝ անկախ նրանից՝ պատվերը կատարվել է Ռուսաստանից, թե մեկ այլ երկրից, որտեղ գործում է «Յանդեքս»-ը։ Yango և Yandex Go անվանումներով ծառայությունը գործում է աշխարհի ավելի քան 20 երկրում, այդ թվում Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Իսրայելում։

Այս տեղեկության տարածումից հետո թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում քննարկումներ սկսվեցին այն մասին, որ այսպիսով վտանգվում է Yandex-ի հաճախորդների անձնական տվյալների պաշտպանությունը։ Ֆինլանդիայի տվյալների պաշտպանության վարչությունը հայտարարեց, որ Yandex խմբին և նրա հոլանդական գործընկեր Ridetech International-ին արգելել է Yango տաքսի հավելվածի հաճախորդների անձնական տվյալները փոխանցել Ռուսաստանին։

Ղազախստանում մի քանի ժամով դադարեցվեց Yandex-ի տեղական դոմեյնի աշխատանքը՝ ռեսուրսի ապարատային և ծրագրային համալիրների՝ երկրի տարածքից դուրս գտնվելու հետ կապված, որից հետո երկրի իշխանությունները հանդիպեցին Yandex-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ղազախստանի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև այս երկրի տարածքում սերվերների տեղադրման հարցը։ Yandex-ը պատրաստակամություն հայտնեց yandex.kz տիրույթը սպասարկող սերվերները տեղափոխել Ղազախստան։

Տեղեկության տարածումից հետո Հայաստանի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որ սկսել են խնդրի առարկա անձնական տվյալների մշակման իրավաչափության վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություն։ Օգոստոսի 17-ին գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությանը հասանելի չեն Հայաստանի Հանրապետությունում Yandex Go-ի օգտատերերի տվյալները։ Այս մասին գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել էին «Րայդթեք էյ էմ» ընկերությունից:

«Ռուսաստանի Դաշնության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 580-ФЗ դաշնային օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում Yandex Go-ի, ինչպես նաև ընկերության գործունեության այլ ասպեկտների վրա»,- ասված է ընկերության պատասխանում:

«Տաքսու մասին օրենքի պահանջները չեն տարածվում Ռուսաստանի իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից օտարերկրյա պետությունների տարածքում մարդատար տաքսիներով ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայությունների մատուցման վրա»,- հայտնել են Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հարցմանն ի պատասխան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: