«Ակնհայտ է, որ աշխատում է կոնկրետ ցանց՝ իր ֆինանսական ու այլ ռեսուրսներով, ֆեյքային ֆաբրիկաներով». Արսեն Խառատյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է հասարակական-քաղաքական գործիչ, Վրաստանում գործող «Ալիք մեդիա» հայկական հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը

– Պարո՛ն Խառատյան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանն ու ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել իրավապահներին՝ իրենց հասցեին հնչած սպառնալիքների կապակցությամբ։ Դատախազության կողմից նյութերն արդեն ուղարկվել են ոստիկանություն։ Ըստ ձեզ՝ ո՞րն է այդ սպառնալիքների նպատակը։

– Ակնհայտ է, որ տևական ժամանակ է՝ սա նկատելի է՝ իմ և իմ ընտանիքի հետ կապված։ Հիմա էլ ընդլայնել են իրենց սպառնալիքները։ Սա նաև այն ամենի հետևանք է, որ բավական երկար ժամանակ նմանատիպ այլ վարքագծեր չեն ստացել բավարար իրավական գնահատական։

Թե կոնկրետ ինչո՞ւ հիմա, ոչ մի նոր բան չկա, սա տևական ժամանակ տեղի էր ունենում, ուղղակի մենք որոշեցինք, որ այսուհետ նման սպառնալիքների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Հետևաբար, այդ մասին հրապարակային խոսեցինք։

– Ի՞նչ եք ակնկալում իրավապահներից՝ հաշվի առնելով նաև այն, որ ինքներդ էլ ասացիք՝ նախկինում նմանօրինակ դեպքերը պատշաճ իրավական գնահատական չեն ստացել։

– Կարծում եմ՝ պետք է շատ հստակ ու կոնկրետ գործողություններ լինեն, ստուգեն այնտեղ հանցակազմ լինել-չլինելու հարցը։ Եվ զուգահեռաբար նաև պետք է հասկանանք, թե որն է այն սահմանը, որից հետո մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, որովհետև ինչքան տեսնում եմ՝ այդպիսի սահման հիմա չկա։

Եվ կան առանձին անհատներ, որոնք սադրանքների միջոցով շարունակաբար թիրախային փորձում են մարդկանց հունից հանել։ Եվ այդ հունից հանելու ճանապարհին ինչ-որ հատվածային հաջողություններ ունենում են թերևս։ Բայց այստեղ պետք է շատ համակարգված մոտեցում ցուցաբերել, որովհետև ակնհայտ է՝ այստեղ աշխատում է կոնկրետ ցանց, որն ունի իր ֆինանսական ու այլ ռեսուրսներ, այդ թվում՝ ֆեյքային ֆաբրիկաներ։

Եվ երբ թիրախավորում են որևէ մեկին և փորձում են սոցիալական ցանցերում դա տարածել, հանրային որոշ հատվածների կարծիքի վրա կարող են ազդել։

Եվ անընդհատ տարբեր գործիչների «սորոսական» պիտակն է փակցվում, այսինքն՝ հստակ գի՞ծ է տարվում։

– Իհարկե, կարող ենք ասել, որ այդ գիծը սկսել են և շարունակաբար տանում են։ Տրամաբանությունն աշխատում է նաև մեր հարևան երկրներում, և հիմնական գաղափարական առանցքը հյուսիսային մեծ բարեկամից է գալիս։

– Դուք ասում եք՝ ցանց է գործում՝ իր ֆինանսական ռեսուրսներով, վերջերս նաև Միքայել Մինասյանն էր Հրանուշ Խառատյանի անունը հիշատակել իր ելույթում։ Կարո՞ղ ենք ասել, որ նա կապ ունի այս ամենի հետ։

– Ես վստահ չեմ՝ որքանով են Մինասյանն ու Ռոբերտ Քոչարյանն այս փուլում միմյանց հետ համագործակցում։ Իսկ այդ շարքերում կան մարդիկ, որոնք այդ համակարգն օգտագործելով՝ թերևս կփորձեն իրենց ավելի հասու դարձնել այդ մարդկանց, որպեսզի ավելի շատ փող տան իրենց, որովհետև այնտեղ ուրիշ մոտիվացիա ես չեմ տեսնում։

– Ազգային ժողովը վերջերս ընդունեց բռնության հրապարակային կոչերը քրեականացնող օրենքը։ Ի՞նչ ակնկալիք պետք է ունենալ այսուհետ, որ նման դեպքերը օրենքի շրջանակներում խստագույն պատիժ կստանան։

– Ես կարծում եմ, որ պետք է շատ կտրուկ գործողություններ լինեն։ Պետք է հստակեցվի սահմանը, և նաև օրենքի կիրառելիության տեսանկյունից շատ հստակ պետք է ցույց տրվի, թե ընդհանրապես ինչ վարքագիծ պետք է որդեգրվի, որպեսզի մեր հանրությունը չգնա ինքնադատաստանների ճանապարհով։

Ի վերջո, կան շատ օրենքներ, կոնվենցիաներ, միջազգային համաձայնագրեր, բայց մենք ունենք մեր հայաստանյան մշակույթն ու մտածողությունը, ուստի դրանից ելնելով պետք է կառուցվի մեր օրենսդրությունն ու դրա կիրառելիությունը։

Եթե մի հասարակությունում կոնկրետ հայհոյանքը մի ընկալում ունի, մեր հասարակությունում տևական ժամանակ այդ նույն հայհոյանքը կարող է ծնել շատ լուրջ բռնություններ։

– Պատգամավորներն արդեն ԱԺ ամբիոնից բարձրաձայնում են կոնկրետ դեպքերի մասին, այսինքն՝ պետական մակարդակով վերաբերմո՞ւնք է ձևավորվում այս երևույթի դեմ։

– Կարծում եմ՝ վերաբերմունքն ըստ էության կար, բայց հիմա պատգամավորներն ավելի բարձրաձայն են խոսում այդ մասին, ինչը շատ դրական է։ Հիշեցնեմ, որ սա նաև պետք է ցուցիչ լինի այն տեսանկյունից, որ Հայաստանում պատերազմ է հայտարարված նման երևույթներին։

Իսկ սա արժեքային պատերազմ է, պրիմիտիվ մանիպուլյացիաներով մարդկանց կոնկրետ թիրախավորել ու ատելություն քարոզել, միֆեր ու պատրանքներ ստեղծել, որ Հայաստանում կայունության պակաս կա։ Իսկ դա, այնուամենայնիվ, ազդում է մարդկանց վրա։

Ես կարծում եմ՝ կառավարությունը, և Ազգային ժողովում կան մարդիկ, որոնք դա շատ լավ գիտեն, հաճախ իրենց մաշկի վրա են զգում։ Եվ շատ բնական եմ համարում, որ, այո՛, փորձում են նաև Ազգային ժողովում հարցը բարձրացնել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am