«Արցախյան պատերազմը խլեց մեր տունը, հայրենիքը, երեխաներիս անհոգ մանկությունը, մեր ամբողջ ունեցվածքը, նաև եղբորս»․ Շուշիից Քաջարան՝ անվտանգության սպասումով

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը և դրան նախորդած ապրիլյան պատերազմը ցավ ու տառապանք են բերել Արմենուհի Մինասյանի ընտանիք։

«Արցախյան երրորդ պատերազմը մեզանից խլեց մեր տունը, հայրենիքը, երեխաներիս անհոգ մանկությունը, մեր ամբողջ ունեցվածքը, նաև հարազատիս»,- «Մեդիալաբին» ասում է Շուշիից 5 անչափահաս երեխաների և ամուսնու հետո Սյունիքի մարզ` Քաջարան տեղափոխված Արմենուհի Մինասյանը։

Մինասյանի ընտանիքը ոչ միայն չի հասցրել վայելել 10 տարի վարձով ապրելուց հետո Շուշիում նոր ձեռք բերված, կահավորված տունը, չի հասցրել ավարտին հասցնել նոր գնված հողատարածքի վրա շինարարությունը և ձեռնունայն հեռացել տնից, նաև պատերազմը խլել է եղբորը և առողջական խնդիրներ առաջացրել երեխայի մոտ։

«2016-ի պատերազմը իր հետքը թողել է իմ 4 տարեկան որդու վրա, նա ունի խոսքի հաղորդակցության կորուստ։

Էդ պատերազմի ժամանակ ես հղի էի, ինձ ասեցին, որ եղբայրս՝ Վազգենը, մահացել է, զանգեցին ու ցավակցեցին, բայց Շուշիից մեկ այլ Վազգեն էր մահացել, իրենք շփոթել էին: Ես վատացա, հիվանդանոց ընկա, էդ ապրումները երեխուն անցան։ Հիմա հաղորդակցման խնդիր ունի, ամեն ինչ հասկանում է, իր ձևով բացատրում, բայց չի խոսում։

Մինչ պատերազմը մենք հաճախում էինք Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն հոգեբան լոգոպեդի մոտ։ Էստեղ երեխու հետ վճարովի հիմունքներով հոգեբան է աշխատանքում, Ստեփանակերտում անվճար էր»,- ասում է Մինասյանը։

Արմենուհի Մինասյանը ցավով նշում է, որ այս պատերազմն էլ եղբորը խլեց, եթե նախորդ անգամ շփոթմունք էր եղբոր զոհվելու մասին լուրը, այժմ՝ իրականություն։ «Եղբայրս զոհվեց Շուշիում»,- հուզված ասում է Մինասյանը։

Մինասյանի ընտանիքը Սյունիքում վարձակալել է 2 սենյականոց տուն, որտեղ բնակվում են ընտանիքի 7 անդամներով:

«Փոքր տուն ա, մի կերպ հարմարացրել ենք, դիվանները միացրել ենք, որ երեխեքը քնեն, լեժանկա ենք դրել, ապրում ենք»,- ասում է Արմենուհի Մինասյանը։

Մինասյանի ընտանիքն այժմ դժվարությամբ, բայց փորձում է նաև սեփական աշխատանքով վաստակել, ամուսինը շինարարությամբ է զբաղվում, սակայն, Մինասյանի խոսքով՝ տան վարձը, կումունալներն ու երեխաների կարիքները բավարարելու համար չի բավականացնում: «Սյունիքում էլ ցուրտ է, տաք հագուստ ու կոշիկ է պետք։ Կոմունալներն էլ շատ են, չենք հասցնում՝ գազը, լույսը շատ են կազմում։ Երեխային էլ հոգեբանի մոտ եմ տանում, ծախսերը շատ են»,- նշում է Մինասյանը։

Մինասյանը դեռ չի պատկերացնում՝ ի՞նչ կլինի ապագայում։ Ասում է՝ մինչև համոզված չլինեն, որ Արցախում անվտանգ է, չեն կարող վերադառնալ:

«Ասել են՝ Արցախի գյուղերում տուն են կառուցելու, ով առաջին 30-ը դիմեց, առաջինը իրենց են տալու։ Մենք դեռ չենք դիմել, դիմում չենք գրել, սպասում ենք, ապահով լինի, իմանանք՝ անվտանգ ա, կգնանք»,- նշում է Մինասյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am