Փետրվարին աննախադեպ բարձր ջերմաստիճանը վտանագավոր է գյուղատնտեսության համար. գյուղատնտես

Լուսանկարը՝ «Արմենպրես»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ, գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, օրերս պաշտոնապես հայտարարվեց, որ 2020-ին գյուղատնտեսսության ոլորոտում 1,4 տոկոս աճ է գրանցվել, ինչը կառավարությունում աննախադեպ համարեցին՝ համավարակով ու պատերազմով պայմանավորված ճգնաժամի պայմաններում: Դուք ունե՞ք վերլուծություն, ինչի՞ հիման վրա էր այդ աճը:

– Իհարկե, դա մեծ աճ չէ, ուղղակի ընդհանուր տնտեսական անկման ֆոնին այդ 1,4 տոկոսը բոլոր դեպքերում նկատվում է: 

Առաջին հերթին նման աճը պայմանավորված էր բնակլիմայական բարենպաստ պայմաններով, որովհետև գարնանային ցրտահարություններ հարթավայրերում չգրանցվեցին: Ընդհանրապես, 2020-ը այդ իմաստով բացառիկ տարիներից մեկն էր: Բացի այդ, կարկտահարություն էլ գրեթե չեղավ: 

Սա կարևոր հանգամանք էր, որը նպաստում էր հատկապես պտղատուների բերքաքատվության ապահովմանը: Բարենպաստ էին պայմանները, մասնավորապես, խաղողագործության համար՝ ցրտահարություններ չեղան, իսկ ամռան ամիսները չորային էր, վնասատուների զարգացում խաղողի այգիներում չգրանցվեց: 

Անցյալ տարի խաղողի բավական բարձր բերք ստացվեց, իսկ խաղողն էլ՝ որպես բարձրարժեք մշակաբույս, պետք է որ այդ ծավալները իրենց ազդեցությունն ունենային գյուղոլորտում ընդհանուր աճի վրա: 

Միևնույն ժամանակ, կորիզավոր պտղատեսակների բերքը 2020-ին ցածր էր 2019-ի համեմատ, ինչը, տարբեր ուսումնասիրությունների համաձայն, պայմանավորված էր գարնանը պարբերաբար դիտվող անձրևային եղանակով: 

Գարնանը սնկային հիվանդությունների լուրջ բռնկում կար, հատկապես կորիզավոր պտղատեսակների մոտ, որի հետևանքով բերքի բավական լուրջ կորուստներ գրանցվեցին:

– Ծիրանի բերքն այդպես եղավ, այնպես չէ՞:

– Այո՛, այո՛, դեղձի, կեռասի, բալի բերքը բավականաչափ տուժեց: Մնացած մշակաբույսերի համար որևէ արտառոց բան չի եղել, օրինակ՝ բանջարանոցային մշակաբույսերի բավական լավ բերք ստացվեց, հատկապես լոլիկի բերքը բավական լավ էր ու ընդ որում՝ ամբողջ տարվա ընթացքում, նույնիսկ մինչև ուշ աշուն բավականաչափ առատ մատակարարում կար շուկային ու շատ ավելի մատչելի էր՝ ի տարբերություն նախորդ տարիների:

Ձմերուկի գինը նույնպես մատչելի էր, ու բավական լուրջ քանակություն կար շուկայում: 

Հացահատիկային մշակաբույսերի բերքը ջրովի պայմաններում միշտ էլ կայուն է եղել: Եթե ընդհանուր գնահատենք, ապա 1,4 տոկոս աճը գյուղատնտեսության ոլորտում օրինաչափ է:

Բնակլիմայական պայմանների դերը Հայաստանի գյուղատնտեսության մեջ շատ-շատ վճռորոշ է, բայց, բարեբախտաբար, 2020 թվականին հիմնական մշակաբույսերի համար բնակլիմայական պայմանները բավականաչափ բարենպաստ էին:

– Այս տարի ի՞նչ կանխատեսումներ ունեք, հնարավո՞ր է հիմա խոսել աճի մասին:

– Շատ դժվար է կանխատեսումներ անել: Ձմռանը, հատկապես դեկտեմբերի վերջին, հունվարի կեսերին շատ առատ տեղումներ գրանցվեցին ձյան տեսքով, մասնավորապես՝ բարձրադիր գոտիներում: 

Սա, իհարկե, շատ լավ է, բայց փետրվար ամսին աննախադեպ բարձր ջերմային ռեժիմ է հանրապետությունում: Սա, իհարկե, անցանկալի երևույթ է: Այս երևույթը բացարձակապես, որևէ կերպ գյուղատնտեսության համար ընդունելի չի կարող լինել:

– Ի դեպ, այսօր տեղեկություն տարածվեց, որ Սյունիքում ծիրանենին ծաղկել է:

– Այո՛, կարող է նման բան լինել, բայց չպետք է ընդհանրացնել, որովհետև Արարատյան դաշտավայրում, որտեղ ծիրանի հիմնական արտադրության գոտին է, նման խնդիր չկա: 

Հիմա առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի անկում, որը շատ կարևոր է, որպեսզի պտղատու ծառատեսակները գտնվեն հարկադրական հանգստի փուլում: Դրանց ծաղկումն այս փուլում շատ վտանգավոր է, որովհետև մինչև ապրիլի 20-25-ը ցրտահարության վտանգ կա, այնպես որ, այս բարձր ջերմային ռեժիմը որևէ կերպ չի կարող մեզ գոհացնել: 

Շատ հաճախ մարդիկ ուրախանում են, որ ջերմաստիճանը բարձրանում է, բայց ջեռուցման համար ընդամենը մի քանի հազար խնայելու դիմաց մենք հետո ստիպված կլինենք տասնապատիկ ավելի շատ վճարել, որ կարողանանք միրգ-բանջարեղեն ձեռք բերել: 

Գյուղատնտեսության ոլորտի համար ջրամբարների ընդհանուր ջրապահովվածության խնդիրն է կարևոր, և այդ առումով դրական հաշվեկշիռ կա: Բացի Ախուրյանի ջրամբարից, մնացած բոլոր ջրամբարներում նախորդ տարվա համեմատությամբ ջրի քանակությունը կամ նույնն է, կամ զգալի գերազանցում է: Այնպես որ, այս դեպքում էլ այսօր հուսադրող հանգամանքներ կան: 

– Այսինքն՝ եթե բնությունը անակնկալներ չմատուցի, Հայաստանի գյուղատնտեսությունը այս տարի ևս կունենա աճ:

– Գիտեք՝ Հայաստանի գյուղատնտեսությունում կայուն աճ ապահովելու համար առաջին հերթին պահանջվում են մեծ, լուրջ ներդրումներ և շարունակական զարգացման ծրագրեր: Այն, ինչ մենք ներդրել ենք անցյալում ու ներդնում ենք հիմա գյուղատնտեսության մեջ, չնչին գումարներ են:

Գյուղատնտեսության նկատմամբ միշտ եղել է մնացորդային վերաբերմունք, և այդ ոլորտը երբեք չի ստացել ֆինանսական այնքան աջակցություն, որը կհաղթահարեր, կլուծեր առկա խնդիրները:

– Այս կառավարությունը ներդրել է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը: Ուսումնասիրե՞լ եք՝ որքան կարող է օգնել ոլորտին:

– Գյուղատնտեսության ապահովագրությունը տասնյակ տարիներ եղել է մեր մեծագույն երազանքը: Դեռևս 2000-ական թվականներին նախարարությունը լուրջ աշխատանքներ է կատարել, ուսումնասիրվել է արդի փորձը և այլն:

Շատ ռիսկային ոլորտ է: Անցյալ տարի, իմ տեղեկություններով, շուրջ 1500 գյուղատնտեսներ էին ապահովագրել իրենց տնտեսությունը: Դա շատ փոքր թիվ է, և սա այն դեպքում, երբ ապահովագրավճարի 50-60 տոկոսը պետությունն է փոխհատուցում: 

Մի քիչ անվստահություն կամ թերահավատություն կա ֆերմերների շրջանում այդ ծրագրի նկատմամբ: Բացի այդ, ապահովագրական ընկերությունները այդքան էլ շահագրգռված չեն ապահովագրության այդ տեսակի հարցում, որովհետև այդ ուղղությունը կարծես անծանոթ է իրենց ու շահավետ չէ: Երկկողմանի անտարբերություն կա այդ հարցում:

Բայց պետք է շատ խորությամբ վերլուծել խնդիրները, քննարկումներ կազմակերպել շահագրգիռ անձանց հետ համայնքներում ու գտնել լուծման տարբերակներ: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am