Երևանցին այսօր զրկված է ուլտրամանուշակագույն ճառագայթներից ու ջերմային սթրեսից պաշտպանվելու հնարավորությունից. Վարդանյան

Լուսանկարում 2025 թվականին կենտրոնում իրականացրած լայնածավալ ծառահատումից: (Արխիվ)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյան

– Տիկի՛ն Վարդանյան, մշտապես ահազանգում էիք չհիմնավորված ծառահատումներից բխող հետևանքների մասին, որոնք հատկապես զգալի էին լինելու ամռանը: Մայրաքաղաքում ամառային տապ է, քաղաքն էլ՝ զրկված ծառերից: Ի՞նչ ունենք այսօր:

– Ցավոք սրտի, ականջալուր չլինելով այն ահազանգերին, որոնք ես բազմիցս հնչեցրել եմ, զուգահեռաբար վկայակոչելով նաև միջազգային հեղինակավոր փորձագետների կարծիքը, Երևանի քաղաքապետարանը անհասկանալի որոշմամբ՝ զանգվածաբար Երևանում, մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում փողոցների երկայնքով հատեց թեղի ծառատեսակը, նաև հացենին՝ Մոսկովյան փողոցում առհասարակ անհասկանալի պատճառով, ու մենք հիմա ունենք այն իրավիճակը, որի մասին զգուշացնում էինք: 

Եթե էկոլոգիական տեսանկյունից դիտարկենք, Կենտրոնը մայրաքաղաքի ամենախնդրահարույց վարչական շրջաններից մեկն է, որովհետև այստեղ և՛ գերկառուցապատված է, և՛ շատ մեծ ծավալի շինարարություն է ընթանում, նաև բարձր է բնակչության խտությունը, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակն է շատ բարձր, այսինքն՝ այստեղ են խտացված այն բոլոր խնդիրները, որոնց մասին ես ժամանակին բարձրաձայնել եմ, դրանց կիզակետը հենց Կենտրոն վարչական շրջանն է: 

Ցավոք սրտի, կանաչապատում չի արվում հանուն գեղեցկության, դա առողջության համար է, պետք է հասկանալ՝ ո՛ր ծառատեսակով ո՛ր խնդրի լուծման համար քաղաքը պետք է ծախսի որոշակի միջոցներ, որովհետև սա ահռելի էկոտնտեսություն է, ու պետք է հասկանալ՝ ի՛նչ էկոծառայություն ենք սպասում ծառերից: 

Երևան քաղաքում հատեցին խոշոր սաղարթավոր ու լայնատերև ծառատեսակները, տնկեցին ծառատեսակներ, օրինակ՝ հուդայածառեր, որոնք անհասկանալի սաղարթ ունեն, ո՛չ մեծանում են, ո՛չ էլ մեծանալու են ու չեն կատարելու հատված ծառերի դերը: Փաստացի քաղաքային բյուջեից ծախսելով հսկայական միջոցներ, օրինակ՝ Մելիք-Ադամյան փողոցում ամեն մի գնդաձև կատալպայի համար ծախսվել է 100 հազար դրամ, Սայաթ-Նովայում յուրաքանչյուր գնդաձև սոսիի համար՝ 150 հազար դրամ և այլն, չենք ստացել գրեթե ոչինչ, իսկ թվային տվյալները տեսնում եք:

Այսօր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը գերբարձր է, երեկ նույն ցուցանիշներն էին, ու սա էքստրեմալ չէ, Երևանն ունի խիստ ցամաքային (սուբկոնտինենտալ) կլիմա ու սա շատ բնորոշ է Երևանին: Սովորական հուլիսյան Երևանն է, արտակարգ բան չկա, մենք ի սկզբանե պետք է առաջնորդվենք բնակչության առողջության պահպանման, կյանքի որակն ու տևողությունը ապահովելու սկզբունքով, այն, ինչ հիմա բացակայում է Երևանում, ու այն մարդիկ, որոնք հիմա իրականացնում են այս գործընթացները, խոսում են ուղղակի գեղազարդման մասին, ինչը հասկանալի չէ: 

– Այսինքն՝ ծառահատումների ծրագիրը որպես հետևանք՝ ի դեմս նոր ծառատեսակների, քաղաքացիներին տվեց միայն գեղագիտությո՞ւն:

– Գեղազարդումն էլ մեծ վերապահումներով կարող եմ ասել, որովհետև ամեն ինչ պետք է նաև նպատակային լինի: Երբ Մոսկովյան փողոցում հացենիներ էին տնկված, նախկինում գրագետ դենդրոլոգները, մեր տարածաշրջանի համար բույս ընտրելով, հաշվի էին առել հացենու և՛ դեկորատիվ, և՛ սանիտարահիգիենիկ հատկանիշները, որովհետև փողոց էին կանաչապատում: 

Ժամանակին ցանկացած որոշում, որ ներկայացվում էր գիտնականների կողմից, հիմնված էր տնտեսական հաշվարկների վրա, այսինքն՝ ի՛նչ խնդիր ենք լուծում, ինչպե՛ս ենք պաշտպանում բնակչությանը: Գիտելիքի վրա հիմնվելով՝ պետք է կարողանանք քաղաքի բնակիչներին պաշտպանել, իսկ դա ենթադրում է պաշտպանություն ջերմային սթրեսից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ապահովել փոշենստեցման արդյունավետությունը և այլն, ինչից այսօր զրկված է Երևանի բնակիչը: 

Այս բարեփոխումներ կատարողները թող դուրս գան ու կանգնեն առանց սաղարթի Սայաթ-Նովայի պողոտայում կամ Թումանյան, Ալեք Մանուկյան փողոցներում ու սպասեն տրանսպորտին այն միջակայքով, որով աշխատում է Երևանի «բարեփոխված» տրանսպորտային համակարգը: 

Հատկանշական մի բան ասեմ. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգը, որը Ագրարարային համալսարանի դոցենտ է, ինչպես նաև ՀՈԱԿ-ի տնօրենի խորհրդատուն, համահեղինակությամբ հոդվածներ ունեն, որոնցում նշում են, որ այն ծառատեսակները, որոնք հիմա իրենք տնկում են մեր քաղաքում, Երևանի կլիմայական պայմաններում իրենց շատ ծանր են զգում: Նրանք այդ գնահատականը տվել են այգեպուրակային տարածքների մասով, որտեղ պայմաններն անհամեմատ ավելի բարվոք են ու փողոցի հետ չես համեմատի: 

Այդ ծառատեսակներն նրանք բնորոշում են Երևանի պայմաններին չհարմարվող, իսկ հիմա որոշում են կայացնում, որ այդ ծառատեսակները պետք է փողոցներում տնկեն: Քաղաքում ամբողջությամբ տնկում են այն ծառերը, որոնց վերաբերյալ գիտական աշխատություներում նշում են, թե չի կարելի օգտագործել: Հիմա ես ինչպե՞ս վստահեմ, որ այն, ինչ իրենք անում են քաղաքում, գիտահենք մոտեցում է, բյուջեից միլիարդներ են ծախսել, որոնց տակ որևէ գիտական հիմնավորում չկա: 

Այս իշխանությունն արեց անթույլատրելին՝ տասնամյակներով մերկացրեց քաղաքի սիրտը, զրկեց բոլորիս մեր հիշողությունների Երևանը վայելելու հնարավորությունից։

Փողոցներն անճանաչելիորեն փոխեցին, վերածեցին ասֆալտապատ, փոշիով և կիզիչ արևով լի անցուղիների, ծառերը փոխարինեցին գաճաճ ու թերի նմանակներով։

– Ինչպե՞ս պաշտպանվի քաղաքացին այս դեպքում:

– Երբ քաղաքի կենտրոնական փողոցներում հատվել են ծառերը, և բնական ստվերը վերացել է, արևից պաշտպանվելն արդեն դառնում է ոչ միայն անհարմարության, այլև առողջության պահպանման խնդիր։ 

Պետք է օգտագործել լայնեզր գլխարկ՝ ցանկալի է 7-10 սմ եզր ունեցող գլխարկներ՝ ծղոտե, բամբակյա կամ breathable սինթետիկ նյութերով։ Լավ տարբերակ են նաև գլխաշորերը (շարֆեր), որոնք ծածկում են պարանոցը։

Օգտագործել բարձր դասի արևապաշտպան քսուք (SPF 30+)՝ քսել դեմքին, պարանոցին, ձեռքերին՝ դուրս գալուց 20 րոպե առաջ, յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ թարմացնելով, հատկապես քրտնելուց հետո։

Փնտրել արհեստական ստվեր՝ ծածկերով կանգառասրահներ, քայլել շենքերի ստվերի տակ: Օգտագործել ծալվող անձրևանոց որպես հովանոց (հատկապես թեթև արծաթափայլները՝ ջերմային անդրադարձով)։

Կրել արևապաշտպան հագուստ՝ բաց գույնի, թեթև, երկարաթև, բնական հումքից կարված։ Խուսափել սևից ու մուգ կապույտից՝ դրանք ջերմությունը պահում են։ Կարող են ընտրել UPF (Ultraviolet Protection Factor) նշումով հագուստ։

Իրենց հետ վերցնել  ջուր, որովհետև ջրազրկումը արևի տակ արագանում է: Աշխատեն խմել յուրաքանչյուր 30-40 րոպեն մեկ՝ փոքր կումերով։ Պլանավորեն քայլել դանդաղ, հանգիստ,  եթե անկարող են խուսափել արևից՝ բաց տեղերն անցնել արագ, նվազեցնելու ազդեցության ժամանակը։

Պարտադիր պաշտպանել աչքերը՝ դնելով համապատասխան ակնոցներ։

Բոլորս պետք է հիշենք, որ խնդիրը լուծվում է ոչ թե նոր ոսկեզօծ անսաղարթ հովանոց գնդիկ-բոքոնիկ նորատունկերով, այլ հին կլիմային բնորոշ սաղարթախիտ բարձր ծառերով։ Թույլ մի տվեք զանգվածային հատումներ, մտածեք ձեր առողջության մասին։

Արևից պաշտպանվելու լավագույն միջոցը կենդանի ստվերն է՝ ծառի ստվերը, որ նաև խոնավություն է ապահովում, թթվածին և զով օդ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am