«Երկիրը հինգ րոպե պակաս ռեժիմով կանգնած է քաղաքացիական բախումների շեմին, իսկ խորհրդարանական մեծամասնությունը ամոթալի ծափահարություններով է հանդես գալիս». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

Պարո՛ն Սուրենյանց, Կառավարություն-ԱԺ հերթական հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած միջադեպն ինչպե՞ս եք գնահատում:

– ԱԺ-ում բացահայտվեց խորհրդարանական մեծամասնության ու նաև ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական սնանկությունը: Մի կողմից մենք դարձյալ տեսանք վարչապետի փորձերը՝ անսխալական պոռոտախոսության ժանրով, ամեն ինչը նախկինների վրա բարդելու մոլուցքով, մյուս կողմից՝ ինձ համար, կարծում եմ՝ նաև մեծ մասի համար, տակավին այդպես էլ անհասկանալի կմնա, թե ինչո՛ւ ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը, եթե բացառիկ հնարավորություն էր ստեղծված խորհրդարանում հարցեր ուղղել վարչապետին, նույնիսկ նրան քաղաքական առումով խեղճացնել: Ազգային ժողովի երեք խմբակցություններն էլ ցույց տվեցին, որ իրենք քաղաքական դիալոգի որևէ պոտենցիալ ու ռեսուրս չունեն:

 – Չե՞ք էլ ենթադրում, թե ինչո՛ւ ընդդիմությունը դուրս եկավ նիստերի դահլիճից այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը, կարծես, պատրաստվում էր պատասխանել Արմեն Ռուստամյանի հարցին:

– Քաղաքական ասելիք չունեցող ընդդիմության վարքագիծ էր: Գուցե իսկապես օբյեկտիվ քննադատում են, դրա համար բազմաթիվ առիթներ կան, բայց երբ դու չես ունենում քաղաքական ասելիք, քո խնդիրը միշտ լինում է բարձրագոչ հայտարարություն անելն ու բանավեճից խուսափելը, այն, ինչը մենք տեսանք: Դրան հաջորդեցին արդեն խորհրդարանական մեծամասնության ամոթալի ծափահարությունները:

Ինչո՞ւ եք ամոթալի համարում, պարո՛ն Սուրենյանց:

– Ծափահարելու ոչ մի առիթ չեմ տեսնում այն պարագայում, երբ երկիրը հինգ րոպե պակաս ռեժիմով կանգնած է քաղաքացիական բախումների շեմին:

Ինչո՞ւ եք գրեթե համոզված, որ բախումներն անխուսափելի են:

– Քաղաքական ճգնաժամն ակնհայտ է, հիմա դրա գլխավոր հատկանիշն ասեմ. իշխանությունը չունի այնքան ռեսուրս, որպեսզի կայունացնի իրավիճակը երկրում, ընդդիմությունը չունի այնքան ռեսուրս, որպեսզի կարողանա իրականացնել իշխանափոխություն, այսինքն՝ ստեղծվել է փակուղային վիճակ, իսկ դա ստանդարտ իրավիճակում հանգուցալուծվում է քաղաքական բանակցությունների միջոցով, եթե փակուղին դիալոգի միջոցով չի հանգուցալուծվում, դրա այլընտրանքը անխուսափելի բախումներն են:

Որպես կուսակցության ղեկավար քաղաքական գնահատական եմ ուզում հնչեցնել. եթե առաջիկայում իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները երկխոսության չգնան, ապա հնարավոր բախումների հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վրա։

Իսկ այդ երկխոսությունը հնարավոր համարո՞ւմ եք, ինչի՞ շուրջ պետք է երկխոսեն:

-Կարող են երկխոսել մի քանի հարցի շուրջ, օրինակ՝ իրենք կարող են համաձայնության գալ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում, հայ-ադրբեջանական դիալոգին, հայ-թուրքական դիալոգին վերաբերող հարցերում իշխանությունը որևէ համաձայնություն չի տալիս՝ առանց ընդդիմության հետ կոնսենսուսի:

Վերջին հաշվով, եթե տեսնում են, որ նույնիսկ այդ հարցում չեն կարող կոնսենսուսի գալ, գոնե կարող են համաձայնության գալ շատ արագ սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու, կառավարման համակարգը փոխելու և նոր ընտրություններ նշանակելու շուրջ:

– Բայց այդ համաձայնությանը կգա՞ն:

– Չեմ հավատում, որովհետև ունենք երկու բևեռներ, որոնցից մեկն ունի իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցք, մյուսը՝ իշխանությունն ամեն գնով վերադարձնելու մոլուցք: Արդեն 15 օր է՝ այս լարված ռեժիմում ենք ապրում, եթե չհաշվենք Նիկոլ Փաշինյանի այսօրվա ռեպլիկը, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մի քանի ռեպլիկները՝ երեքի ասելիքի մեջ էլ քաղաքական բովանդակություն չկա:

Փաստորեն երեք լիդերները լռում են, բովանդակային որևէ լուծում չեն առաջարկում, ու ամբողջ օրը մենք տեսնում ենք, թե ինչպես են ցուցարարներն ու ոստիկանությունը փողոցներում իրար ծեծում: Սա խոսում է Փաշինյանի, Քոչարյանի ու Սարգսյանի տոտալ քաղաքական անպատասխանատվության մասին:

– Այսինքն՝ երեքի ցանկությունն էլ միայն իշխանությո՞ւնն է:

– Իհարկե, ռացիոնալ քաղաքական միտք այս 15 օրվա ընթացքում այդ անձանցից լսե՞լ եք: Մեկն ասում է, թե ուժեղ վստահության մանդատ է ստացել խորհրդարանական վերջին ընտրություններում ու որևէ հարց քննարկելու ցանկություն չունի, մյուս երկուսի կողմնակիցներն ասում են, որ իրենք պատրաստ են բանակցելու միայն Փաշինյանի հրաժարականի թեմայով: Զրո բովանդակություն:

– Պարո՛ն Սուրենյանց, փաստորեն, գոնե այս պահի տվյալներով, բախումների հավանականությունը մե՞ծ եք համարում:

– Իհարկե: Այս պահին փողոցում մոտավորապես 7-8 հազար մարդ կա, մյուս կողմում կուտակված են մեծաթիվ՝ մի քանի հազարի հասնող ոստիկաններ, եթե նույնիսկ ընդունենք այն վարկածը, որ իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ բախումներ չեն ուզում, նման մեծաքանակ անտագոնիստական տրամադրություններ ունեցող մարդկանց ներկայությունը փողոցներում արդեն բախումների մեծ ռիսկ է պարունակում: Դրանից խուսափելու միակ ձևն անհետաձգելի երկխոսությունն է, եթե դա չեղավ, զարգացումներն ընթանալու են ֆորսմաժորային սցենարներով:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am