Ադրբեջանը, օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, ամենօրյա ռեժիմով դիմում է սադրանքների․ Մարուքյան

ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանը, օգտվելով ռուս – ուկրաինական պատերազմից, գիտակցելով, որ ամբողջ աշխարհի ուշադրությունն այնտեղ է և որևէ այլ խնդիր այլ տարածաշրջանում չի կարող շեղել այդ ուշադրությունը, ամենօրյա ռեժիմով դիմում է սադրանքների. մեկ կրակում է Երասխի ուղղությամբ, որտեղ զոհ ու վիրավոր ունեցանք, հետո կրակում Արցախի խաղաղ բնակչության ուղղությամբ և բարձրախոսով ասում հեռացեք, հիմա էլ թույլ չի տալիս պայթեցված գազատարը նորոգվի` Արցախն առանց գազի թողնելով:

Այս այլանդակությունները դեռևս ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին եմ կանխատեսել, այս ամենն անխուսափելիորեն տեղի է ունենում: Այս պայմաններում մենք պետք է հասկանանք, որ հույսներս պետք է միայն մեզ վրա դնենք, որևէ երրորդ ուժ այս խառը աշխարհում մեր խնդիրներով չի զբաղվելու, որևէ երրորդ ուժ մեր թշնամիների և հարևանների հետ մեզանից լավ չի բանակցելու և մեր շահերը չի պաշտպանելու:

Հայ ժողովրդին այս պայմաններում մի բան է պետք` ՄԻԱՍՆՈւԹՅՈւՆ ընդդեմ բոլոր մարտահրավերների և, որքան էլ որ գայթակղությունը մեծ է, չտրվել մեզ հետ կապ չունեցող աշխարհաքաղաքական օրակարգերին: Միայն այդպես կարող ենք մեր իրավունքներն ու շահերը պաշտպանել»: