Քանի դեռ աշխարհը փորձում է զսպել ՔՈՎԻԴ-19-ի տարածումը, երեխաները հայտնվել են շահագործման ու բռնության ռիսկի տակ. ՅՈՒՆԻՍԵՖ

Նոր հրապարակված տեխնիկական ուղեցույցը նպատակ ունի օգնել իշխանություններին՝ համավարակի ընթացքում երեխաների պաշտպանության միջոցներն ամրապնդելու գործում:
 
Նյու Յորք, 7-ը մայիսի, 2020թ. – Կորոնավիրուսի համավարակի տարածման արդյունքում մեծ է հավանականությունը, որ միլիոնավոր երեխաներ ամբողջ աշխարհում կհայտնվեն անվտանգությանն ու բարեկեցությանը սպառնացող ռիսկի տակ: Խոսքը վատ վերաբերմունքի, գենդերային բռնության, շահագործման, սոցիալական մարգինալացման ու խնամակալներից մեկուսացված լինելու մասին է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է կառավարություններին ապահովել երեխաների անվտանգությունն ու բարեկեցությունը՝ վարակի ստեղծած ահագնացող սոցիալ-տնտեսական հետևանքների լույսի ներքո: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Մարդասիրական գործունեության ընթացքում երեխաների պաշտպանության ալյանսը գործընկերների հետ միասին հրապարակել են ուղեցույց՝ արձագանքման գործընթացում ներգրավված պետական կառույցներին ու այլ կազմակերպություններին աջակցելու նպատակով:
 
Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, ՔՈՎԻԴ-19-ը հեղաշրջել է երեխաների ու ընտանիքների կյանքն ամբողջ աշխարհում: Կարանտինային միջոցառումներն, ինչպես օրինակ՝ դպրոցների փակումը և տեղաշարժման սահմանափակումները, թեև անհրաժեշտ են, սակայն միաժամանակ խաթարել են երեխաների առօրյան ու նրանց տրամադրվող աջակցության համակարգերի աշխատանքը, ավելացրել երեխաներին խնամողների սթրեսը՝ որոշ դեպքերում նրանց ստիպելով հրաժարվել աշխատանքից:
 
ՔՈՎԻԴ-19-ի առաջացրած խարանը որոշ երեխաների ավելի խոցելի է դարձրել բռնության ու հոգեբանական տառապանքների տեսանկյունից: Միաժամանակ, իրականացվող վերահսկողական միջոցառումները, որ հաշվի չեն առնում գենդերային կարիքները և կանանց ու աղջիկների խոցելիությունը կարող են ավելացնել սեռական շահագործման, չարաշահումների և անչափահասների ամուսնության հետ կապված ռիսկերը: Վերջերս Չինաստանից ստացված տվյալների համաձայն՝ երկրում աճել է կանանց ու աղջիկների դեմ ընտանեկան բռնության դեպքերի քանակը:
 
«Հիվանդությունն անուղղակիորեն հարվածում է երեխաներին ու ընտանիքներին բազմաթիվ ճանապարհներով, առանց վարակելու», նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների պաշտպանության հարցերով տնօրեն՝ Կոռնելիուս Ուիլյամսը: «Դպրոցները փակվում են: Ծնողները երեխաների խնամքի ու ծայրը ծայրին հասցնելու մաքառման մեջ են: Երեխաների պաշտպանության ռիսկերը մեծանում են: Այս ուղեցույցը կառավարությունների ու երեխաների պաշտպանության պատասխանատու մարմինների համար ուրվագծում է գործնական այն միջոցառումները, որ հնարավոր է իրականացնել անորոշության այս ժամանակաշրջանում երեխաներին անվտանգ պահելու համար:»
 
Կառավարություններին ու երեխաների պաշտպանության կառույցներին խորհուրդ է տրվում կոնկրետ քայլեր ձեռնարկել երեխաների պաշտպանությունն ապահովելու համար, որպես ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելման ու վերահսկման միջոցառումների անբաժանելի մաս, այն է.

  • Առողջապահության, կրթության և մանկական ծառայությունների մասնագետներին վերապատրաստել երեխաների պաշտպանության ոլորտում ՔՈՎԻԴ-19-ի առաջացրած ռիսկերի, սեռական շահագործման ու չարաշահումների կանխարգելման միջոցների և մտահոգիչ դեպքերի վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու անվտանգ մեթոդների կիրառման թեմաներով,
  • Առաջին արձագանքողներին վերապատրաստել, գենդերային բռնության զոհերին աջակցելու նպատակով, գենդերային բռնության դեպքերի փաստերի հրապարակման գործելակերպի ու առողջապահության ծառայությունների հետ համագործակցելու թեմաներով,
  • Բարելավել երեխաների համար ուղղորդումների և այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հնարավորությունները,  
  • Երեխաներին, մասնավորապես պատանիներին ներգրավել ՔՈՎԻԴ-19-ի ազդեցության գնահատման գործընթացում,
  • Թիրախավորված օգնություն տրամադրել ժամանակավոր աջակցության կենտրոններին ու ընտանիքներին, այդ թվում խնամատարներին և այն ընտանիքներին, որտեղ հաց վաստակողն անչափահաս է՝ նպատակ ունենալով էմոցիոնալ աջակցություն տրամադրել երեխաներին և ապահովել պատշաճ ինքնախնամքի հնարավորություններ,
  • Ֆինանսական ու նյութական աջակցություն տրամադրել այն ընտանիքներին, որոնց եկամտի ապահովման հնարավորությունները նվազել են,
  • Երեխաներին ընտանիքներից հեռացնելու հնարավորությունները կանխելու նպատակով՝ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել և երաշխավորել ծնողի կամ խնամատարի հոսպիտալացման կամ մահվան հետևանքով միայնակ կամ առանց պատշաճ խնամքի մնացած երեխաներին տրամադրվող աջակցությունը,
  • Ապահովել, որ հիվանդությունների վերահսկմանն ուղղված միջոցառումների ընթացքում ամենաշատ ուշադրությունը դարձվի բոլոր երեխաների պաշտպանության վրա: