Հայկական կողմը մոտ ժամանակներս իր պատասխանը կներկայացնի Մեդվեդեւին

Տարածաշրջանային այցով երեկ Երեւան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ԼՂ հիմնախնդրին առնչվող ուղերձը փոխանցելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում են նախագահականի լրատվական ծառայությունից, Սարգսյանը «շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահի շարունակական աջակցության համար եւ վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ շուտափույթ առաջխաղացման հասնելու շահագրգռվածությունը»:

«Նա նշել է, որ հայկական կողմն ուշադրությամբ կուսումնասիրի Դմիտրի Մեդվեդեւի առաջարկություններն ու մոտ ժամանակներում կներկայացնի իր պատասխանը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Բացի Սերժ Սարգսյանից, Երեւանում Լավրովը հանդիպել է նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, Սերգեյ Լավրովն այսօր մեկնելու է նաեւ Բաքու, որտեղ եւս պետք է հանդիպի Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ:

© Medialab.am