«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
– Տիկի՛ն Զոհրաբյան, Նիկոլ Փաշինյանը նախ գրառում արեց ֆեյսբուքյան իր էջում այն մասին, որ 1994-ից սկսված բանակցությունները եղել են «ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին», հետո բանավեճի հրավիրեց նախկին նախագահներին այս թեմայով, նախկին երեք նախագահների կողմից էլ մերժում ստացավ։ Ի՞նչ նպատակով Փաշինյանը նման քայլի գնաց, ինչպե՞ս եք գնահատում նախկին նախագահների պատասխանը Փաշինյանին։
– Նիկոլ Փաշինյանն իդիոտ չէ, ես դա ասել եմ ու պնդում եմ։ Նա շատ լավ հասկանում է, որ հայ ժողովրդի պատմության մեջ ինքը մնալու է որպես անգերազանցելի հակահայ: Այս ամենը ինքը շատ լավ է հասկանում ու փորձում է մեղմել պատմության ապագա գնահատականը՝ սեփական հայրենադավության ու դավաճանության համար համաբաժնետերեր գտնելով։
Սրա համար էլ գրառում արեց, որ 30 տարի բանակցվել է ընդամենը այն մասին, թե ինչպես Արցախը հանձնեն, ու տպավորություն է, որ 30 տարի Հայաստանի նախկին իշխանություններն ամեն առավոտ զանգում էին հայր, հետո որդի Ալիևներին ու ասում՝ սխալ բան ենք արել, որ Արցախն ազատագրել ենք, եկեք այսօր խաշի սեղանի շուրջ Արցախը հետ տանք, նրանք էլ 30 տարի ասում էին՝ չէ, հավես չկա, թող մնա հետո։ Այսինքն՝ այնքան աբսուրդի հասնող է նրա այդ հայտարարությունը, նույն Ալիևն իր Անվտանգության խորհրդի նիստում՝ 2016 թվականի նոյեմբերին, հայտարարեց, որ միջազգային հանրությունը փակ դռների հետևում իրեն ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը։
Նույն Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում ասաց, որ Պուտինը մասնավոր զրույցում իրեն ասել է, թե Ալիևն արդեն հաշտվել է այն մտքին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջան։
Այսքանից հետո պարզ է, որ իր գրառումը մեկ նպատակ է հետապնդում՝ գտնել դավաճանության ակցիոներներ, ինքը հիմա իր կատարած դավաճանության բաժնետերերի փնտրտուքի մեջ է, ու այդ սերիայից է նաև նախագահներին բանավեճի հրավիրելը, որպեսզի ամեն մեկի գրպանը մի կտոր դավաճանություն գցեր։ Շատ ճիշտ էր երեք նախագահների պատասխանը, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ Փաշինյանի խնդիրը դավաճանությունը տրոհել ու ամեն մեկի գրպանը մի կտոր գցելն է։
– Ասացիք՝ Փաշինյանը գիտակցում է, թե ինչ է արել, ու հիմա փորձում է մեղքը մեղմել՝ այն բարդելով մյուսների վրա: Սակայն, շատերը չեն կիսում այդ կարծիքը և մեղադրում են նախկին նախագահներին՝ բանավեճին չմասնակցելու համար։
– Այդ մարդիկ պարզապես IQ-ի խնդիր ունեն, եկեք շատ բարձր կարծիքի չլինենք մեր փորձագիտական, քաղաքական որոշ շրջանակների մասին, եթե դրանք նիկոլամերձ են, բնականաբար, նրանց օրակարգը մեկն է, որ բոլորին հավասարապես թաթախեն դավաճանության այդ ընդհանուր կաթսայի մեջ։
-Տիկի՛ն Զոհրաբյան, որոշ փորձագետներ պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի՝ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու քայլը սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակ է հետապնդել։ Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին:
– Միանշանակ, ինչ ինքը հիմա անում է՝ իր ընտանեկան էժանագին ռեալիթի շոուները, Ֆեյսբուքում քաղաքացիների հարցերին պատասխանելը, նախկին նախագահներին բանավեճի հրավիրելը, ունի մեկ նպատակ՝ ընտրություններին ընդառաջ, կլինեն արտահերթ թե հերթական, փորձել 2018-ի Նիկոլից ինչ-որ բան վերադարձնել։ Դա սակայն, ես ասում եմ, դատապարտված է, սրանք անկանոն շարժումներ են, ոչինչ այլևս չի ստացվելու, ինքն անցել է ստի, դավաճանության, հայրենադավության բոլոր կարմիր գծերը։ Ինչպես 2018-ին այդ դագաղների շուրջպարին մասնակից հասարակությունը նրան իշխանության բերեց, հավատացեք ինձ, պայթյունը մոտ է, ու Նիկոլին ու իր ռեժիմը տապալելու է հենց այդ հասարակությունը, որովհետև նրանք ամենաշատն են իրենց խաբված համարում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am