Փնտրում ենք դաշնակից, որի օրակարգին հարմարվենք, այս ողբերգական վիճակն է մեզ մոտ. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է Ռուսաստանից ունեցած՝ հայ հասարակության հիասթափությունների մասին, նշել է, որ «կարող ենք արթնանալ ու տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ»։ Ռուսաստանը հայկական կողմից հնչող նմանատիպ հայտարարությունները բազմիցս է հերքել, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը շարունակում խոսել Ռուսաստանի՝ տարածաշրջանը ինքնակամ լքելու մասին:

– Ես նույնիսկ հայտարարությունների բովանդակությանը չեմ ուզում անդրադառնալ: Աշխարհաքաղաքական ցանկացած սցենար հնարավոր է, բայց ինձ համար տարակուսելի է այլ բան. պետության ղեկավարն իրավունք չունի իրեն թույլ տալ փորձագետի շռայլություն: Այն, ինչ անում է Փաշինյանը, փորձագիտական զբաղմունք է, ընդ որում՝ ոչ միայն այս հարցազրույցում, գործադիրի նիստերի մեկնարկներին նա կարող է իրեն թույլ տալ անել շատ փորձագիտական ենթադրություններ կամ վարկածներ շրջանառել, թե Ադրբեջանն իրեն ինչպե՛ս կպահի, կամ միջազգային որ դերակատարն ի՛նչ կանի: 

Հարկատուներն իրեն աշխատավարձ չեն տալիս փորձագիտական ցածրաճաշակ հայտարարություններ անելու համար, ինքն այլ մանդատ ունի ու այլ բանի համար է զբաղեցնում կառավարական թիվ մեկ կաբինետը՝ տարբեր իրավիճակների համար ներկայացնի Հայաստանի Կառավարության անելիքները, տարբեր սցենարների համար՝ ստանդարտ, ֆորսմաժորային, կանխատեսելի, անկանխատեսելի իրավիճակների համար խոսի մեր կառավարության անելիքների մասին, թե չէ աշխարհաքաղաքական որ կենտրոնն ի՛նչ կանի, տարածաշրջանի ճարտարապետությունն ինչպիսի՛ տեսլական կունենա, այդ մասին ինքը ժամանակ անգամ չպետք է ունենար որևէ լուրջ հարցազրույցի դրվագ նվիրել այդ թեմային: Ո՞րն է իր օրակարգը, այդ մասին թող խոսի, թե չէ ինքը հաստատ լավագույն փորձագետներից մեկը չէ:

– Իսկ ինչո՞ւ է ընտրել փորձագետի դիրքերից հանդես գալու տարբերակը:

– Որովհետև չունի օրակարգ, օրակարգ ունեցող ղեկավարն առնվազն ասում է՝ որ իրավիճակում պետությունն ինչպիսի՛ քաղաքականություն պետք է վարի, ու րոպեներով չի բողոքում, թե ինչպես են Արևմուտքում կամ Ռուսաստանում իրեն սխալ հասկանում: Ասելիքի բացակայությունն է, որ նրան տանում է այդ դաշտ, ու ամեն նման հարցազրույցից հետո նրա նկատմամբ վերաբերմունքն ավելի է անլրջանում թե՛ արևմտյան մայրաքաղաքներում, թե՛ Մոսկվայում: 

– «Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը կապված է եղել Ռուսաստանի հետ, բայց այսօր Ռուսաստանն ինքը զենք-զինամթերքի կարիք ունի, այս իրավիճակում եթե ուզենա էլ, Հայաստանի անվտանգության կարիքները չի կարող ապահովել։ Այսինքն՝ անվտանգային ոլորտում կախվածություն ունենալ միայն մի տեղից՝ ռազմավարական սխալ է։ Հիմա աղոտ փորձեր ենք անում դիվերսիֆիկացնելու մեր անվտանգային քաղաքականությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը նույն հարցազրույցի ժամանակ: Հիմա նոր «աղոտ փորձեր» այդ ուղղությամբ անելն ուշ չէ՞, պարո՛ն Սուրենյանց:

– Անվտանգային համակարգն ու արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը պետք է լինի ցանկացած կառավարության սրբազան պարտականությունը, բայց այդ ուղղությամբ ոչ թե անընդհատ պետք է դատարկ խոսել, այլ գործել: Ինձ մոտ տպավորություն է, որ ինչ-որ հերթապահ արտահայտություններ կան, որ նա անընդհատ ասում է, բայց թող իրեն չվերագրի, թե առաջինն ինքն արեց: Նախկին երեք իշխանությունն էլ՝ իրենց բոլոր թերություններով հանդերձ, արտաքին քաղաքականության, անվտանգային համակարգի դիվերսիֆիկացման համար ավելի իրական քայլեր են արել, քան իր իշխանությունը:

– Այսինքն՝ ուզում եք ասել, որ լոկ խոսքե՞ր են:

– Չէ, ինչ-որ փորձեր արվում են իհարկե, բայց մի քանի փորձը ներկայացել որպես նոր քաղաքականություն, համոզիչ չի թվում: 

– Այն իրավիճակում, որում մենք ենք, եթե իշխանությունը շարունակի, ինչպես դուք եք ասում՝ առանց օրակարգի քաղաքականությունը, ապա ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել:

– Շատ բարդ հարց եք տալիս, սովորաբար պետություններն ունենում են օրակարգ, որի հիման վրա փնտրում են դաշնակիցներ, մեզ մոտ հակառակն է՝ փնտրում ենք դաշնակից, որի օրակարգին հարմարվենք, այս ողբերգական վիճակն է մեր մոտ: 

Այս վիճակը բերելու է նրան, որ մենք առաջիկայում Լեռնային Ղարաբաղը հայաթափելու լուրջ վտանգի առաջ ենք կանգնելու, որը սակայն չի մեղմելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները: Այսօրվա իշխանության անօրակարգ քաղաքականության ամենամեծ վտանգն այն է, որ Հայաստանը սուբյեկտից դարձել է օբյեկտ, այսինքն՝ ոչ թե մենք ենք մասնակցում քննարկումների, այլ մեզ են քննարկում՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու: Այս իշխանությանը հորդորներով փոխելու, ճիշտ ռելսերի վրա դնելու բոլոր ռեսուրսները, ցավոք սրտի, սպառված են: 

Հետևաբար այս պահին մարտահրավերներից խուսափելու առաջին պարտադիր պայմանը համարում եմ քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիան ու բանական իշխանության ձևավորման համար հիմքեր ստեղծելը, առանց դրա այս բոլոր քննարկումները շատ տեսական են դառնում: Չեմ ասում, որ նոր իշխանությունը հրաշքներ է գործելու, բայց դա գոնե կարող է շանս տալ, որ էական ինչ-որ խնդիրներ լուծվեն, օրինակ՝ ինչ-որ ձևով երաշխավորվի Ղարաբաղի հայերի կյանքի իրավունքը իրենց հողի վրա, ինչ-որ ձևով արտաքին մարտահրավերները մեղմվեն Հայաստանի շուրջ, այսինքն՝ այնպիսի ծանր ժառանգություն է ստանալու ցանկացած նոր իշխանություն, որ ինքը փրկչական առաքելություն չի կարող իրականացնել, պետք է փորձի մեղմել այն մարտահրավերները, որ կան Հայաստանի շուրջ, գոնե կասեցնել գահավիժման այս գործընթացը: 

– Կարծում եք՝ միակ ելքն իշխանափոխությո՞ւնն է:

– Այո՛, բայց ևս մեկ անգամ ասեմ, որ նոր իշխանությունը կախարդական փայտիկ չի ունենալու, բաներ կան, որ մենք արդեն անդառնալիորեն բաց ենք թողել, օրինակ՝ որևէ նոր իշխանություն չի կարող հասնել Լեռնային Ղարաբաղի՝ մեզ համար քիչ թե շատ բարենպաստ կարգավիճակի, անգամ Ադրբեջանի կազմում, որովհետև այդ շանսը որ կար, այս իշխանությունը մինչ վերջ մսխեց, բայց գոնե հայերի՝ Ղարաբաղում ապրելու իրավունքը, ես կարծում եմ, լուծելի է, եթե մենք շուտ փոփոխությունների գնանք, ամիսներ հետո դա էլ կարող է անհնար դառնալ:

– Պարո՛ն Սուրենյանց, իսկ իշխանափոխության համար լայն կոնսոլիդացիայի հիմքեր տեսնո՞ւմ եք:

– Սեպտեմբերի 2-ի հանրահավաքի քաղաքական բովանդակությունը շատ թույլ էր, այսինքն՝ չհնչեցին քաղաքական ծրագրեր, քաղաքական խոսք, էմոցիան շատ էր, անիրական կարգախոսները շատ էին, բայց հանրահավաքը շատ կարևոր բան ուներ՝ մարդաշատությունն էր, դա հիմք է տալիս ենթադրելու, որ, այնուամենայնիվ, որքան էլ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ երկրում դիմադրության օջախներ չլինեն, բայց մեր հասարակության բազմաթիվ խմբեր պատրաստ չեն հաշտվելու այս իրականության հետ, երեկվա հազարավոր մարդիկ ինչ-որ հարթակի կամ ինչ-որ գործի համար չէին եկել: Հանրահավաքի վայրում տարբեր մարդկանց եմ տեսել, նրանց բոլորին միավորում է մտահոգությունը և դիմադրությունն այսօրվա իշխանության քաղաքականությանը: Այս ամենը ենթադրել է տալիս, որ մեր հասարակությունը պայքարի բոլոր ռեսուրսները դեռ չի սպառել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am