«Ռուբեն Վարդանյանի հեռացումն ավելի շատ Մոսկվա-Բաքու պայմանավորվածությունների արդյունք եմ համարում». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, Արցախի նախագահի որոշմամբ Ռուբեն Վարդանյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը՝ հաշվի առնելով սրան նախորդած դեպքերը, հայտարարությունները, որոնք հնչում էին Հայաստանից։

– Ես չեմ սիրում դավադրությունների տեսություններ մեկնաբանել, ես սիրում եմ փաստերով խոսել, իսկ փաստն այն է, որ, իսկապես, Վարդանյանի հետ կապված խնդիրը Ալիևը անընդհատ բարձրաձայնել է և՛ հրապարակային, և՛ կուլիսների հետևում։

Իմ դիտարկմամբ՝ Ռուբեն Վարդանյանի հեռացումը, իհարկե կան ներքաղաքական որոշակի կոնյունկտուրաներ, բայց ավելի շատ Մոսկվա-Բաքու պայմանավորվածությունների արդյունք է։ Ես հունվարի վերջին կանխատեսել էի, որ կա երկու սցենար․ կա՛մ Ալիևը պետք է ռազմական ճանապարհով գնար խնդրի «լուծման» համար, կա՛մ ներքաղաքական ինտրիգ ստեղծեր:

Ըստ էության, ընտրվել է երկրորդ ճանապարհը, բայց, կարծում եմ, որ դա արվել է ավելի շատ Մոսկվայի ձեռամբ։ Կուլիսային ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, առաջիկայում էլ սպասվում է Լավրովի այցը Բաքու, ենթադրում եմ, որ Վարդանյանի պաշտոնանկությունը կօգտագործվի ռուսների կողմից որպես «զիջում» կամ «ձեռքբերում», բայց իմ մտավախությունն այն է, որ Վարդանյանի պաշտոնանկությամբ իրավիճակը չի շտկվի, այսինքն՝ եթե սրանից հետո ճանապարհը բացվեր, հանքը շահագործվեր, ապա այս գործընթացի տրամաբանությունը հասկանալի կլիներ, բայց ես, ճանաչելով Ադրբեջանի քաղաքականությունը, վստահ եմ, որ սրանից հետո Ադրբեջանն ավելին է պահանջելու ու միայն Վարդանյանի պաշտոնանկության հիման վրա չի գնա ճանապարհի բացմանը, թեև Ալիևը սա կօգտագործի իբրև իր բացառիկ հաղթանակ։

Սա նաև յուրահատուկ փորձություն է Վարդանյանի համար, որովհետև նա իր հրապարակային ելույթներում ասել է, որ չի եկել Արցախ պաշտոնի համար, եկել է, որ լինի մարդկանց կողքին այս բարդ պահին, ու եթե շարունակի իր գործունեությունը, ապա կապացուցի իր խոսքի իսկությունն այդ հարցում։

– Երբ դուք ասում եք, որ սա Ռուսաստան-Ադրբեջան պայմանավորվածություն է, ու նաև նշում եք, որ Ադրբեջանը սրանից ելնելով չի բացելու Լաչինի միջանցքը, այդ դեպքում ռուսական կողմի այս «զոհողությունն» ինչի՞ համար է արվում։

– Դե իրենք փորձում են այս կերպ ցույց տալ, որ իրենք ճնշում են գործադրել Արցախի իշխանությունների վրա, այսինքն՝ իրենք ցույց են տալու, որ եթե սա էր դիտվում խնդիր, ապա այն վերացված է։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանն այս փուլում առնվազն ստիպելու է սքաներային սարքեր տեղադրել ճանապարհին, թեկուզ իրենք այս պահին ներկայացված չլինեն, բայց իրենք ամեն դեպքում ունենալու են միջանցքի ելումուտի ամբողջ տեղեկատվական բազան, մի քանի ամիս անց նոր խնդիր են ստեղծելու։ Ադրբեջանի կարծիքով՝ ինքն 1,5 տարի ժամանակ ունի, որպեսզի Արցախը հայաթափի, դրա համար էլ, օրինակ՝ նույն Վարդանյանի կերպարը ընկալվեց որպես դիմադրության սիմվոլ, որը չհանձնվելու կոչեր էր անում, ու դա Ադրբեջանի համար մեծ խնդիր էր դարձել։

– Տիկի՛ն Հայրապետյան, Հաագայի դատարանի որոշումն արդյոք ստիպելո՞ւ է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։

– Այդ մեկնաբանությունները պետք է միջազգային իրավունքի մասնագետները տան, որովհետև նրանք են տեղյակ, թե ինչ լծակներ կան։ Դատելով հրապարակային հայտարարություններից՝ միջազգային իրավունքի տեսանկյունից դա իսկապես Ադրբեջանի համար արդեն իմիջային լուրջ խնդիր կլինի, բայց թե դրանից առավել Ադրբեջանն ինչ-որ անհարմարություններ կկրի՞, թե՞ չէ, չեմ կարող ասել, որովհետև իմ տիրույթում չէ։

– Բայց ադրբեջանական կողմն ինչպե՞ս է մեկնաբանում այս որոշումը։

– Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությամբ՝ դատարանն ամբողջությամբ մերժել է Հայաստանի հայցադիմումը, նրանք նույնիսկ չեն էլ անդրադարձել այն կետին, ըստ որի պետք է անհապաղ բացեն միջանցքը, անդրադարձել են այն կետերին, որոնք մերժվել են։ Նաև փորձել են զգուշորեն շրջանցել փաստը, որ իրենց հայցն ամբողջությամբ մերժվել է։

Ես միջազգային իրավական գործիքակազմը համարում եմ արտաքին քաղաքականության կարևոր լծակներից մեկը, ու այս առումով այդ որոշումը կարևոր է, ուղղակի արտաքին քաղաքականությունը պետք է կարողանա դա խելացի օգտագործել, եթե չկարողանա՝ դա մնալու է միայն թղթի վրա։

– Իսկ բացառո՞ւմ եք, որ Ադրբեջանն այնուամենայնիվ բացի միջանցքը՝ հիմնավորելով դա Ռուբեն Վարդանյանի հեռացմամբ, այդ կերպ նաև խուսափի ձեր ասած՝ այլ անհարմարություններից։

– Ես ուրախ կլինեի, եթե այդպես լիներ, բայց, իմանալով Ադրբեջանի քաղաքականությունը, կարող եմ ասել, որ Ռուբեն Վարդանյանը ընդամենը չնախատեսված խոչընդոտ էր Ադրբեջանի ծրագրերի իրականացման համար, նրա՝ պետնախարարի պաշտոն չզբաղեցնելը չի նշանակում, որ բոլոր խնդիրները վերացան։

Ադրբեջանը որդեգրել է Արցախի հայաթափման գիծը ու պետք է դրան հասնի մինչև 24 թվականը, որպեսզի 25-ին արդեն, երբ քննարկվի խաղաղապահ առաքելության մանդատի երկարաձգման հարցը, այլևս նրանց մնալու հիմքեր չլինեն Արցախում։ Ռուսական կողմն էլ կարծում է, որ շարունակ զիջումների գնալով, ադրբեջանական կողմին սիրաշահելու քաղաքականություն վարելով կկարողանա այդ գործընթացը կանխել։ Այդ հույսն ունեն հավանաբար ու դրա համար են անընդհատ զիջումների գնում։

– Այսինքն՝ միջանցքի բացման հավանականությունը զրոյակա՞ն եք համարում, տիկի՛ն Հայրապետյան։

– Չէ՛, ես համարում եմ, որ Լավրով-Բայրամով բանակցություններից հետո այդ հարցում տեղաշարժ կլինի, և ռուսական կողմը դա կներկայացնի որպես իր ձեռքբերում, որպեսզի իր խարխլված հեղինակությունը փորձի վերականգնել։ Ադրբեջանն էլ իր հերթին դնելու է միջանցքում սքաներային սարքեր տեղադրելու հարցը, որպեսզի երկրի ներսում էլ ցույց տան, որ բացի Վարդանյանի հրաժարականից, ինչ-որ բանի ևս հասել են, Ալիևը իր դեմքը պետք է փրկի։

– Ստացվում է, որ բոլորն իրենց դեմքն են փրկում մե՞ր հաշվին։

– Միանշանակ, միշտ այդպես է լինում, եթե դու թույլ ես ու քո ուժերը չես վերականգնում, բոլորը քո հաշվին պայմանավորվելու են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am