Սամվել Կարապետյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում


2020 թվականի փետրվարի 27-ին հայ հանրությունն անդառնալի կորուստ ունեցավ:

Կյանքի 59-րդ տարում անժամանակ մահացավ անվանի հուշարձանագետ, հայ մշակույթի նվիրյալ Սամվել Գևորգի Կարապետյանը:
Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 30-ին։

Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։ 1978 թվականին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով` բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած
լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձաններն ամբողջ
պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և ցուցակագրել է պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։

Սամվել Կարապետյանի բացառիկ ջանքերի շնորհիվ՝ հավաքագրվել, վկայագրվել են հազարավոր հուշարձաններ Արևմտյան Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Հնդկաստանում և հայկական այլ գաղթօջախներում:

Նա ոչ միայն քննադատել է Թուրքիայի, Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական հուշարձանների նպատակաուղղված ոչնչացման  քաղաքականությունը, այլև այդ հանցագործությունների փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թ.` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։

Սամվել Կարապետյանը երկար տարիներ ղեկավարում էր  Հայկական
ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակը:

Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ, այդ թվում՝ ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ, Հայաստանի պատմության հատորյակներ, առանձին գրքեր և պարբերականներ։

Ստեղծել է հայկական մշակույթի մասունքների վերաբերյալ հսկայական գիտական ժառանգություն:

Սամվել Կարապետյանը մի մտավորական էր, ով վայելում էր համաժողովրդական, համազգային սեր, հարգանք և արժևորում: Նրա վերաբերմունքը հայրենիքի, հայրենաճանաչության, մայրենի լեզվի նկատմամբ ամենօրյա օրինակ է բոլորիս համար, հատկապես մատաղ սերնդի ազգային ինքնագիտակցության ձևավորման, շիտակ քաղաքացի և մարդ լինելու համար:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի
հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29-ին՝ ժամը 17:00-20:00-ն, «Էրեբունի» սգո սրահում (Խաղաղ Դոնի 2/14):

Վերջին հրաժեշտը` մարտի 1-ին՝ ժամը 12:00-14:00-ն, նույն վայրից:
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

Կառավարական հանձնաժողով