Ադրբեջանը որոշել է տարհանել Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում գործող գլխավոր հյուպատոսությունը։ Այս մասին, ըստ APA գործակալության, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովի խոսքով՝ ընթացող գործընթացների ֆոնին չի կարելի մարդկանց կյանքը վտանգի ենթարկել։ «Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում դեսպանատան և գլխավոր հյուպատոսության տարհանման ուղղությամբ», – նշել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները հայտարարություն էին տարածել՝ Իրանին մեղադրելով Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ներով գրոհ իրականացնելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել Իրանի դեսպանը, նրան փոխանցվել էր բողոքի նոտա, իսկ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «անպատասխան չի թողնի այդ հարձակումը»։
Իրանի ԱԳ փոխնախարարը և Զինված ուժերը սկզբում հերքել էին Թեհրանի առնչությունը ԱԹՍ-ներով գրոհին, սակայն ավելի ուշ խոստացել էին անցկացնել հետաքննություն։



















