Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում կմրցի Ադրբեջանի հետ

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Ադրբեջանի հետ, նշում են ԿԳՄՍ նախարարությունից:

Երեկ կայացած 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին ուժերն է չափել Ֆրանսիայի թիմի դեմ և 2,5։1,5 հաշվով հաղթանակ տարել։

Գաբրիել Սարգսյանը 4 անընդմեջ հաղթանակներից հետո պարտվել է Ալիռեզա Ֆիրուջային, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Մաքսիմ Լագարդին, իսկ Սամվել Տեր-Սահակյանն առավելության է հասել Ժյուլ Մուսարդի նկատմամբ։

Կանանց Հայաստանի հավաքականը 1,5։2,5 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին։

Իր պարտիան հաղթանակով է ավարտել Լիլիթ Մկրտչյանը՝ առավելության հասնելով Մերի Արաբիձեի նկատմամբ։ Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը պարտվել են, իսկ Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի է խաղացել։

Նոյեմբերի 17-ին առաջնությունում հանգստյան օր է, իսկ 6-րդ տուրը կանցկացվի նոյեմբերի 18-ին։

5 տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակել է 8 միավոր և Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Հունգարիայի ու Նիդեռլանդների հետ բաժանում է 1-6-րդ տեղերը։

Կանանց Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում կմրցի Ուկրաինայի թիմի դեմ։ Կանանց ընտրանին 6 միավորով կիսում է 8-12-րդ տեղերը։

Եվրոպայի թիմային առաջնությունում կանցկացվի 9 տուր՝ մինչև նոյեմբերի 21-ը։