«Ոչ մի դեպքում Արցախում թույլ չենք տա լեգիտիմության հանրաքվե». Մետաքսե Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

Տիկի՛ն Հակոբյան, Արցախի Հնարապետությունում բողոքի ակցիաներ են՝ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Քաղաքական ուժերը ներգրավվա՞ծ են այդ ակցիաներին, թե՞ դրանք իսկապես ինքնաբուխ են:

– Նախորդ օրը տեղի ունեցած հանրահավաքը ինքնաբուխ էր ու ինչ-որ իմաստով, կարելի է ասել՝ անկազմակերպ: Երբ հայտնի տեսանյութը տարածվեց, թե ինչպես է Արայիկ Հարությունյանը դուրս գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբից, Արցախում բնակվող հայերի այն մասը, որոնք դեռ արդարացնում էին Արայիկ Հարությունյանին, համոզվեցին, որ նա Արցախի նախագահի ինստիտուտը վերացրեց՝ վերածվելով ՔՊ-ական ինչ-որ ակտիվիստի:

Այդ տեսանյութն ապացուցեց նաև այն, որ ասում էինք, թե այս իշխանությունը անում է ամենը, որ Հայաստանում վերարտադրվի Նիկոլ Փաշինյանի վարչակազմը, իրականություն էր:

Մենք, ճիշտ է՝ գնացինք այդ հանրահավաքին, բայց չգիտեինք, թե ովքե՛ր են կազմակերպիչներն, ու ո՛րն է նպատակը: Բոլորիս մոտ տպավորություն էր, որ 88-ի շարժումն էր սկսվում: Այսինքն՝ այդ ալիքը՝ ազգային զարթոնքի ու միասնության, Արցախից կրկին կհասնի Հայաստան, և հայ ազգը կփրկվի:

Շարժումն իսկապես ինքնաբուխ էր ու ժողովրդի միջից է դուրս եկել, ու որևէ քաղաքական ուժ ի սկզբանե կապ չի ունեցել և հիմա էլ կապ չունի դրա հետ:

Ինչպես տեսանք, Արայիկ Հարությունյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Նրա հայտարարություններն ու պնդումները համոզի՞չ էին:

– Մինչև Արայիկ Հարությունյանի հանրահավաքի մեկնարկը, մենք ԱԺ ընդդիմադիր երեք խմբակցության ներկայացուցիչներով գնացինք հանդիպման մեկ նպատակով՝ համոզել, բացատրել, որ նախօրոք հայտարարված մեկ այլ հանրահավաքի ժամին իր հրավիրած հանարահավաքը ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական առումով ճիշտ չէ, և դա կտանի ներքին պառակտման:

Մեր դիտարկումները նա չընդունեց՝ մեկնաբանելով, որ իր խոսքը շատ կարճ է տևելու, և ինքն անպայման սառեցնելու և մարելու է այդ շարժումը: Եվ քանի որ բոլորս շատ լավ գիտենք, թե մեր առջև ով է նստած, մեզ մտահոգեց այդ հայտարարությունը:

Պետք է նշեմ, որ կիրառվել էր վարչական ռեսուրս այդ հանրահավաքին մարդկանց քանակ ապահովելու համար. հրահանգներ էին տրվել գյուղապետներին, դիզվառելիքի կտրոններ էին բաժանվել և այլն: Չնայած դրան, Արայիկ Հարությունյանին չէր հաջողվել մարդաշատ հավաք կազմակերպել: Այնուամենայնիվ, նրան հաջողվեց մարել ակտիվիստների երեկվա հանրահավաքը, որովհետև միջադեպեր հրահրվեցին այլ անձանց կողմից:

Արայիկ Հարությունյանի հայտարարությունները ադրբեջանահաճո էին և, բնականաբար, համոզիչ չէին: Նա հրաժարական չի ներկայացնում միայն իր իրավական անվտանգության պահպանման համար: Քանի դեռ ինքը նախագահ է, իրավական անվտանգությունը երաշխավորված է, որևէ խնդիր չունի:

Տիկի՛ն Հակոբյան, տեղյա՞կ եք՝ այդ ակցիաները շարունակվելո՞ւ են, եթե այո՝ ինչ-որ պահի քաղաքական ուժերը, նաև ձեր քաղաքական թիմը կմիանա՞ն այդ պայքարին:

– Ակցիայի կազմակերպիչները երեկվա դեպքից հետո ֆեյսբուքյան իրենց էջերում գրեցին, որ այսօր կամ վաղը հանդես կգան հայտարարություններով ու իրենց հետագա անելիքների մասին կտեղեկացնեն, և ժողովրդական շարժումը չի մարելու:

Գիտեք՝ Արցախը ոչ ոք, բացի իրենից, չի կարող ոտքի կանգնեցնել, իսկ մենք այսօր վերածննդի խնդիր ունենք, հուսով եմ, որ 88-ի շարժման նման մի բան կլինի, և մենք նորից կփրկվենք:

Քաղաքական ուժերի մասնակցության մասով՝ կարծում եմ, որ պետք է համատեղել ակտիվի և հայրենասեր քաղաքական ուժերի գործողությունները, և այդ պարագայում ամեն բան լավ կլինի:

Բացի դա, նմանատիպ գործընթացները մի կետում այլևս հնարավոր չի լինի իրականացնել առանց քաղաքական ուժերի:

Կցանկանամ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ օրվա իշխանությունը խոսում է լեգիտիմության հանրաքվեի մասին, իսկ դա չափազանց վտանգավոր է, քանի որ այդ պարագայում Արցախն իր սուբյեկտայնությունը ամբողջովին կկորցնի:

Ի՞նչ է նշանակում՝ գործող նախագահը լեգիտիմության հանրաքվե անցկացնի, դա որևէ օրենքով ամրագրված չէ, բացի այդ, դուրս է նաև տրամաբանությունից: Նման բան մենք թույլ չենք տալու, թող կազմակերպվեն ընտրություններ:

Արցախի բնակչությունն ու քաղաքական ուժերը նախագահի հավանական թեկնածու այս պահին ո՞ւմ են դիտարկում:

– Հիմա նախագահի թեկնածու դիտարկելու կարիքը բացարձակ չկա, այժմ պետք է դիտարկել ճգնաժամային իշխանության ձևավորումը, որտեղ չի լինելու միանձնյա որոշում, ցանկացած որոշում կլինի օրենքի սահմաններում:

Այնուհետև ընդունված կարգով թող քաղաքական հայտ ներկայացնեն ցանկացողները և իրականում՝ առանց որևէ տեխնոլոգիայի կիրառման, ժողովրդի ընտրությամբ ունենանք նոր նախագահ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am